Saturday, December 24, 2011

Հայ-թուրքական հարաբերությունների տարին փակվեց թուրքական կրախով. թուրքագետ

Tert.am. 24-12-2011- «Դիտարկելով ընթացիկ տարին հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, կարող ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերություններն իրենց վերջակետը ստացան Ֆրանսիայում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծով` արձանագրելով թուրքական դիվանագիտության կրախը այս փուլում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` մի կողմից դա մեծ հաղթանակ էր, բայց պետք է ի նկատի ունենալ, որ քաղաքականությունը շահերի համընկնում է և պարզապես Հայաստանի համար այս հաղթանակը իրականում նշանակում է, որ այս պահին Հայաստանի և Ֆրանսիայի շահերը համընկան:
Անուշ Հովհաննիսյանի մեկնաբանմամբ` արևմտյան հանրությունը ցույց տվեց, որ Թուրքիան պատժվեց` իր խոստումները չկատարելու համար: Անդրադառնալով օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում դիտարկող տեսակետներին, Անուշ Հովհաննիսյանն ասաց. «Բայց չէ որ ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլ նաև իրավական կատեգորիա է, այնպես որ այն փաստարկները, որ օրինագծի ընդունումը խոսքի ազատության սահմանափակում է, կամ պատմաբանների քննարկման խնդիր, պարզապես փոշիանում են»:
Թուրքագետի կարծիքով` Ֆրանսիան կարող է օրինակ ծառայել այլ երկրներում, եթե ոչ նմանատիպ, ապա գոնե ցեղասպանության վերաբերյալ կոշտ բանաձևերի ընդունմանը:
«Օրինակ Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեման ակտիվ քննարկվում է, և Գերմանիայի ղեկավար շրջանակները խթանում են այդ թեմայի արծարծում, ինչը քննադատության է արժանանում Թուրքիայի կողմից, կարելի է ասել, որ Թուրքիան իր հավակնոտ քաղաքականությամբ արդեն զզվեցրել է Գերմանիային, այնպես որ միգուցե Գերմանիան էլ նման բանաձևեր ընդունի»,- հույս հայտնեց Անուշ Հովհաննիսյանը:

No comments: