Thursday, April 5, 2012

Միջուկային Իրանի «հայկական» հեռանկարը

«Լրագիր» 5-4-2012-Արեւմտյան հանրությունն ավելի ու ավելի է ինտենսիվացնում քայլերը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրը հանգուցալուծելու ուղղությամբ: Հնարավոր է, որ այստեղ էական դեր ունի ԱՄՆ նախագահի ընտրությունը, եւ նոյեմբերին ամերիկացի ընտրողներին ներկայանալու պատրաստվող Բարակ Օբաման գուցե փորձում է իր կապիտալն ավելացնել իրանական խնդրում արձանագրված որեւէ բեկմամբ, որը ամերիկացի ընտրողին կմատուցի որպես թե ազգային, թե համաշխարհային անվտանգության ուղղությամբ իր կատարած մի զգալի քայլ: Բայց, թերեւս քիչ հավանական է նաեւ, որ ԱՄՆ վարչակազմը այդ հարցում դիմի ռազմական գործողությունների: Բանն այն է, որ այդ պարագայում էֆեկտը կարող է հակառակ լինել, եւ ամերիկացիները կարող են վարչակազմին չներել հերթական ռազմական արշավը, որը կարող է նոր կորուստներ եւ նաեւ լրացուցիչ միլիարդավոր ծախսեր ենթադրել, այն դեպքում, երբ ԱՄՆ արդեն իսկ ունի այդօրինակ խնդիրներ: Ըստ երեւույթին, պաշտոնական Թեհրանն էլ գիտակցում է դա եւ թերեւս խնդիր ունի դիմանալ մինչեւ նոյեմբեր, որից հետո իրանական ուղղությամբ արեւմտյան ճնշումը կարող է որոշակիորեն թուլանալ, իսկ ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո կարող է լինել այլ իրավիճակ, անգամ Բարակ Օբամայի վերընտրվելու պարագայում: Այդուհանդերձ, ինչպիսին էլ լինեն իրանական խնդրի շուրջ միջազգային ակտիվացման շարժառիթները, Հայաստանի համար հետեւանքը կարծես թե լինելու է միեւնույնը՝ լարման դեպքում զգալի տնտեսական եւ քաղաքական մարտահրավեր: Բայց, այդ առումով խոսքը թերեւս միայն կարճաժամկետ կամ միջնաժամկետին մոտ հետեւանքի մասին է: Մինչդեռ, իրանական խնդրի պարագայում Հայաստանի համար կա թերեւս հեռանկարային, երկարաժամկետ մի հարց, որի շուրջ քննարկումներ Հայաստանում կարծես թե չկան: Միգուցե պետք էլ չէ, նկատի ունենալով Իրանի հետ Հայաստանի բարիդրացիական հարաբերությունը: Բայց, այդ քննարկումներն անհրաժեշտ են, ընդ որում կենսականորեն անհրաժեշտ են գոնե փակ ռեժիմով, ընդ որում դրանք նախաձեռնելու շահագրգռություն պետք է ցուցաբերի իշխանությունը: Բանն այն է, որ Հայաստանն իր համար պետք է թերեւս արդեն իսկ պատասխանած լինի մի հարցի, թեկուզ ոչ հրապարակավ՝ Հայաստանի համար ի՞նչ մարտահրավերներ է պարունակում միջուկային Իրանի հեռանկարը: Ինչ կփոխի հայ-իրանական հարաբերության տիրույթում այդ հեռանկարը՝ իրականություն դառնալու պարագայում: Միջուկային Իրանն ավելի՞ հուսալի եւ ինքնավստահ գործընկեր կլինի Հայաստանի համար, թե՞ կդառնա Հայաստանի հանդեպ առավել քմահաճ ու պահանջկոտ: Հայաստանի համար այդ հարցադրումները թերեւս իսկապես կարեւոր են, այն պարզ պատճառով, որ անհրաժեշտ է պատրաստ լինել զարգացման գրեթե բոլոր հավանական տարբերակներին: Ավելին, իրանական խնդրի զարգացումների առումով, Հայաստանի համար թերեւս չպետք է լինի որեւէ անհավանական ժամկետ եւ տարբերակ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: