Մեր զրուցակիցն է Ստեփան Դանիելյանը
-Ստեփան, քաղաքական գործընթացներն առաջիկա ընտրություններին ընդառաջ որքանո՞վ կապ ունեն մեր իրականության հետ: Ըստ Ձեզ՝ նորից որոշվում է բարիքների բաշխման հարցը և չա՞փը, թե…
-Բնականաբար, սակայն բարիքների քանակը քչանում է և միաժամանակ գնում է դրանց կենտրոնացումը: Հայաստանում ով տիրապետում է բարիքներին, նա քաղաքական առումով դոմինանտ վիճակում է հայտնվում, և արդեն այնքան էլ պարզ չէ` կապիտալն է ծնում իշխանությունը, թե հակառակը, իշխանությունը` կապիտալ: Հայաստանի պարագայում այդ երկուսի սերտաճումը արդեն ծայրահեղ դրսևորումներ է ունենում:
-Իսկ հասարակության դերն ո՞րն է:
-Ռեժիմի ներքին քաղաքականությունը կարծես թե կարելի է երկու կետով ձևակերպել. արտագաղթի խրախուսում և ապաքաղաքականացում, և դա ծրագրավորված քաղաքականություն է: Օրինակ` հասարակական և սոցիալական քննարկումները հեռուստատեսությամբ իսպառ վերացել են: Ուշադրություն դարձրեք՝ չկան թոք- շոուներ, ուղիղ եթերները մինիմալի են հասցված: Ազգային ժողովի նիստերի հեռարձակումը դադարեցնելով՝ քաղաքականությունը և հասարակությունը միմյանցից հեռացվեցին: Լայն հասարակական շերտերի համար հասարակական կարծիքի ձևավորման հնարավորությունները զսպվում են:
-Մի՞թե հեռուստատեսությամբ Ազգային ժողովի նիստերի հեռարձակումն այլ պատկեր էր ստեղծում երկրում, որևէ մեկի համար որևէ քաղաքական գործչի վարք ու բարքը մի՞թե գաղտնի է: Ազգային ժողովի նիստերի հեռարձակումը դադարեցվեց, որովհետև ասում էին`դրանք ռեյտինգ չունեին:
-Ռեյտինգ չունենալը կեղծ պատճառաբանություն էր: Պատճառները քաղաքական են: Տեսեք՝ Ֆրանսիայի սենատում կամ Ամերիկայի կոնգրեսում քննարկվում է ցեղասպանության հարցը, և մենք ուղիղ եթերով հետևում ենք այդ քննարկումներին, մինչդեռ մեր երկրում մեր խնդիրների քննարկումները ոչ հրապարակային պայմաններում են ընթանում, ավելին, ամեն ինչ արվում է, որ որևէ քննարկում տեղի չունենա: Առհասարակ, ցանկացած հասարակական քննարկում նրանց համար վտանգ կարող է պարունակել, մյուս կողմից, ցանկացած համաձայնություն որոշ քանակությամբ մարդկանց միջև նույնպես վտանգավոր է: Ինչ վերաբերում է խորհրդարանի նիստերին, անգամ ինտերնետային հեռարձակումներ չեն ապահովում: Դա հենց ապացուցում է, որ ռեյտինգը կապ չունի:
-Մեր հասարակությունն այդքան կապված էր քաղաքականության հետ և հիմա նահանջե՞ց:
-Մեր հասարակությունը կապված էր քաղաքականության հետ և այսօր նույնպես կապված է, սակայն տարբերությունն այն է, որ այդ հասարակության մեջ կար որոշակի լավատեսություն, էնեգիա, մարդիկ իրենց խնդիրների լուծումը տեսնում էին նաև խորհրդարանում ընդունվող օրենքների մեջ, իսկ այսօր, հեռացնելով մարդուն քաղաքականությունից, այսինքն`հեռացնելով մարդուն իր խնդիրները լուծելուն մասնակից լինելուց, արտաքին և ներքին արտագաղթի պատճառ դարձան:
-Ստեփան, այս տարի, սակայն, բոլորը խոսում են Սերժ Սարգսյանի ամանորյա ելույթից, որ նրա պատկերացումներն ընտրությունների վերաբերյալ փոխվել են, որ արատավոր երևույթներից պետք է խուսափել և այլն:
-Ես Սերժ Սարգսյանի ելույթը չեմ դիտել և նույնիսկ ցանկություն չի եղել այն կարդալ, որովհետև ինձ համար ամեն ինչ հստակ է`Սերժ Սարգսյանից և Հանրապետական կուսակցությունից ոչ մի լավ բան սպասել պետք չէ, որովհետև մարդը չի կարող 20 տարվա ընթացքում մի կերպ մտածել և անսպասելի փոխվել: Ես միայն ելույթի նկարն եմ տեսել կայքերում և տպավորվել է այն, որ նա ձեռքը աթոռի վրա էր պահել, այսինքն` մեսիջը հետևյալն էր. գահը չեմ տա: Իշխանություններից սպասել որևէ դրական փոփոխություն կամ արդար ընտրություններ` մանկամտություն է: Այդ մարդկանց կարելի է միայն պարտադրել փոփոխություն, համոզելն անհեռանկարային գործ է:
Հիմա խնդիրը հետևյալն է. արդյոք հնարավո՞ր է ընտրությունների միջոցով համակարգային փոփոխություններ իրականացնել: Ավելին, եթե անգամ կատարվի քիչ հավանականը՝ իշխանությունը փոխվի, արդյոք դա կհանգեցնի համակարգային փոփոխությունների: Կարծում եմ, որ ոչ: Շատ կոնկրետ փոփոխությունների պետք է ենթարկվեն հենց ընդդիմադիր ուժերը: Դրա համար մենք պետք է ճշտենք. ի՞նչ է նշանակում համակարգային փոփոխություններ. ես նկատի ունեմ այն փոփոխությունները, որոնք կարող են փոփոխել քաղաքական, տնտեսական հարաբերությունները: Օրինակ, եթե Հայաստանում քաղաքական կուսակցությունները, որոնք մասնակցել են ընտրություններին, ասում են՝ պետք է համակարգային փոփոխություն կատարել, ապա պետք է այդ համակարգային փոփոխություններն իրենցից սկսեն: ՀՀՇ վերջին համագումարում վարչության ընտրություններ կազմակերպվեցին, որի հետևանքով մեղադրանքներ հնչեցին, որ այդ ընտրությունները կեղծված են, և կուսակցությունից որոշ մարդիկ հեռացան: Մի կուսակցություն, որն իր մեջ չի կարողանում ընտրություն կազմակերպել, ինչպե՞ս կարող է գալ և ասել՝ ես գալու եմ իշխանության, որ արդար ընտրություններ կազմակերպեմ: Կամ, եթե կուսակցությունները պահանջում են իշխանություններից, որ Հայաստանում լինեն արդար ընտրություններ, իրենք իրենց նախընտրական ցուցակներն արդյոք ընտրությունների միջոցով են կազմել: Սա ֆունդամենտալ հարց է: Եթե ընդամենը նախընտրական ցուցակները մի խումբ մարդիկ են որոշում, ապա գալով իշխանության՝ ինչպե՞ս են ապահովելու իշխանության և տնտեսության բաժանումը, իշխանության ճյուղերի տարանջատումը…
Համակարգային փոփոխություններ խոստացող քաղաքական ուժը նախ ինքն իր մեջ պետք է այդ փոփոխություններն իրականացնի, որից հետո գալով իշխանության՝ իր ներքին մոդելը տարածի երկրի վրա: Մենք բոլորս ենք ականատես, թե Միացյալ Նահանգներում ինչպես են կուսակցությունները որոշում նախագահի իրենց թեկնածուներին, կամ ինչպես են Արևմուտքում կուսակցությունները կազմում իրենց նախընտրական ցուցակները` կազմը և հերթականությունը: Համագումարների ժամանակ փակ-գաղտնի քվեարկություններ են ընթանում, որից առաջ մարդիկ ելույթներ են ունենամ, դեբատներ են գնում ծրագրերի շուրջ, և ոչ ոք չի վիճում ցուցակների տեղի համար, որովհետև դա քվեարկությամբ է որոշվում:
Եթե կուսակցությունը մեկ հոգու կամքից է կախված, ապա իշխանության գալուց հետո երկրում որոշումները այդ մեկ մարդն է ընդունելու: Հիմա ցուցակներ են կազմվում և մենք տեսում ենք, թե մարդիկ ինչ նյարդային վիճակում են, քանի որ համարում են, որ անարդարություն է կատարվել, և նույն բանն է կատարվում թե իշխանական, թե ընդդիմադիր կուսակցություններում: Ես երկու դեպք եմ հիշում, որ այդ ավանդույթը խախտվել է: Ժառանգությունը կարճ ժամանակահատվածում մի քանի նախագահ է փոխել, և անցած նախագահական ընտրությունների ժամանակ Դաշնակցությունը իր երկու թեկնածուների միջև նախընտրական պայքարի փորձ է կազմակերպել:
Մի կարևոր հանգամանք էլ կա: Տեսնում ենք, թե ինչ դաժան ճնշումների է ենթարկվում Գագիկ Ծառուկյանը: Սակայն պատկերացրեք, որ այդ կուսակցությունում որոշումներն իրոք համագումարի ժամանակ ընդունվեին, արդյոք Գագիկ Ծառուկյանը նման ճնշումների կենթարկեր. իհարկե ոչ: Կոլեկտիվ որոշումների ընդունումը բարձրացնում է այդ կառույցների ինքնավարության աստիճանը: Մենք ցուցակները կազմելով ունենում ենք առողջ մրցակցություն՝ ըստ մարդկանց արժանիքների և երկրորդ՝ կուսակցությունը դառնում է անկախ, իշխանությունների կողմից դժվար կառավարելի, որովհետև իր որոշումները կոլեկտիվ են: Ես առաջարկում եմ, որ համակարգային փոփոխությունները ընդդիմադիր կուսակցությունները հենց իրենցից սկսեն, և դրա ժամանակը դեռ կա: Միայն ինքնավար կառույցները` քաղաքական կուսակցությունները, տեղական ինքնավարության մարմինները, քաղաքացիական հասարակությունը կարող են ապահովել իշխանությունների տարանջատումը, անկախ դատական համակարգ և այլն:
-Բայց դա մեծ հաշվով ոչ մի կուսակցություն կարծես թե մտադիր չէ իրականացնել, գուցե հասարակական վստահության քվեի կարիք չունե՞ն:
-Որովհետև կուսակցությունները, որոշ բացառություններով, նույն միակենտրոն կառավարում, ոչ թափանցիկ որոշումներ կայացնող կառույցներն են: Այս տիպի կառույցները չեն կարող գալ իշխանության և համակարգային փոփոխություններ իրականացնել:
-Իսկ այդքանը բավակա՞ն է, որ ընտրություններից առաջ հասարակության վստահությունը վայելեն:
-Իհարկե ոչ: Ես կառաջարկեի, որ ընդդիմադիր ուժերը ֆորում հրավիրեին և գային մի քանի ֆունդամենտալ հարցերի շուրջ հրապարակային պայմանավորվածության: Դա չէր նշանակի, որ նրանք կոալիցիա են ստեղծում, դա կնշանակեր, որ նրանցից ով էլ մուտք գործի խորհրդարան, պարտավորվում է այդ հարցերին հետամուտ լինել և քվեարկել ըստ պարտավորության: Այդ պարագայում իշխանությունները հենց իրենք կվերածվեն ընդդիմության՝ հասարակության ընդդիմության: Իսկ մինչ այդ նրանց դեռ կարելի է «իշխանություն» անվանել:
Սիրանույշ Պապյան
«Լրագիր» 4-2-2012.
Sunday, February 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment