Friday, December 30, 2011

Թե ինչու Կոսովոյի արտգործնախարարը մերժեց Վասիլի Աթաջանյանի առաջարկը. The Economist

Tert.am. 29-12-2011- «Լեռնային Ղարաբաղի գործող արտգործնախարար Վասիլի Աթաջանյանն որոշ ժամանակ առաջ ինձ ասաց, որ իր երկիրը կճանաչի Կոսովոյի անկախությունը, եթե նախկին հարավսլավական նահանգը նույնն անի։ Ես այդ «մեսիջը» փոխանցեցի Կոսովոյի արտգործնախարար Էնվեր Հոքսհաջին։ Նա հրաժարվեց ընդունել իր գործընկերոջ առաջարկը, սակայն երկար մտածեց՝ առաջարկը քաղաքավարիությամբ մերժելու համար,–«Անկախացած պետությունները» վերտառությամբ հոդվածում գրում է բրիտանական The Economist պարբերականի հոդվածագիրը և հավելում,– Այդ փոքր դրվագը շատ բան է ասում միջազգային հարաբերություններում առկա իրական քաղաքականության մասին, հատկապես, երբ խոսքը փոքր պետությունների մասին է»։
Հոդվածագիրն այնուհետ նշում է, որ սովետական ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղը մեծամասամբ հայերով բնակեցված ինքնավար շրջան էր Ադրբեջանի կազմում, իսկ Կոսովոն՝ Հարավսլավիայի պետության գոյության ժամանակաշրջանում՝ մեծամասամբ ալբանացիներով բնակեցված Սերբիայի ինքնավար նահանգ։
«Հայերն ադրբեջանցիների դեմ պատերազմ մղեցին 1990–ական թթ. սկզբներին, իսկ սերբերի դեմ Կոսովոյի ալբանացիները պատերազմ մղեցին 1998–1999թթ.։ Լեռնային Ղարաբաղն իր անկախությունը հռչակեց 1991թ.։ Իսկ Սերբիայի վարչակազմն ու անվտանգության ուժերը Կոսովոյից ՆԱՏՕ–ի ուժերի կողմից վտարվեցին 1999թ.։ Շրջանն այնուհետ անցավ Միավորված ազգերի կազմակերպության հսկողության ներքո։ Այն իր անկախությունը հռչակեց 2008թ»,– նշվում է հոդվածում։
Հոդվածագիրը ընդգծում է, որ առաջին հայացքից Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի միջև մի շարք նմանանություններ կան, սակայն տարբերություններն էլ շատ են։ «Որևէ երկիր չի ճանաչել ԼՂ անկախությունը, սակայն ավելի քան 80 երկիր ճանաչել է Կոսովոյի անկախությունը»,–գրում է նա՝ ավելացնելով, թե չնայած այն հանգամանքին, որ արևմտյան երկրները ընդգծում են, որ Կոսովոյի դեպքը նախադեպ չի կարող հանդիսանալ մյուս երկրների համար, Ստեփանակերտում «այլ կերպ են մտածում»։
«ԱԳՆ պաշտոնյա Մարսել Պետրոսյանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ պետություն ճանաչվելու համար, ավելի ուժեղ փաստարկներ ունի, քան Կոսովոն։ Նա նշում է, որ Կոսովոն ճանաչած եվրոպական և մյուս երկրները երկակի ստանդարտներով են առաջնորդվում։ Իսկ պարոն Աթաջանյան այդ հարցին այս կերպ է արձագանքում՝ «Մենք Կոոսովոն որպես նախադեպ ենք դիտարկում։ Դա վառ օրինակ է առ այն, թե ինչպես կարող են լուծվել մեր հակամարտության նման հակամարտությունները»,– պաշտոնյաների խոսքերն է մեջբերում հոդվածագիրը։

Հեղինակը գրում է, որ հայերն ու կոսովացիները շարունակում են պնդել ազգերի ինքնորոշման իրենց իրավունքը, իսկ ահա Ադրբեջանն ու Սերբիան պաշտպանում են տարածքային ամողջականության իրավունքը։

«Որ կողմ էլ նայես, հակասություն կա։ Սերբիայի դաշնակից Ռուսաստանը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն, ի տարբերություն արևմտյան երկրների, 2008թ. Վրաստանի հետ պատերազմից հետո ճանաչեց անջատողական Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Սերբիան կցանկանար ընդհանուր գործ ունենալ Վրաստանի հետ, սակայն չի ցանկանում բարկացնել Ռուսաստանին։ Վրաստանն էլ նմանապես Սերբիայի հետ «չի աշխատի»՝ ԱՄՆ–ի հետ հարաբերությունները չվնասելու համար»։

«Նույն կերպ էլ հայերն են ստիպված Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար խորաթափանց փաստարկներ բերել, որպեսզի չթշնամանան Ռուսաստանի հետ։ Հայաստանը փաստացի չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի մասին նա հիշեցնում է ամերիկացի դիվանագետներին, երբ նրանք գալիս ու կոչ են անում ճանաչել Կոսովոյի անկախությունը»։
Հոդվածագիրն այնուհետև անդրադառնում է հայ լրագրող և հասարակական ակտիվիստ Հայկ Խանումյանին և Կոսովոյի և ԼՂ–ի առնչությամբ նրա նոր փաստարկներին։ «Նա ասում է, որ Կոսովոն Սերբիայի պատմական շրջանն է, որն ալբանացիները նվաճել են (ալբանացիներն, իհարկե, չեն համաձայնի այդ փաստարկի հետ)»,– գրում է նա և ներկայացնում Նախիջևանի հետ կապված Խանումյանի փաստարկը։ «Խանումյանն ասում է, որ Նախիջևանը հայկական տարածք է եղել, որը հետագայում նվաճել են ադրբեջանցիները, ինչպես որ ալբանացիները նվաճել են Կոսովոն։ Իսկ Լեռնային Ղարաբաղը, հակառակը, չի նվաճվել և պետք է պաշտպանվի»։

«Վերադառնանք Հոքսհաջին: Պարոն Աթաջանյանին ուղղված նրա «մեսիջը» հետևյալն էր՝ Կոսովոն կարող է պաշտոնական հարաբերությոններ ունենալ ՄԱԿ–ի անդամների հետ, չնայած որ չի անդամակցում դրան։ «Մենք հասկանում ենք մյուսների ձգտումները, բայց մենք պետք է զգույշ լինենք,–ասաց նա,– Մենք չենք կարող ձևավորել մյուս փոքր ժողովուրդների ճակատագիրը, սակայն պետք է պաշտպանենք այն, ինչ ունեք, և երբեմն ոչինչ չանելն ավելի լավ է, քան սխալ գործելը»։
«Այլ կերպ ասած՝ ինչպես որ հայերն են կարեկցում կոսովացիներին, բայց չեն ցանկանում ռուսներին բարկացնել, այնպես էլ կոսովացիները չեն ցանկանում նյարդայնացնել իրենց արևմտյան հովանավորներին։ Այսպիսին են դիվանագիտության հիմքերը միջազգային հարաբերությունների աղջամուղջում, որի մեջ փոքր պետություններն ու ազգերը պետք է խորամանկ քայլերի դիմեն՝ իրենց ազգային շահերը լավագույնս պաշտպանելու համար»,–եզրափակում է հոդվածագիրը։

No comments: