Saturday, February 4, 2012

Առաջին ու վերջին հրաժարականը

«Լրագիր» 3-2-2012- Փետրվարի 3-ը անկախ Հայաստանի պատմության մեջ մտել է որպես նախագահական առաջին, եւ առայժմ միակ հրաժարականի օր: 1998 թվականի փետրվարի 3-ի երեկոյան Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռուստաեթերում ընթերցեց իր հրաժարականի տեքստը, հանրությանը տեղեկացնելով, թե ինչպես է պաշտոնը թողնում հայտնի ուժերի պահանջով: “Սիրելի հայրենակիցներ, իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը եւ հայտարարում իմ հրաժարականը”, հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998-ի փետրվարի 3-ին: Նրա հրաժարականի վերաբերյալ մոտեցումներն ու գնահատականները տարբեր են, ծայրահեղ դրականից մինչեւ ծայրահեղ բացասական: Շատերը համարում են, որ Տեր-Պետրոսյանի հրաժարականը նախագահի ժողովրդավարականության, հանդուրժողության աննախադեպ դրսեւորում էր, երբ նա չկառչեց իշխանությունից եւ ամեն գնով չպահեց այն: Իսկ շատերն էլ համարում են, որ եթե նա իրապես ժողովրդավարական նախագահ էր, ապա պետք է հեռանար ոչ թե 1998-ին հայտնի ուժերի, այլ 1996-ին՝ հասարակության պահանջով, եւ որ նա 1998-ին ընդամենը հատուցեց 1996 թվականի կեղծված ընտրության դիմաց, երբ կեղծիքի, ընդդիմության հանդեպ բռնության գնով պահելով իշխանությունը, դարձավ ուժային կառույցների “գերին” եւ ի վերջո հրաժարական տվեց նրանց պահանջով: Շատերը Տեր-Պետրոսյանի հրաժարականը համարում են պատասխանատվության մեծագույն դրսեւորում, իսկ շատերն էլ այն գնահատում անպատասխանատվություն: Տեր-Պետրոսյանի հրաժարականը պայմանավորում են Ղարաբաղի հարցով, իսկ ոմանք էլ կարծում, որ դա ընդամենը պատրվակ էր, որպեսզի “հայտնի ուժերը” նրան հրաժարական պարտադրեն: Հեռանալիս, Տեր-Պետրոսյանը սպառնաց, որ խաղաղության կուսակցությունը հեռանում է եւ գալիս է պատերազմի կուսակցությունը: Նրա հրաժարականից անցել է արդեն 14 տարի, սակայն պատերազմ չի եղել, միեւնույն ժամանակ չի եղել նաեւ խաղաղության համաձայնագիր, պահպանվել է ստատուս-քվոն, Հայաստանում ինստիտուցիոնալացվել է քրեաօլիգարխիկ իշխանական մի համակարգ, որի սաղմերը ինքնահաստատվեցին դեռեւս 1995-96 ընտրական փուլից, երբ քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ստանձնեցին այսպես ասած երկրապահները, թաղային հեղինակությունները, երբ նրանք աստիճանաբար սկսեցին դառնալ խոշոր սեփականատերեր: Ավելին, թերեւս հենց այդ հանգամանքն էր, որ երկրում ստեղծել էր մի վիճակ, երբ նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի էր երկրի համար ապակայունացման լուրջ վտանգով: Միթե տարօրինակ չէ՝ մեղմ ասած տարօրինակ, որ երկրում նախագահի կողմից Սահմանադրության կիրառումը կարող է ապակայունացնել պետությունը: Ուրեմն այդ պետությունը շատ սխալ է կառուցվել, հիմնարար սխալով է կառուցվել, եթե սահմանադրական նախագահական լիազորության կիրառումը հղի է ապակայունացման վտանգով: Սահմանադրական կարգի հաստատումը Հայաստանի համար ներկայում հանդիսանում է թիվ մեկ խնդիրը: 1998 թվականին սահմանադրական լիազորություն կիրառելու փոխարեն հրաժարական տված Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայում հանդիսանում է Հայաստանում սահմանaդրական կարգի հաստատման համար պայքարող ուժերից մեկի առաջնորդը, հրաժարականի պահանջ ներկայացնելով այն գործիչներից մեկին, ով 1998 թվականին “հայտնի ուժերի” կազմում հրաժարականի պահանջ էր ներկայացրել իրեն: Առայժմ սակայն, 1998-ի նախագահական հրաժարականը առաջինն ու վերջինն է անկախ Հայաստանի պատմության մեջ, թերեւս այն պատճառով, որ հրաժարականը Հայաստանում ավելի ու ավելի քիչ է դիտվում իբրեւ իրավիճակի փոփոխության էական մեխանիզմ, որովհետեւ կա նախադեպ, երբ իրավիճակը դրանից չի բարեփոխվում: Ավելին, նախադեպը թերեւս հուշում է, որ Հայաստանում հաստատված եւ ինստիտուցիոնալացված քրեա-օլիգարխիկ ռազմականացված համակարգում, հանրությունը թերեւս ոչ այնքան հրաժարականի պահանջը պետք է դնի նախագահների առաջ, այլ պահանջի նրանցից փոխել համակարգը, թեեւ լավագույն տարբերակն իհարկե այն կլինի, որ հասարակությունն ինքը անի դա: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: