Tert.am. 24-4-2012- Թուրքական «Զաման» օրաթերթի լրագրող Լեյլա Իփեքչին տպագրել է ընկերներից մեկի պապիկի` Փարավոնի պատմությունը` Հայոց Ցեղասպանության մասին: «Փարավոն պապիկի` ցավ պատճառող պատմությունն անցյալ դարում այս հողերում ապրած, իր ազդեցությունը մեր օրերի և ապագայի վրա թողած հազարավոր պատմություններից մեկն է: Այսօրվա խորհրդին համահունչ մի պատմություն է սա, հայի պատմություն: Երբևէ դաժան չեղած, դաժանություններ չգործած, սակայն անարդարացիորեն բռնությունների ենթարկված միլիոնավոր մարդկանց պատմություններից մեկը: Ոչ մի կերպ չավարտվող, չվերջացող մի պատմություն, որ գուցե մեզնից միայն ճանաչում է խնդրում: Հիմա մենք գիտենք, մեր մեջ հետք թողած այս պատմությունների մյուս ծայրը հասնում է մինչև մեկ դար առաջ և արտացոլում է նաև` ցավերով լի մեր պատմությունը»,- գրել է Իփեքջին: Նա պատմել է, որ երբ մոտ 100-ամյա պապիկին հարցնում էին, թե երբ է ծնվել, պատասխանում էր` «սև օրից հետո»: Տեղահանության օրերին նա էլ մոր, եղբայրների և այլ ազգականների հետ բռնել է գաղթի ճանապարհը: Հայրն արժանացել է շատ հայ տղամարդկանց ճակատագրին` նախ զորակոչվել է Օսմանյան բանակ, ապա Սարիղամիշի զինվորներից շատերին նման, նրանից որևէ տեղեկություն չի ստացվել: Գաղթի ճանապարհին թուրք մի զինվոր նրանց շարք է կանգնեցրել, որ սպանի, սակայն այն ժամանակ մեկ տարեկան Փարավոնի ճիչը շարժել է զինվորի գութը: «Կորեք աչքիցս»,- ասել է նա: Ավելի ուշ Փարավոնն ու ընտանիքը կարողանում են վերադառնալ Անատոլիա: 1933-ին աքսորի նոր ալիք է սկսվում:19-ամյա Փարավոնն այս անգամ գնացքով, Պոլսի պատրիարքարանի միջնորդությամբ տեղափոխվում է Սամաթիա և վերջնականապես հաստատվում այստեղ: Տարիներ անց` Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում զոհվում է Փարավոնի եղբայրը և նրա, մարմինն ամփոփում են Իզմիրում: Սակայն եղբորը սիրտը չի դիմանում հեռավորությանը: «Գուցե հոր անհայտ գերեզման էր պատճառը, գուցե հայերի` աշխարհով մեկ սփռված, հայրենիքից հեռու գտնված ոսկորները… բայց նա որոշում է Սամաթիա տեղափոխել եղբոր մարմինը: Մի օր, գիշերով, փորում է գերեզմանը և երկար պայքարից հետո կարողանում է տեղափոխել եղբոր ոսկորները: Այսօր անհայտ շատ ոսկորներ կան, իսկ մենք մեր անձնական պատմություններով ենք զբաղված: Բայց հողի տակից մեր երեսին նայող «Մեծ պատմությանը» արդեն ծանոթ ենք, գոնե…»,- գրել է Իփեքչին:
Wednesday, April 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment