1in.am. 7-4-2012- Անցած տարի հոկտեմբերին ստորագրված Հայաստան-Եվրամիություն «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագրով դյուրացվում է մարդկանց տեղաշարժը: Պաշտոնյաների կողմից հայտարարվում է, որ այս գործընթացի նպատակն է ստեղծել այնպիսի բանաձև, որը թույլ կտա կարգավորել աշխատանքային միգրանտների, ինչպես նաև ուսանողների հոսքը ԵՄ երկրներ՝ միաժամանակ հնարավորություն ընձեռելով կանխել ապօրինի միգրացիան:
Ի՞նչ կարող է հռչակագիրը տալ Հայաստանին և արդյոք չի՞ նպաստի աշխատուժի արտահոսքին:
1994-1998 թթ. ԿԲ նախագահ, ժողովրդագիր Բագրատ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ հռչակագիրը կնպաստի հնարավոր հոսքերի կարգավորմանը, ինչը կնպաստի անկանոն միգրացիայի նվազմանը, այսինքն՝ փախուստի տեսք ունեցող միգրացիայի նվազմանը. «Որևէ վտանգ ես չեմ տեսնում: Խոսքը գնում է գործընթացի կանոնակարգման մասին»:
Նրա խոսքով՝ ՀՀ-ից դեպի Եվրոպա հոսքերն այդքան էլ մեծ չեն: Հիմնական հոսքը Հայաստանից դեպի Ռուսաստան է:
Դիտարկմանը, որ ներկա պայմաններում անօրինական միգրացիան ավելի դժվար է և, եթե դյուրինացվի, արդյոք մարդիկ ավելի շատ չե՞ն գնա Հայաստանից, Բ. Ասատրյանը պատասխանեց, որ այսօր մենք շատ-շատ հեռու ենք այդ լուծումներից: Այդ խնդիրն այսօր ԵՄ շրջանակներում է քննարկվում, և շատ սուր են Արևելյան Եվրոպայից Արևմտյան Եվրոպայի երկրներում աշխատուժի ներգրավման խնդիրները, և այս աստիճան ազատություն չկա: Նրա կարծիքով՝ խնդիրը պետք է քննարկել, բայց անհանգստանալու կարիք չկա:
«Եվ ամենակարևորը` եթե մենք մեր երկրի խնդիրները չլուծենք, այս երկրում մարդ չի մնալու: Նորմալ մարդը միշտ միջոց է ման գալու փախուստի համար: Կանոնավոր կլինի այդ փախուստը, թե անկանոն, դա շատ անկարևոր է: Ավելի լավ է կանոնավոր լինի, քան գնան Եվրոպա ու առանց իրավունքի ապրեն: Մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք մեր ներքին խնդիրներին»,- ասաց Բ. Ասատրյանը:
Թեև եվրոպական երկրներում մահմեդականների, թուրքերի քանակի աճն անհանգստացնում է շատերին, բայց, ըստ Բ. Ասատրյանի, տոկոսային արտահայտությամբ նրանք 10 %-ը չեն գերազանցում. «Ինչի՞ մասին է խոսքը: Եվրոպայում մի քիչ հանդուրժողական մշակույթ է, ինչո՞ւ է պետք է անհանգստանան մահմեդականների աճով: Թուրքերը դարձել են լիարժեք քաղաքացիներ, մասնակցում են Գերմանիայի և մյուս երկրների կյանքին՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային, թե՛ տնտեսական, ֆուտբոլային տարբեր թիմերում են խաղում: Ժամանակակից աշխարհը փոխվել է, և Եվրոպան էլ իր էությամբ ազգային սահմանները չի ընդունում: Եվրամիությունը հենց սա է նշանակում: Դա ողջունելի և խրախուսելի, ոչ թե անհանգստանալու փաստ է: Հարցերի հարցը մենք ենք՝ եթե մենք ներքին խնդիրները չլուծենք, ցանկացած պատուհան, ճեղք, որ բացվի, փախուստ է լինելու, և ավելի լավ է դա կանոնակարգված լինի»:
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment