Monday, December 26, 2011

Դ. Մեդվեդև. ԼՂ հակամարտությունը հնարավոր է լուծել հիմա

Panorama.am. 26.12.2011- Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը ադրբեջանական «AZTV» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հեռանկարների վերաբերյալ հարցին, նշելով, թե այն միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որն հնարավոր է լուծել հիմա:
«Ճանապարհը մեկն է` պայմանավորվել, քանի որ պայմանավորվածություններին այլընտրանք գոյություն չունի, միակ այլընտրանքը վատն է` պատերազմ», - ասել է ՌԴ ղեկավարը:
Մեդվեդևի խոսքերով, վերջին մի քանի տարիների ընթացքում իր միջնորդությամբ ութ հանդիպում է անցկացվել եռակողմ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, ինչը եղել է «մեծ, լավ աշխատանք, քանի որ հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները»:
«Պայմանավործություն ձեռք բերելու ներուժ, իհարկե, կա: Իմ կարծիքով, դա կարող է տեղի ունենալ, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը միակն է հետխորհրդային տարածքում, որը կարելի է կարգավորել հիմա: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորություններից և ցանկությունից: Ասեմ ուղիղ, հեշտ որոշումներ չեն լինում», - ընդգծել է ՌԴ նախագահը, հավելելով, թե պայմանավորվել հնարավոր է միայն փոխզիջումային տարբերակի հիման վրա:
Մեդվեդևը նշել է, թե ԵԱՀԿ մյուս համանախագահ երկրների հետ հետագայում ևս ջանքեր է գործադրելու խնդրի խաղաղ կարգավորման համար և որ այդ մասին վերջերս զրուցել է թե' ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, թե' Ֆրանսիայի ղեկավար Նիկոլա Սարկոզիի հետ:

No comments: