Thursday, February 2, 2012

Ֆրանսիացի պատգամավորների շրջանում մենք շատ ուժեղ լոբբինգ արեցինք. Չավուշօղլու

Tert.am. 2-2-2012- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ողջունել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի բողոքարկումը: Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում): Օրինագծին դեմ հանդես եկած խորհրդարանականները, դրա սահմանադրականությունը վիճարկելու նպատակով, հունվարի 31-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդ դիմում ներկայացրեցին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական1news.az կայքը, ազգությամբ թուրք Չավուշօղլուն ողջունել է ֆրանսիացի օրենսդիրների այդ քայլը և նշել, որ Թուրքիային հաջողվեց «ամրությունը ներսից քանդել»: «Այդ հարցում մեծ օգնություն ցուցաբերեց նաև Ադրբեջանը: Մենք շատ ուժեղ լոբբիստական քարոզարշավ իրականացրեցինք ֆրանսիացի պատգամավորների շրջանում և շատ բաների հասանք: Մեզ հաջողվեց բացատրել ֆրանսիացի սենատորներին, որ այդ օրինագիծը որևէ օգուտ չի բերելու Ֆրանսիային,-ասել է Չավուշօղլուն: Օրինագծի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին իր տեսակետը խորհուրդը պետք է հայտնի մեկ ամսվա ընթացքում։

No comments: