1in.am. 2-2-2012- Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում ծնելիությունը նվազել է 3 տոկոսով: Այդ տեղեկատվության ֆոնին խամրում է թերևս ամեն ինչ: Ժողովրդագրական ցուցանիշը Հայաստանի համար շարունակում է մնալ ամենամեծ սպառնալիքը, ավելի մեծ սպառնալիք, քան, ասենք, որևէ արտաքին թշնամի: Ժողովրդագրական խնդիրը Հայաստանում անդրադառնում է գրեթե բոլոր ոլորտների վրա, բոլոր հարթություններում: Ընդ որում, խնդիրն առավել մեծանում և աղետալի է դառնում այն պատճառով, որ, ժողովրդագրական պատկերի հետ միասին, Հայաստանում աղավաղվում է նաև հասարակական որակը: Այսինքն՝ ժողովրդագրական ցուցանիշները նվազում են հասարակական որակի հաշվին, դրան զուգահեռ:
Երբ այդ վտանգավոր վիճակագրական և բարոյահոգեբանական ցուցանիշների ֆոնին տեսնում ենք, թե ինչով է զբաղված երկրի իշխանությունը, ապա մնում է առնվազն միայն տարակուսել: Երկրում կա ծնելիության անկում, երկրում կա ժողովրդագրական լուրջ մարտահրավեր, արտագաղթի կամ արտագնա երկարատև աշխատանքի մեծ ծավալ, իսկ այդ ֆոնին իշխանությունը զբաղված է ներիշխանական հարաբերություններ պարզելով, երբ մեկը փորձում է իր իշխանությունը պահպանել, իսկ մյուսը փորձում է վերադառնալ իշխանության:
Սակայն այս ամենի ֆոնին բացարձակապես համարժեք չի թվում նաև ընդդիմադիր քաղաքական դաշտի պահվածքը: Ընդդիմությունը տարբեր ամբիոններից, տարբեր առիթներով հայտարարում է Հայաստանի լուրջ խնդիրների, այդ թվում՝ ժողովրդագրական ցուցանիշների անկման մասին, սակայն իր բուն գործունեությամբ, ընդդիմությունը կարծես թե բացարձակապես ադեկվատ չէ իր իսկ բարձրացրած հարցերին, այլապես ընդդիմադիր դաշտում կլինեին շատ ավելի լուրջ համախմբումներ, քան, օրինակ, 100 տոկոս համամասնական ընտրակարգի վերաբերյալ հարցադրումը: Նախընտրական տեխնոլոգիաների, նախընտրական մարտավարության տեսանկյունից այն կարևոր է, այն գուցե կարևոր է նաև քաղաքական համակարգի կայացման տեսանկյունից, սակայն խնդիրն այն է, որ այդ հարցը Հայաստանի համար ներկայումս ամենևին էլ բախտորոշ չէ, իսկ բախտորոշ հարցերը կարծես թե չեն դառնում ընդդիմության համախմբման առանցք, չեն միավորում ընդդիմադիր դաշտը և դրանց լուծումների մասին առաջարկություններով ճնշում չեն առաջացնում իշխանության վրա,՝ ստիպելով, որ, ներիշխանական ինտրիգների, իշխանական կարկանդակի համար պայքարի փոխարեն, իշխանությունը ձեռնամուխ լինի երկրում ժողովրդագրական ցուցանիշների արագ բարելավման գործին:
Իսկ մինչ այդ, Հայաստանում ավելի ու ավելի դժվար ծնվում են և ավելի ու ավելի հեշտ հեռանում են Հայաստանից: Ու սա իսկապես աղետ է, ընդ որում՝ կրկնակի վտանգավոր, քանի որ դրսևորվում է ժամանակի մեջ տևականորեն, ու ինչքան անցնում է ժամանակը, այնքան դժվար է դառնում աղետի դեմ պայքարի գործը:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment