Saturday, December 24, 2011

Թուրքիայի իշխանությունն անլուրջ է

«Լրագիր» 24-12-2011- Այնպիսի տպավորություն է, որ Հայկական հարցը, եթե մինչ այժմ դիտարկվում էր եթե ոչ հումանիտար, ապա գոնե աշխարհաքաղաքական հարթությունում, այժմ է վեր է ածվում Էրդողանի եւ Սարկոզիի միջեւ միջանձնային վեճի: Թուրքիայի վարչապետը մեղադրել է Սարկոզիի հորը 1945 թ. ալժիրցիների կոտորածի համար: Սարկոզիի հայրը մեղադրանքներն անլուրջ է անվանել:
Իրոք, Թուրքիայի ղեկավարության արձագանքը Ֆրանսիայում հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնող օրենքի ընդունմանը բավական անլուրջ է: Թուրքիայի ղեկավարությունը կամ խուճապի մեջ է, հասկանալով, որ սրանք առաջին «ծիծեռնակներն են», կամ էլ Թուրքիան բազմաթիվ «կայսերական» դարերի ընթացքում այդպես էլ չի կարողացել ադեկվատ էլիտա ձեւավորել, որն ընդունակ կլինի մտնել «ընտրյալների ակումբ»: Չնայած այն բանին, որ Թուրքիան G 20-ի անդամ է, եւ առաջատար տերությունները ձեւ են անում, որ խորհրդակցում են նրա հետ, արդյունքում Թուրքիան ամեն անգամ հայտնվում է օգտագործված շերեփի դերում:
Ահա այժմ էլ հայկական հարցով Թուրքիան իր մեջ ուժ չի գտել ադեկվատ քայլեր ձեռնարկել: Էրդողանը հասկանում է, որ պատային իրավիճակում է հայտնվել, եւ ցեղասպանության ժխտումն ու ներկայիս նյարդային արձագանքը պարզապես վերջակետ կդնեն Թուրքիայի ԵՄ մտնելու վրա: Եվ եթե թուրքական հասարակությունը կարող է ներել Էրդողանին եվրոպական ճանապարհից հրաժարվելու համար, ապա ոչ ոք նրան չի ների մասնատումը:
Թուրքական վերնախավի անլրջության պատճառը նրա ավելորդ էքսպանսիոնիզմն ու հավակնոտությունն է: Հսկայական տարածք, շահավետ աշխարահաքաղաքական դիրք զբաղեցնելով՝ Թուրքիան չի կարողանում որոշել աշխարհում իր տեղը եւ բավարարվել եղածով: Անկարան կայսերական նախագծեր է մշակում, փորձում է իրականացնել դրանք, չհասկանալով, որ իր գործընկերների դիվանագիտական ժպիտների տակ թաքնված են բավական կոշտ որոշումներ, եւ ոչ ոք չի զիջի առաջատարությունը:
Չնայած Քադդաֆիին հեռացնելու հարցում Էրդողանի ակտիվ մասնակցությանը, Ասադին ուղղված նրա կոչերին, թուրքական վարչապետին այդպես էլ չընդունեցին «ընտրյալների ակումբում»: Այժմ, ըստ ամենայնի, քադդաֆիից ու Ասադից հետո կգա նաեւ Էրդողանի հերթը:
Իզուր չէ, որ համաշխարհային մամուլն ակտիվորեն տիրաժավորում է Ֆրանսիայի ընդունած, կարծես թե աննշան թվացող որոշման վերաբերյալ տեղեկությունը: Սլաքներն ակնհայտորեն ոչ թե Թուրքիայի դեմ են ուղղված, այլ Էրդողանի եւ իր «հեռատես» ԱԳ նախարար Դավութօղլուի վրա: Քաղաքական ֆալստարտերը, վազանցումները եւ ավելորդ «խիզախությունը» չեն ներվում «ակումբում», եւ, հնարավոր է, Էրդողանի դեմ գործընթացն արդեն սկսվել է: Հատկանշական է, որ շուտով Թուրքիայում նախագահական ընտրություններ են սպասվում, եւ Էրդողանը ձգտում է թուրքերի նոր հոր դերին:
Հազիվ թե Էրդողանը չի զգում, թե ինչպես է իր շուրջը սեղմվում հանգույցը: Գլխավորը նա հասկանում է, որ իր ցանկացած շարժում իր դեմ է դուրս գալու, այդ պատճառով էլ նյարդայնանում է:
Ափսոս միայն, որ այս գործընթացում գործիք է դառնում Հայկական հարցը, եւ դա ավելի կմեծացնի հայերի ու թուրքերի միջեւ անդունդը:
Նաիրա Հայրումյան

No comments: