Saturday, December 24, 2011

Եթե Ֆրանսիան տեղի տար Թուրքիայի շանտաժին, ապա ֆաշիզմն արդեն շեմին կլիներ. Le Nouvel Observateur

Tert.am. 23-12-2011- Լրագրող Իվ Պակալեն ֆրանսիական Le Nouvel Observateur-ի իր հոդվածում գրում է. «Թուրքիան մեծ պետություն է, սակայն այն առանց խղճի խայթի սպառնում է մեր ժողովրդավարությանը, պահանջելով հետ կանչել օրինագիծը: Այն ճնշում է գործադրում ոչ միայն դիվանագիտության, այլ նաև լրատվամիջոցների միջոցով: Այն գրեթե սպառնում է առևտրային պատժամիջոցներով: Հենց Թուրքիան է ծածուկ կազմակերպել խորհրդարանի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիան: Հենց այդպես է երևում պետության իրական դեմքը: Խոստովանում եմ, որ այսօր ցանկություն չունեմ, որ Թուրքիան երբևէ դառնա Եվրամիության անդամ:
Որոշ քաղաքական գործիչներ փաստարկում են ,որ օրինագիծը նախընտրական ուղղվածություն ունի: Համամիտ եմ, որ գործող նախագահը կիրառում է բոլոր միջոցները վերընտրվելու համար:
Սակայն այժմ, խոսքը դրա մասին չէ: Խոսքն ավելի զգալի երևույթի մասին է` պատմության նկատմամբ հարգանքի ու ժողովրդավարական գործընթացների պահպանման մասին է:

1915-ին թուրքերը հայերին ոչնչացրել են ամենասարսափելի ձևով` համակարգված, նպատակաուղղված, կազմակերպված և ցավոք արդյունավետ, ինչը միանշանակորեն համապատասխանում է ցեղասպանության չափանիշներին: Ահաբեկչության սանդղակով նրանք հասել են բարձրագույն աստիճանի, և դա, առանց հաշվի առնելու գաղութացման հանցագործությունները: Բարբարոսության աստիճանով, հայերի ցեղասպանությունը զիջում է միայն Հոլոքոսթին:
Եթե Ֆրանսիան ու Եվրոպան տեղի տային Թուրքիայի շանտաժին, ապա պետք էր մտահոգվել, որ ֆաշիզմն արդեն շեմին է: եթե մեր պետությունը հետաձգեր քննարկումը կամ եթե մեր պատգամավորները դեմ քվեարկեին, ապա Ժան-Մարի և Մարին Լե Պենների կողմնակիցները կանցնեին Ելիսեյան դաշտերով և հիտլերյան ճամբարներում հրեաների ոչնչացման փաստի հերքման իրավունք կպահանջեին»:

No comments: