Friday, December 30, 2011

Ադրբեջանական բանակում զենք կա, բայց ուժն ու հզորությունը բացակայում են. ադրբեջանական մամուլ

News.am. 30-12-2011- Ադրբեջանի քաղաքական իշխանությունները «պետք եղած դեպքում» կխոսեն Ղարաբաղը հետ վերադարձնելու մասին, սակայն իրականում Զինված ուժերում բացակայում է ուժն ու հզորությունը: Զենք կա, բայց ուժից ու կորովից խոսելն անիմաստ է: Նման եզրահանգման է եկել ադրբեջանական «Ազադլըգ» թերթի թղթակիցը, ով ադրբեջանական զորամասերում մեկ շաբաթ շարունակ ուսումնասիրություններ է կատարել: Նա իր հոդվածում նշում է, որ բոլոր զորամասերում իշխում է «դեդովշինայի» համակարգը, Զինվորները առաջնորդվում են իրենց իսկ կողմից սահմանված օրենքներով եւ իրենց «ստարշի» են զգում: Հոդվածի հեղինակը բոլոր խնդիրների արմատները տեսնում է Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի իրականացրած քաղաքականության մեջ: «Նա բարձիթողի վիճակում է թողել բանակը, որի արդյունքում էլ ստեղծվել է անտանելի վատ իրադրություն»,-գրում է «Ազադլըգ»-ի թղթակիցը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում մեծ տարածում են գտել Պաշտպանության նախարարի դեմ հրապարակումները:
Մասնավորապես NEWS.am-ը տեղեկացրել էր, որ վերջերս Ադրբեջանի ռազմական ակադեմիայի սպաները նամակներ են ուղարկում «Մուսավաթ» թերթի խմբագրություն: Վերջին նամակում նրանք մասնավորապես նշել էին. «Եթե ուսումնասիրեք Գլխավոր ռազմական ակադեմիայի եւ Գլխավոր ռազմական դպրոցի այս տարի ընդունվածների էթնիկ կազմը, ապա կսկեք խղճալ Ադրբեջանի թուրքերին: Մասնագետների 70 տոկոսը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներ են: Դա Սաֆար Աբիեւի «իմաստուն», «հեռատես» շովինիստական քաղաքականության դրսեւորումներից է: Ռազմական ուսումնական կառույցներում գործունեություն ծավալած էթնիկ փոքրամասնությունները մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության ապագայի համար»:

No comments: