Saturday, February 4, 2012

Թուրքիան տապալվել է հակասիրիական արշավում. թուրքագետ

News.am. 3-2-2012- Արաբական գարունով Սիրիայում սկսված իրադարձություններում որոշիչ դեր ստանձնելու նախաձեռնությամբ ակտիվ հանդես եկած Թուրքիան հուսախաբ է եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող զարգացումներում թուրքական գործոնին։ Իսպիրյանը նշեց, որ արեւմտյան ուժերի ձեռքին մահակի դերի ստանձնող Թուրքիան Սիրիայի դեմ արշավում վերածվել է պարզապես գործիքի։ «Սիրիայում հակակառավարական գործողությունների սկսվելու առաջին պահից Թուրքիան միանգամից հակասիրիական խիստ արշավ սկսեց, որն իր մեջ ներառեց քաղաքական ու ռազմական սպառնալիքներ, տնտեսական պատժամիջոցներ եւ թուրքական մամուլում Սիրիայի հանդեպ ծայրահեղ թշնամանք եւ ատելություն սերմանող տեղեկություններ»,-նշեց թուրքագետը։ Բանախոսը շեշտեց, որ վերջին շրջանում Սիրիայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան չկարողացավ հասնել իր համար ցանկալի արդյունքի եւ թուրքական իշխանությունների կողմից Սիրիայի հասցեին արված վերջին հայտարարությունները վկայում են Թուրքիան տապալվել է հակասիրիական արշավում՝ թողնելով նախաձեռնությունը Արաբական երկրների լիգային։ Արաբագետ Սուրեն Մանուկյանն իր հերթին նշեց, որ եթե Սիրիայի ընդդիմությանը չտրվի արտաքին օգնություն, Ասադը կարող է ճնշել հակակառավարական ուժերի խռովությունը։ Փորձագետը ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ Սիրիայում առկա են բախումների կոնկրետ օջախներ՝ նշելով Դամասկոսի արվարձանները, Հոմս եւ Համա քաղաքները։ Արաբագետը Սիրիայում տեղի ունեցող գործողություններն անվանեց որպես քաղաքացիական պատերազմ՝ հավելելով, որ առաջիկայում Սիրիայում սպասվում է խոշոր չափի ահաբեկչական գործողություն։

No comments: