Sunday, February 5, 2012

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 3-4-ը մասնակցեց Մյունխենի՝ անվտանգության հարցերով 48-րդ համաժողովին, որին ներկա էին շուրջ 70 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ եւ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ընկերությունների ներկայացուցիչներ: Խորհրդաժողովին քննարկումներ ծավալվեցին աշխարհում տեղի ունեցող գործընթացների, էներգետիկ անվտանգության, միջազգային անվտանգության վրա ֆինանսական ճգնաժամի ազդեցության, միջուկային զենքի չտարածման եւ միջազգային հանրությանը հուզող այլ խնդիրների վերաբերյալ: Փետրվարի 4-ին Մյունխենում կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումը: Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի բարեկամական գործընկերության, ինտենսիվ քաղաքական երկխոսության, պարբերական շփումների առնչությամբ եւ պատրաստակամություն հայտնեցին շարունակելու գործուն քայլերը փոխշահավետ համագործակցությունն առավել ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ: Անդրադառնալով այս տարի նշվող երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների քսանամյակին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Այս հոբելյանական տարում կարելի է արձանագրել՝ համատեղ ջանքերով Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ գործընկերությունը գտնվում է հայ-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ ամենաբարձր մակարդակի վրա»: Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, տնտեսական համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների դրական ընթացքը, այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Սեուլում հաջորդ ամսին կայանալիք միջուկային գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում համագործակցությանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը եւ իր ամերիկյան գործընկերոջը ներկայացրեց հունվարի 23-ին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման արդյունքները:Ղարաբաղյան կարգավորման առումով պետքարտուղար Քլինթոնը վերահաստատեց ԱՄՆ դիրքորոշումն առ այն, որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով եւ նշեց, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շարունակելու է իր լիակատար աջակցությունը հակամարտության կողմերի միջեւ համաձայնությունների ձեռք բերմանը եւ հիմնախնդրի հանգուցալուծմանը:

No comments: