Mardik.am. 2-2-2012- Մի կողմից` թուրքական կողմն անում է ամեն ինչ՝ խոչընդոտելու և ձգձգելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացմանը, մյուս կողմից` տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ հունվարի 31-ին Անկարայում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց, որի մասնակիցները հայտարարել են, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանություն է իրագործվել: Ինչ է սա՝ աբսո՞ւրդ, թուրքական խուճա՞պ, ինքնաբուխ և անկեղծ շարժում, թե՞ թուրքական դիվանագիտությանը բնորոշ և առաջին հայացքից հակասական թվացող, բայց իրականում ճիշտ հաշվարկված քայլերի դրսևորում:
Թերևս ընտրենք վերջին տարբերակը՝ ճանաչելով մեր դարավոր հարևանի թե´ պատմությունը, թե´ նրա դիվանագիտական անցած, ինչու չէ, նաև ներկայիս ճանապարհը: Որպես մեր խոսքերի վառ ապացույց և հիմնավորում, մեջբերենք մասնագետի, այս դեպքում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի մեկնաբանումը. «Թուրքիայում նմանատիպ շարժումներն հիմնականում ուղղորդվում են թուրքական իշխանության կողմից՝ նպաստելով ընդհանուր իշխանական պրոյեկտներին»:
Այո, փաստորեն չէինք սխալվում, և չէինք էլ կարող սխալվել, որովհետև այնպիսի մի պետություն, ինչպիսին Թուրքիան է, չի կարող ընդունել այնպիսի մի պատմական ճշմարտություն, որը նախ և առաջ «կվնասի» նրա, այսպես ասած, «բարձր հեղինակությանը» սեփական երկրում, որովհետև Ցեղասպանության փաստի ընդունումից հետո թուրքական իշխանությունը պետք է պատասխանի բարոյալքված թուրք հասարակության շատ հարցերի, օրինակ` հենց այն, թե ինչո՞ւ է այսքան տարի թաքցվել և կեղծվել պատմական ճշմարտությունը:
Բայց հարց է առաջանում՝ արդյոք թուրք հասարակությունը կցանկանա իմանալ պատմական դառը ճշմարտությունը, արդյոք գերմանացի հասարակության նման համարձակություն կունենա առերեսվելու իր պատմության այդ խայտառակ էջերին, որոնք խարանի նման ցայսօր էլ ուղեկցում են թուրք հասարակությանը:
Իսկ դա մեզ ի՞նչ կտա, մենք դրանից ի՞նչ կշահենք` կհարցնեն միգուցե որոշ թուրք քաղաքացիներ:
Այն, որ միգուցե դրանից հետո Թուրքիան կկարողանա մուտք գործել Եվրամիություն, որին այդքան ձգտում է թուրքական իշխանությունը, իսկ բարոյական առումով ինքնամաքրվելու ցեղասպանի պիտակից և աստիճանաբար դառնալու քաղաքակիրթ եվրոպական արժեքների կրողը` կպատասխանենք նրանց:
Իսկ այս պահին նման բան ակնկալելու հույս կա՞. սա էլ կհարցնեն մեր ընթերցողները, իսկ պատասխանը, ցավոք, կլինի բացասական՝ «Ո´չ, քանի որ թուրք հասարակության գերակշռող մասը չունի այդքան համարձակություն, իսկ ամենակարևորը` գերմանացի հասարակության նման խոր գիտակցություն:
Որպես մեր խոսքերի մասնագիտական հիմնավորում՝ մեջբերենք թուրքագետ Հակոբ Չաքրյանի խոսքերը՝ «Հայոց ցեղասպանությունը եզակի հարցերից է , երբ Թուրքիայի հասարակությունը և իշխանությունը միասնական են»:
Որպես մեր ասածի եզրափակում՝ մի բարի խորհուրդ էլ մեր դարավոր հարևան «գորշ գայլերին»՝ ինչ էլ անեք, ուր էլ դիմեք, ինչքան էլ ձեզ ճղեք, միևնույն է` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հետ չի կանգնելու իր քայլից՝ նա, ի հեճուկս ձեզ, վավերացնելու է Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որից հետո իսկապես կսկսվի թուրքական իսկական և աննախադեպ խուճապ…
Սոնա Դավթյան
Thursday, February 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment