Saturday, December 24, 2011

Իրանի դեմ ուժի կիրառումը կարող է կայծ հանդիսանալ և փոխել ուժերի հարաբերակցությունը ԼՂ հակամարտությունում. ռուս փորձագետ

Tert.am. 24-12-2011- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի (Ռուսաստան) պրոֆեսոր Ռուսլան Կոստյուկն ադրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում ասել է, թե Իրանի դեմ ուժի կիրառումը կարող է կայծ հանդիսանալ կրակի բռնկման համար և զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, այդ թվում՝ հայ–ադրբեջանական հակամարտությունում։
«Իրադրությունն Իրանում ամենաանմիջական կերպով ազդելու է տարածաշրջանի վրա։ Մենք հասկանում ենք, որ Իրանի դեմ կարող է ուժ կիրառվել։ Իրանի արտաքին քաղաքականությունը մոտ 30 տարի հակաամերիկյան է, և նման վարչակարգի ոչնչացումն ԱՄՆ–ի և Իսրայելի ռազմավարական նպատակն է։ Այլ հարց է, թե արդյոք նախագահական ընտրություններից առաջ դա պետք է Օբամային։ Իսրայելին դա ավելի շատ է պետք։ Ամեն դեպքում Իրանի շուրջ իրադարձությունները կարող են լրջորեն ազդել տարածաշրջանում ուժերի հարաբերակցության վրա»,–նշել է փորձագետը։

Կոստյուկը հավելել է, որ Իրանում իրադարձություններն այս կամ այն կերպ «անդրադառնալու են» նաև նրա մերձավոր հարևանների վրա։ «Մենք պետք է հաշվի առնենք, որ Իրանում բազմամիլիոնանոց ադրբեջանցի բնակչություն է ապրում, որը, տարբեր տվյալներով, այդքան էլ գոհ չէ այդ երկրում իրենց կարգավիճակից։ Պետք է նաև հաշվի առնել Իրանի դերն իսլամական աշխարհում, նրա դերը ղարաբաղյան հակամարտությունում, Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Այնպես որ, իրադարձություններն Իրանում, անկասկած, կարող են առնչվել մերձավոր հարևաններին։ Ես, իհարկե, չեմ կարող ասել, որ իրադարձություններն Իրանում «քանդելու են» հայ–ադրբեջանական հակամարտությունում առկա վիճակը, շատ անմիջական կապ չկա։ Դրանք, սակայն, կարող են կայծ հանդիսանալ և զգալիրորեն փոխել ուժերի հարաբերակցությունը, և ես կասեի՝ ոչ հօգուտ Հայաստանի»։

Նշենք, որ Իրանի վրա Իսրայելի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև դեկտեմբերի 25–ը՝ Սուրբ ծնունդը։

No comments: