Tert.am. 5-4-2012- Թուրքիայի արտաքին գործերի ախարարությունը կանչել է Թուրքիայում Իրանի դեսպանին՝ պարզաբանումներ տալու Անկարայի հասցեին իրանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչեցված մեղադրանքների կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ երեքշաբթի կապ է հաստատել Իրանի արտգործնախարարի հետ, որ արտահայտի իր անհանգստությունը՝ կապված իրանական իշխանությունների որոշ ներկայացուցիչների կողմից կատարված արտահայտությունների հետ:
Դավութօղլուն ասել է, թե Իրանի ԱԳՆ ղեկավարը իրեն հավաստել է, որ Թուրքիային անհանգստացրած, իրանական պաշտոնյաների մեկնաբանությունները Թեհրանի պաշտոնական քաղաքականության մաս չեն կազմում:
Ավելի վաղ, Իրանի որոշ պաշտոնատար անձինք Թուրքիայի հանդեպ քննադատությամբ են հանդես եկել և դեմ են արտահայտվել Ստամբուլում Իրանի և «վեցյակի»` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլի անցկացմանը:
Մասնավորապես, Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայում վերջերս կայացած «Սիրիայի բարեկամների» համաժողովը:
Իրանի խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի ղեկավար Ալադին Բուրուջերին նույնպես քննադատել է Անկարայի քաղաքականությունը:
«Հաշվի առնելով Թուրքիայի՝ Սիրիայի հանդեպ ծայրահեղ և անտրամաբանական դիրքորոշումը, ինչպես նաև այդ երկրում Սիրիայի վերաբերյալ համաժողովի անցկացումը՝ Թուրքիան փաստացի իրավունք չունի ընդունելու հանդիպումը («վեցյակի» և Իրանի -Թ)», - հայտարարել է Բուրուջերին իրանական հեռուստատեսության եթերից:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment