Saturday, February 4, 2012

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականը Նոբելյան մրցանակի է ներկայացվել

Tert.am. 3-2-2012- Շվեդիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ հայտնի թուրք գրող, իրավապաշտպան «Բելգե» հրատարակչատան տնօրեն, անազատության մեջ գտնվող Ռագըփ Զարաքոլուին Նոբելյան մրցանակի են ներկայացրել: Ինչպես հաղորդում է թուրքական Evrensel.net կայքը, Նորվեգիայում գտնվող Նոբելյան հանձնաժողովին հասցեագրված նամակում խորհրդարանականները նշել են, որ միջազգային ճանաչում ունեցող, իր գործունեությամբ մամուլի և մտքի ազատության խորհրդանիշ դարձած Զարաքոլուն արժանի է այդ մրցանակին: «Թուրքիայում արգելված Հայոց ցեղասպանության, քրդական հարցի առնչությամբ նյութեր հրապարակելու համար Զարաքոլուն ազատազրկման է դատապարտվել: Չնայած բոլոր ճնշումներին և հարձակումներին` նա շարունակում է հանդես գալ մտքի ազատության պաշտպանությամբ»,- ասված է նամակում: Նշենք, որ Զարաքոլուն ձերբակալվել է 2011թ. հոկտեմբերի 27–ին՝ Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) քաղաքային թևը հանդիսացող «Քրդստանի համայնքների միության» (KCK) դեմ իրականացված գործողության ժամանակ: Նույն այդ գործի շրջանակում՝ հոկտեմբերի 7-ին Ստամբուլում 90-ից ավելի քուրդ ակտիվիստների հետ ձերբակալվել էր նաև Զարաքոլուի որդին` Դենիզ Զարաքոլուն: Նա մեղադրվում է հեղաշրջման փորձ կատարելու և KCK–ին օժանդակելու մեջ։ Զարաքուլուն Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ժխտման դեմ պայքարող ամենահայտնի մտավորականներից է։ Իր այդ գործունեության համար Զարաքոլուն թուրքական իշխանությունների կողմից պարբերաբար հետապնդվել է ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով։ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» պատմավեպը թարգմանելու և Ստամբուլում իրեն պատկանող «Բելգե» տպարանում հրատարակելու համար 2007թ. «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման։ Զարաքոլուն 301 հոդվածի հատկանիշներով է դատապարտվել նաև Ջորջ Ջերջյանի ՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար:

No comments: