Friday, December 30, 2011

Իրանում 3000–ից ավելի մարդ իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանական ընտրություններում

Tert.am. 29-12-2011- Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մուհամմեդ Նաջարը հայտարարել է, որ 2012թ. մարտին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար այս պահի դրությամբ արդեն 3004 մարդ է իր թեկնածությունն առաջադրել։
Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, գրանցված թեկնածուներից 205–ը կանայք են։
Դեկտեմբերի 24–ին Իրանում սկսվել է խորհրդարանի պատգամավորների թեկնածուների գրանցման գործընթացը։ Իրանի ընտրական օրենսգրքի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ։
Իրանի Մեջլիսն այժմ 290 պատգամավոր ունի։
Գործակալությունը ընդգծում է, որ քննարկվում է գալիք ընտրություններում պատգամավորների թիվը ևս 10–ով ավելացնելու հարցը։ Իրանական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ Իրանում 260 կուսակցություն է գրանցված, որոնցից 60 տոկոսն է գործում։
Իրանի քաղաքական սպեկտրը երեք ճամբարից է բաղկացած՝ բարեփոխիչներ, պահպանողականներ և այսպես կոչված «չափավոր» հայացքներ ունեցողներ։ Բարեփոխիչների ճամբարում 47, պահպանողականների ճամբարում 35, իսկ «չափավորների» ճամբարում 25 կուսակցություն է գործում։

No comments: