Saturday, February 4, 2012

ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է, թե Իսրայելը երբ է հարձակվելու Իրանի վրա

Tert।am। 3-2-2012- «ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտների ուղղությամբ Իսրայելը,հավանաբար, հարված կհասցնի ապրիլին, մայիսին, կամ հունիսին»,-գրում է ամերիկյան The WashingtonPost պարբերականի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, որը Պանետային ուղեկցել է Բրյուսել (Պանետան Բելգիայում է գտնվում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով) կատարած այցի ընթացքում: Պանետան ասել է, թե իբր դեպքերի նման զարգացման հավանականությունը մեծ է, քանի որ իսրայելցիները մտավախություն ունեն, որ Իրանը շուտով ատոմային ռումբ ստեղծելու համար անհրաժեշտ քանակությամբ ուրան կհարստացնի. «Դրանից հետո, ինչպես իսրայելցիներն են կարծում, Թեհրանը «իմունիտետի գոտում» կհայտնվի (իսրայելական հարվածից) և նրան այդ ժամանակ կանգնեցնել կարող է միայն ԱՄՆ-ը: Ընդ որում, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն չի ցանկանում, որպեսզի իր երկրի ճակատագիրը կախված լինի Ամերիկայից»: Իգնատիուսը շարունակելով գրում է, որ իսրայելցիները կարճ, մոտ 5-օրյա պատերազմի և ՄԱԿ-ի միջնորդությամբ ռազմական գործողությունների դադարեցման տարբերակ են դիտարկում: «Ընդ որում, իսրայելցիները խոստովանում են, որ իրանական միջուկային ծրագրին մեծ վնաս հասցնել չի ստացվի, ուստի մի քանի տարի անց ևս անհրաժեշտ կլինի նոր հարված հասցնել»,-ասված է հրապարակման մեջ: Սյունակագիրը նշում է, որ Պանետան և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսրայելցիներին ասում են, թե ԱՄՆ-ը դեմ է ռազմական գործողություններին: «Վաշինգտոնի կարծիքով Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային տնտեսական պատժամիջոցներն արդեն իրենց պտուղները տալիս են: Վաշինգտոնը, սակայն, դեռևս չի որոշել` ինչպես է վարվելու այն դեպքում, երբ Իսրայելը հարված հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին»,-գրում է սյունակագիրը և հավելում,- ԱՄՆ-ը փորձում է «գուշակել», թե ինչպես է վարվելու այդ դեպքում Իրանը: Ենթադրվում է, որ այն կարող է հարված հասցնել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքերին, ինչպես նաև արգելափակել Հորմուզի նեղուցով նավթի առաքումը: ԱՄՆ-ն արդեն զգուշացրել է, որ թույլ չի տալու, որպեսզի այդ նեղուցը փակվի: ԱՄՆ-ը հաշվի են առնում այն, թե այդ հակամարտությունն ինչպես կազդի համաշխարհային տնտեսության վրա»,-ասված է սյունակում: Նշենք, որ Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ–ի հնարավոր հարձակման մասին լուրերը ԶԼՄ–ներում տարածվեցին Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ)՝ Իրանի մասին զեկույցի հրապարակումից հետո։ Զեկույցում նշվում էր այն մասին, որ Իրանը «մոտ է միջուկային զենքի ստեղծմանը»։ Զեկույցի հրապարակումից հետո բրիտանական լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, թե այդ հարձակումը հնարավոր է՝ տեղի ունենա մինչև 2011թ. դեկտեմբերի 25–ը։

No comments: