Saturday, February 4, 2012

«Հայ-թուրքական հարաբերությունները կբարելավվեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո». թուրքագետ

Mardik.am. 3-2-2012- Այսօր թուրքագետներ Հակոբ Չաքրյանը և Արիստակես Սիմավորյանը մամլո ասուլիսում խոսեցին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված որոշումից հետո տեղի ունեցող իրադարձությունների և հայ-Թուրքական հարաբերությունների մասին: Հակոբ Չաքրյանի դիտարկմամբ Ֆրանսիայի նման քայլի գլխավոր նպատակն է նպաստել հայ-թուրքական հարաբերություններին: «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեծ նշանակություն ունի: Նախ` հնարավորություն կտա Հայաստանի հետ միջպետական առողջ համագործակցություն հաստատել, բացի այդ, կնպաստի նաև, որ հայ ժողովրդի անվստահությունը թուրք ժողովրդի մոտ մեղմանա»,- կարծում է Հակոբ Չաքրյանը: Թուրքագետը նաև կարծում է, որ Ֆրանսիայի սենատի նման որոշումը զրկեց Թուրքիային Հայոց ցեղասպանության գործընթացին հակադրվելուց՝ դրանով ստիպելով Թուրքիային՝ առերեսվելու սեփական պատմությանը: Ասուլիսի մյուս բանախոս թուրքագետ Արիստակես Սիմավորյանի խոսքով, Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը չի կարող բողոքարկվել, քանի որ նշանակում է, որ կգործեն երկակի չափանիշեր, այսինքն, եթե գոյություն ունի Հոլոքոստը ժխտելու մասին բանաձևը, ուրեմն օրինաչափ է նաև Հայոց ցեղասպանության համար նման օրինագիծ ընդունելը: «Այս գործընթացից հայ-թուրքական բանակցություններ արձանագրությունների շուրջ չեն լինի»,- կարծում է պրն Սիմավորյանը: Բանախոսի խոսքով՝ Թուրքիան Ֆրանսիայի նման քայլից հետո կիրառության մեջ մտցրեց «Օտարերկրացիների` Թուրքիայում կեցության և ճամփորդության մասին» օրենքի 3-րդ կետի 1-ին ենթակետը, սակայն ցավալին այն է, որ ցայժմ մենք ոչ մի տեղեկություն չունենք Թուրքիայում ապօրինի աշխատող հայերի թվաքանակի մասին, թեև այս օրենքը միայն հայերին չի վերաբերում: «Սակայն սա հայկական բնույթ չի կրում, քանի որ եթե նման բան լիներ, ապա նրանք պետք է հայ տերմինը գործածեին, որն արդեն կլիներ ռասիզմի քաղաքականության դրսևորում»,- վստահեցրեց թուրքագետը:

No comments: