Saturday, December 24, 2011

«Ռուսական թեման» սկսում է «խաղարկվել»

Իրանական հարցում Ռուսաստանի ու Արևմուտքի դիրքորոշումների մերձեցման կապակցությամբ «ռուսական թեման» սկսում է խաղարկվել Իրանի քաղաքական ղեկավարության ապարատային խաղերում։
Ներկայում Իրանում տեղի է ունենում ուժի կենտրոնի մանրատում, և առաջանում են երեք կամ չորս հիմնական ուժի կենտրոններ, որոնք այս կամ այն չափով ազդում են արտաքին քաղաքականության ձևավորման վրա։
Բնականաբար, երկրի արտաքին քաղաքականության ձևավորման առաջատար կենտրոնը Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդն (ԱԱԲԽ) է, որը գլխավորում է անմիջականորեն այաթոլլա Խամենեին։
ԱԱԲԽ-ն ջանում է Իրանի արտաքին գործերի նախարարությանն ու Մեջլիսին (խորհրդարան) զրկել որոշումներ կայացնելու և արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից։ Դա լիովին համաձայնեցվում է իսլամական հեղափոխության առաջնորդի և նախագահ Ահմադինեժադի դիրքորոշման հետ, թեև ԱԱԲԽ ներսում ավելի ու ավելի են տարբեր հայացքներ ու դիրքորոշումներ առաջանում արտաքին քաղաքականության առնչությամբ։ ԱԱԲԽ-ին հատուկ են պահպանողականությունն ու աշխատանքի բյուրոկրատական ոճը, չվստահելն ու դանդաղկոտությունը կարևորագույն որոշումների ընդունման գործում, եթե անգամ խոսքը շատ օրախնդիր հարցերի մասին է։
Իրանի արտգործնախարարությունն առավել ազատական օղակ է կառավարությունում, այդ գերատեսչությունը գլխավորում է առավել ազատական և ստեղծագործ ոճի քաղգործիչ` Մանուչեհր Մոթաքին, որն ավելի վաղ հավակնում էր նախագահի աթոռին։ Արտգործնախարարությանը հատուկ են ամենատարբեր հայացքները արտքաղաքական գործընթացների վերաբերմամբ, այդ հիմնարկությունում շատ են դժգոհ անձինք, այդ թվում` առաջատար դիվանագետների շրջանում, ովքեր կուզեին ավելի մեծ ազատություն ունենալ որոշումների մշակման և ընդունման հարցում։
Իրանի Մեջլիսը առավել հարմարեցված է արտաքին քաղաքականությանը միջամտելու համար, այստեղ կա արտքաղաքական գործերի կոմիտե, որի շուրջ էլ տեղի են ունենում բանավեճերը և երկրի ղեկավարությանը պարտադրելու փորձերը։
Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին բավական ճանաչված ու անկախ գործիչ է, եղել է նախագահի պոստի հավակնորդ և ձգտում է հաստատել իր դիրքորոշումն արտաքին քաղաքականության մեջ։ ՈՒժի այդ երեք կենտրոնները հավասարարժեք չեն, արտաքին քաղաքականությանը մասնակցում են պաշտոնապես և ոչ պաշտոնապես։
Ռուսաստանի հանդեպ ծագած խնդիրները, որոնց պատճառն Իրանի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման որոշ փոփոխությունն է, հանգեցրին ներքաղաքական բանավեճի և ի հայտ բերեցին ԱԱԲԽ-ի, արտգործնախարարության և խորհրդարանի վաղեմի մոտեցումները տվյալ հարցի առնչությամբ։ Ինչ-որ չափով արտգործնախարարությունն ու խորհրդարանը ձգտում են միավորել ջանքերը ԱԱԲԽ-ին հակազդելու համար, բայց դա արվում է ոչ թե կոալիցիայի ձևով, այլ ելնելով տարբեր քաղգործիչների ու աչքի ընկնող պաշտոնատար անձանց շահերից և հայացքներից։
Ըստ էության, ԱԳՆ-ն վաղուց էր պնդում, թե Ռուսաստանը վաղ թե ուշ կփոխի իր դիրքորոշումը, և առաջարկում էր երկրի արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերը լուծել ոչ թե Ռուսաստանի և Չինաստանի հետ թույլ համաձայնություններով, այլ Արևմուտքի առաջատար պետությունների։ Խորհրդարանում շատերն այն կարծիքին են, որ նախագահ Ահմադինեժադի անձնական դիրքորոշումն ու անհավասարակշիռ վարքագիծը նպաստել են այն բանին, որ Մոսկվան զգուշավորությամբ է վերաբերվում Իրանի դիրքորոշմանն ու քաղաքականությանը։
Սակայն, ընդհանուր առմամբ, Մ. Մոթաքին և Ա. Լարիջանին, եղած տեղեկությունների համաձայն, համերաշխ են այն հարցում, որ «միջուկային» երկխոսությունում Թեհրանը գլխավոր շեշտը պետք է դնի Արևմուտքի վրա։ Նրանց համոզմամբ, եթե Իրանին հաջողվի գոնե մասամբ կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ, ապա կկարողանա փոխել իրավիճակը նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Օրինակ, հանդես գալով խորհրդարանում, Մ. Մոթաքին և Ա. Լարիջանին բառացիորեն մի այսպիսի միտք արտահայտեցին. Չինաստանն ավելի անկախ երկիր է, քան Ռուսաստանը, և Ռուսաստանը հարկադրված է, այսպես թե այնպես, զիջումներ անելու Արևմուտքին, ինչը պետք էր հասկանալ ավելի շուտ։ ԱԱԲԽ գլխավոր քարտուղար Սեիդ Ջալալին աշխատում է հավասարակշռել կողմերի դիրքորոշումները, բայց հարկադրված է բացարձակ կոռեկտ լինել նախագահի դիրքորոշման նկատմամբ։ Միաժամանակ, եղած տեղեկությունների համաձայն, ԱԱԲԽ-ն դանդաղորեն, բայց վստահաբար մոտենում է այն կարծիքին, որ գոյություն ունի իրանական հանրության ավելի լայն խավերի շրջանում, այն է` հենց Արևմուտքի հետ հարաբերություններում է լուծվում Իրանի ազգային անվտանգության ճակատագիրը։
Պետք է ասել, որ Եվրոպայի առաջատար պետությունների հետ Իրանի մերձեցման գաղափարը խիստ ընդունելի է Իրանում, և դա կարող է նպաստել այն բանի ըմբռնմանը, որ եվրոպական երկրների ու Ռուսաստանի դիրքերի մերձեցումը կհանգեցնի ուժի համաշխարհային ավելի հզոր կենտրոնի ստեղծմանը և դրանով իսկ Իրանին հնարավորություն կընձեռի իր խնդիրները լուծելու ոչ ԱՄՆ-ի վերահսկողությամբ և որոշիչ ազդեցությամբ։ ԱԳՆ-ի և ԱԱԲԽ-ի` Իրանի հարևան երկրներում աշխատող ոչ բարձրաստիճան պաշտոնյաների կարծիքով, Ռուսաստանի քաղաքականությունն իրատեսական և շահեկան է ներկա միջազգային իրավիճակում։
Այդ գործընթացները շատ են հիշեցնում այն, որ Իրանը մոտ է որոշ նոր լուծումների, որոնք կամ երկիրը դուրս կբերեն Արևմուտքի հետ հարաբերությունների ճգնաժամից, կամ էլ, ընդհակառակը, կհանգեցնեն մարտական գործողությունների սանձազերծմանը։ Ցավոք, սրանք Իրանում տիրող իրավիճակի ընդհանուր գնահատականներն են միայն ռուսական թեմայի քննարկման շրջանակներում։
Ներկայում իրանական դիվանագետներին, գործարարներին, լրագրողներին, թարգմանիչներին, բոլոր նրանց, ովքեր շփումներ են ունենում ռուսական ընկերությունների, ինստիտուտների ու ստեղծագործական բնույթի տարատեսակ միավորումների ներկայացուցիչների հետ, հանձնարարված է քաղել այդ ներկայացուցիչների կարծիքները, հայացքներն ու դիրքորոշումները պատժամիջոցների և Իրանի շրջափակմանը Ռուսաստանի մասնակցության առնչությամբ, շրջափակում, որ ուզում է կազմակերպել ԱՄՆ-ը։
Այդ աշխատանքի շնորհիվ իրանցիները փորձում են նշել Ռուսաստանում գործուն լոբբիստական խմբի հնարավոր ստեղծման ուրվագծերն ու գաղափարախոսությունը։ Այդ աշխատանքի ընթացքում ակներև են դառնում Հայաստանի քաղաքացիների հնարավորությունները` գտնելու և ներգրավելու Ռուսաստանի անհատ քաղաքացիների ու պաշտոնատար անձանց, առանձին ընկերությունների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների, որոնք կարող էին ընդգրկվել իրանամետ աջակցական գործունեության մեջ։
Որոշակի հետաքրքրություն են առաջացնում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական և կոմունիստական կուսակցությունները, Պետական դումայի պատգամավորների առանձին խմբեր և մանր քաղաքական կուսակցություններ։ ՈՒշադրությամբ ծանոթանում են ռուս այն վերլուծաբանների գործերին, ովքեր կապված են կամ հայրենասիրական թևի, կամ ամերիկյան, բրիտանական, իսրայելական հատուկ ծառայությունների հետ։
Մասնավորապես, հետաքրքրություն է ցուցաբերվել Իգոր Յուրգենսի նկատմամբ, որը նորաստեղծ հետազոտական կենտրոնի ղեկավարն է և, առկա տեղեկությունների համաձայն, աշխատում է Ռուսաստանի նախագահի օգտին։
Իրանցիների ունեցած տեղեկությունների համաձայն, Իգոր Յուրգենսը կատարում է «դեսպանորդի» կամ «մենեջերի» դեր, որը կոչված է ավելի սերտ հարաբերություններ ստեղծելու Ռուսաստանի նախագահի և Արևմուտքի միջև։ Ըստ երևույթին, Իգոր Յուրգենսն ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական հանրության վերին խավերի հետ շփվելիս ազդանշաններ է հաղորդել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է խաղի նոր կանոնների` Իրանի հետ հարաբերություններում։
Իրանցիները նույնպիսի հետաքրքրություն են դրսևորել նաև Սերգեյ Մարկինի նկատմամբ` մի քաղաքագետի ու վերլուծական կենտրոնի ղեկավարի, որը, իբր, մոտ է ԱՄՆ-ի նախագահի` Ռուսաստանի ու Եվրասիայի գծով խորհրդական Մայքլ Մաքֆոլի հետ։
Այսպիսով, իրանցիներն աշխատում են պարզել ընդհանուր և մանրամասն պատկերն այն բանի, թե ով և որ ուղղությամբ է մշակում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը, ինչպես են շրջանառվում վերլուծական և նախագծային մշակումները։ Եթե մեկ տարի առաջ Իրանի Ազգային անվտանգության խորհրդում նախընտրում էին այն վարկածը, թե Ռուսաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունում կա որոշումների ընդունման հավակնորդ քաղգործիչների երկու «ճամբար», այժմ նման վարկած այլևս չկա, և Թեհրանում ափսոսանքով են արձանագրել, որ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունների առումով Մոսկվայում դիրքորոշումների միասնություն է։
Առաջ Թեհրանում նկատի էր առնվում, որ Ռուսաստանի քաղաքականության ուղղությունում գործերն այնքան էլ հաջող չեն, և Ռուսաստանը շեշտը դնում էր իսլամական խոշոր պետությունների և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման վրա։ Ընդ որում, ռուսական քաղաքականության չինական ուղղությունը Մոսկվայի իրանամետ նախապատվությունների եթե ոչ երաշխիք, ապա կարևոր գործոն է։ Այժմ պարզվել է, որ այդ դատողություններն անհիմն էին, և Ռուսաստանը որպես գերակայություն ընտրել է Արևմուտքի հետ գործակցության ուղին։
Իրանը ձեռնամուխ է եղել Ռուսաստանի առնչությամբ նոր քաղաքականության իմաստավորմանն ու ձևակերպմանը, որը դառնալու է երկրի ղեկավարության առանձնակի ուշադրության առարկան։ Թեհրանում հասկացել են, որ իրենք շատ են սխալվել` լուրջ նշանակություն չտալով առաջատար եվրոպական պետությունների և ԱՄՆ-ի շահերի հետ Ռուսաստանի դիրքորոշումների մերձեցման հնարավորությանը։
Առայժմ ռուս դիվանագետները քիչ թե շատ «խելքին մոտ» բացատրություն չեն տալիս Իրանի հանդեպ ռուսական քաղաքականության հնարավոր հեռանկարին, ինչպես նաև այդ թեմայով արևմտյան պետությունների հետ համագործակցության ենթադրյալ շրջանակներին։ Ռուսաստանի հանդեպ կառուցելով նոր քաղաքականություն, իրանցի քաղգործիչները, իհարկե, առանձնակի ուշադրություն կնվիրեն տարածաշրջանային քաղաքականությանը և կբռնեն մի դիրք, որի դեպքում Իրանն իր քաղաքականությունը կաշխատի չհամաձայնեցնել Ռուսաստանի հետ։
Հարավային Օսիայում պատերազմական գործողություններից ոչ շատ առաջ իրանցիները մեծ հետաքրքրություն էին հանդես բերում Հարավային Օսիայում և Աբխազիայում իրենց ներկայությունը ցուցադրելու հնարավորության նկատմամբ, ինչպես իրենք էին բացատրում` ցանկանալով ծառայություն մատուցել Ռուսաստանին։ Հայ փորձագետների օգնությամբ իրանցի դիվանագետները նախանշեցին այդ երկու հանրապետություններում Իրանի ներկայության գաղափարախոսությունն ու հետևողականությունը, ուշադրության առնելով, որ օսերն ազգային ծագմամբ իրանցիներ են, խոսում են հյուսիսային իրանցիների լեզվով։
Ներկայում ինչ-որ տարօրինակ ու ոչ այնքան հասկանալի բան է տեղի ունենում` կապված Վրաստանի հետ Իրանի մերձեցման փորձերի հետ։ Հատկանշական է, որ վրաց ղեկավարության և հանրության շրջանում մեծանում է հետաքրքրությունը Իրանի նկատմամբ, ընդ որում, կասկած չկա, որ դա տեղի է ունենում հակառուսական տրամադրությունների հիմքի վրա։
Վրաստանում Իրանի դեսպանության մշակութային կենտրոնում կանոնավորապես հանդիպումներ են լինում վրացի պատգամավորների, քաղգործիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Փաստորեն, այդ հիմնարկությունը վերածվել է ասես քաղաքական ակումբի, ուր ակտիվորեն քննարկվում են վրաց-իրանական և վրաց-ռուսական հարաբերությունների թեմաները։ Եթե առաջ իրանցիները ներդրումներն ու իրանա-հայկական սահմանից մինչև վրացական նավահանգիստներ ավտոմայրուղու կառուցումը բացահայտորեն կապում էին Մ. Սաակաշվիլու պաշտոնանկության հետ, այժմ այդ ծրագրերն սկսել են իրագործվել Ասիական բանկի մասնակցությամբ, իրանցիները համարում են, որ Վրաստանի ներքաղաքական իրավիճակում փոփոխություններ չի կարելի սպասել։
Իրանի աշխարհաքաղաքական ակտիվության առումով քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով Վրաստանին իրանական գազի մատակարարման հնարավորության հարցերը։ Դա կիրագործվի, եթե նկատի ունենանք, որ հաճախացել են Վրաստանի և Իրանի տրանսպորտի ու էներգետիկ գերատեսչությունների ներկայացուցիչների փոխայցելությունները։
Ներկայում Մեծ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իրանի միջև դիվանագիտական դիմակայություն է տեղի ունենում Իրանի շրջափակման ձևավորման խնդրի առնչությամբ, որը, ԱՄՆ-ի մտահղացմամբ, պետք է կրի փոխադրական, տնտեսական և գործառական բնույթ։ Այդ խնդիրների կապակցությամբ տարածաշրջան այցելություններ է կատարել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը, որը եղել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Աֆղանստանում և, միանգամայն առարկայնորեն այդ երկրների ղեկավարների հետ քննարկել է Իրանի շրջափակման հնարավորությունը։
Միաժամանակ, Իրանը ձգտում է արագացնել հարևան պետությունների հետ ունեցած վիճելի հարցերի լուծումը, որպեսզի թույլ չտա այդ շրջափակման ձևավորումը։
Օրինակ, Իրանը համաձայնագիր է կնքել Քուվեյթի, Կատարի և Բահրեյնի հետ` երրորդ երկրների հարձակման համար այդ պետությունների տարածքը չօգտագործելու մասին։ Իրանը ձգտում է հնարավորինս շուտ լուծել Կասպից ծովի խնդիրը` չլուծված խնդիրների վերաբերյալ համաձայնության գալով մերձկասպյան պետությունների հետ։ Կենտրոնական Ասիայում Իրանը ջանում է շահագրգռել Թուրքմենստանին ու Ղազախստանին` հարաբերությունների զարգացման, նոր հաղորդուղիների կառուցման հարցում` նպատակ ունենալով կանխել նրանց մասնակցությունը հնարավոր շրջափակմանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանը հասել է առևտրի ասպարեզում մաքսատուրքերի վերացման կանոններ սահմանելու համաձայնագրի կնքմանը։ Բացի այդ, Իրանը Հայաստանի հետ հատուկ պայմանագիր ունի միմյանց շրջափակմանը մասնակցություն թույլ չտալու վերաբերյալ։ Այդ գործընթացների պայմաններում հարկ է նշել Իրանի հետաքրքրությունը երկրի շրջափակման ձևավորմանը Ռուսաստանի մասնակցության հնարավորության նկատմամբ։
Հատկանշական է այն փաստը, որ եթե առաջ իրանցիները Հայաստանում օգտվում էին ռուսամետ կողմնորոշման փորձագետների ծառայություններից, այժմ փորձում են կապեր հաստատել նաև այլ ուղղվածության փորձագետների հետ, որոնք ընդունակ են առաջարկելու, առավել ևս մշակելու իրանցիների համար առարկայական նախագծեր։ Իրանցիները երկար ժամանակ օգտվում էին հայ փորձագետների ծառայություններից (ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի)` հատկապես Կովկասի, Կենտրոնական Ասիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի խնդիրների առնչությամբ։ Թեհրանը շարունակում է Հայաստանը համարել քաղաքական խնդիրներին վերաբերող տեղեկությունների ու առաջարկությունների «կենտրոնակայան»։ (Իրանի համար այդպիսի մեկ այլ երկիր դարձավ Լիբանանը)։
Օրինակ, հայերի օգնությամբ Թեհրանը ֆինանսավորել է Երևանում իրանագիտական հետազոտությունների` աշխարհի կարևոր կենտրոններից մեկի զարգացումը։ Այն լիովին անկախ է աշխարհի մյուս բոլոր նմանատիպ կենտրոններից, որոնք գործում են հրեաների վերահսկողության ներքո։
Այդ հանգամանքը շատ կարևոր է թվում Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Ռուսաստանի և Թուրքիայի վերաբերյալ առաջարկությունների մշակման գործում հայ փորձագետների դերի դիտարկման համատեքստում։ Իրանցիները հասկանում են դա և աշխատում են օգտվել այդ տեղեկատվական-վերլուծական ռեսուրսից։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո

No comments: