Saturday, December 24, 2011

«Հայաստանը եզդիների համար դարձել է բացառիկ երկիր». փոխդեկան

Panorama.am. 24-12-2011- «Արտասահմանում շատերին դուր չի գալիս, որ Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիները պահպանում են իրենց ավանդական համայնքը», - այսօր կայացած «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր ժողովին հայտարարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների դոցենտ Վարդան Ոսկանյանը:
Նա շեշտեց, որ ավանդական համայնքով եզդիներն ապրում են միայն Հայաստանում և Հյուսիսային Իրաքում, իսկ Վրաստանում, ԱՊՀ և այլ երկրներում նրանք կորցրել են ազգային ինքանգիտակցությունը և քուրդ են համարվում:
Սակայն, ըստ գիտնականի, Հայաստանը դարձել է բացառիկ երկիր, որտեղ եզդին կարող է ոչ միայն պահպանել իր ազգային ինքնագիտակցությունը, այլ նաև զարգացնել մշակույթը:
«Հյուսիսային Իրաքում եզդիների իրավիճակը շատ բարդ է. նրանց ազգային ինքնագիտակցությունը ոչ միայն ենթարկվում է արտաքին ճնշումների, այլ նրանք կանգնած են նաև ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ», - ասաց նա, հիշեցնելով, որ ԽՍՀՄ տարիներին ևս տարվում էր ուծացման քաղաքականությունը և հայաստանաբնակ եզդիներին միտումնավոր որպես քուրդ էին ներկայացնում:
«Նման քաղաքականության զոհ ժամանակին դարձան և այժմ նույնպես իրենց վրա են զգում Ադրբեջանի ազգային փոքրամասնությունները», - շեշտեց գիտնականը: Նրա խոսքով` եզդիների հայաստանյան համայնքին վտանգում են նաև Հայաստանից արտասահման մեկնած քուրդ որոշ մտավորականներ, որոնք իրենց հրապարակումներում նշում են, թե «եզդի» ազգություն գոյություն չունի:

No comments: