Tert.am. 6-2-2012- «RTVi հեռուստաալիքի հետ զրույցում Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանն առաջին անգամ հրապարակավ դեմ հանդես եկավ Իսրայելի կողմից` Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելուն,- գրում է ռուսալեզու Izrus.co.il կայքը և հավելում,- Մինչ այժմ հայերի ցեղասպանության ճանաչման դեմ հրապարակավ հանդես էին եկել միայն «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունից Լիբերմանի զինակից ընկերները, փոխարտգործնախարար Դանի Այլոնը և «Մեր տունն Իսրայելն է» խմբակցության նախագահ Ռոբերտ Իտալովը»:
Կայքն ընդգծում է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը նման հայտարարությամբ հանդես է եկել անցած շաբաթվա վերջին: «Իսրայելն ի սկզբանե համաձայն չի եղել որևէ այլ պատերազմի, կամ այլ ողբերգության առնչությամբ Հոլոքոստ տերմինի կիրառմանը: Մենք կարծում ենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հրեա ժողովրդի հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, անհամեմատելի է: Աֆրիկայում, Ասիայում, Բալկաններում տեղի ուենցած այլ կոնֆլիկտները, վայրագ սպանությունները տերմինաբանական մեթոդի կիարռմամբ հերթական հոլոքոստ դարձնելը մենք չենք ընդունում: Մենք կողմնակից ենք նրան, որ բոլոր փաստերը, պատմության տխուր էջերը ներկայացվեն այնպես, ինչպես կան»,-հայտարարել է նա:
Լիբերմանն անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը. «Որևէ այլ երկիր, Ֆրանսիայի բացի, օրենսդրությամբ չի ընդունել հայերի ցեղասպանությունը: Մենք չենք պատրաստվում միջամտել:Այսօր այն պատմական իրադարձությունից քաղաքական վեճի է վերածվել, ուստի չեմ կարծում, որ Իսրայելն այժմ պետք է միջամտի այդ ամենին»:
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովում են գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ապրիլի 24–ն Իսրայելում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու մասին բանաձևերը։ 2011թ. դեկտեմբերին հանձնաժողովում քննարկման դրվեցին վերոնշյալ բանաձևերը, որոնք, սակայն, այդպես էլ քվեարկության չդրվեցին։ Հաղորդվեց, որ հանձնաժողովը հետաձգել է բանաձևի վերաբերյալ քվեարկությունը, որպեսզի խորհդարանականներին հնարավորություն տա ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին այլ երկրների խորհրդարանների բանաձևերը։
Կայքն ընդգծում է, որ դեռևս 2011թ. մայիսին Այլոննը հայտարել էր, թե «որևէ շանս չկա, որ Կնեսետը կճանաչի Հայոց ցեղասպանությունը». «Դա անհնար է, մենք չենք կարող թույլ տալ, պատմության վիճելի հարցերը փչացնեն հարաբերույթունները մուսուլմանական աշխարհում մեր ռազմավարական գործընկեր Ադրբեջանի հետ»:
Monday, February 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment