Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Անկարայում Իրանի դեսպան Բահման Հուսեինպուրը պարզաբանումներ տալու համար կանչվել է ԱԳՆ: Դա տեղի է ունեցել իրանցի չինովնիկների վերջին հայտարարություններից հետո:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիի հետ՝ հայտնելով իր անհանգստությունը՝ կապված Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշման վերաբերյալ մի շարք իրանցի պաշտոնյաների արած հայտարարությունների հետ, որոնցում նշվում էր, որ Թուրքիան գործում է ԱՄՆ-ի հրահանգով:
Դավութօղլուի խոսքերով՝ Սալեհին վստահեցրել է, որ իրանցի չինովնիկների այդ հայտարարությունները, որոնք անհանգստացրել են թուրքական կողմին, չեն արտացոլում Թեհրանի պաշտոնական քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին քննադատել էր կիրակի Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ հանդիպումը՝ այն որակելով որպես «Իսրայելին յուրօրինակ կաշառքի տրամադրում»:
Նա հավելել էր, որ այդ կոնֆերանսի հիմնական նպատակները տարածաշրջանում Իսրայելին դիմակայող շրջանակների դիրքերի թուլացումն է և Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայման ձգտումը: Ըստ Լարիջանիի՝ ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանի երկրների փողերով ապահովել Իսրայելի անվտանգությունը:
Լարիջանին նաև իր զարմանքն էր հայտնել, որ տարածաշրջանի մի շարք երկրներ (այստեղ առաջին հերթին նկատի է առնվել հենց Թուրքիան.- 1in.am) հանկարծ սկսել են իրենց ուշադրությունը բևեռել Սիրիայի ժողովրդավարական խնդիրների վրա:
Իսկ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին և Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհսեն Ռեզաին նպատակահարմար չէին համարել Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու տարբերակը: Սալեհին իր հերթին հայտարարել էր, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ Չինաստանում կամ Իրաքում:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment