Saturday, April 28, 2012

Թուրքական պատմագիտական ընկերությունը զառանցում է Ցեղասպանության խնդրի շուրջ

News.am. 28-4-2012- Թուրքական պաշտոնական ժխտողականությունն ու կեղծարարությունը շարունակում է զարմացնել իր ցինիզմով։ Թուրքիայի պատմությունը սրբագրող Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքը հեռուստաեթերով Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրել է դաշնակցությանը, իսկ ստամբուլահայ Կարո Պալյանին սպառնացել՝ հայտարելով թե նա էլ իր մահկանացուն իր ազգակիցների պես կկնքի Քալիֆորնիայում։ CNNturk հեռուստաընկերության «Չեզոք գոտի» հերթական հաղորդման ժամանակ Հայկական հարցի շուրջ խոսելու համար հրավիրվել էին Ստամբուլի հայկական դպրոցների տնօրեն Կարո Պալյանը, Radikal-ի սյունակագիր, իրավաբան Օրհան Քեմալ Չենգիզը, Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավար Քեմալ Չիչեքը, նախկին պատգամավոր Ուլուչ Գյուրքանը եւ Գիրեսունի համալսարանի ադրբեջանցի ռեկտոր Այգուն Աթարը։ Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ հաղորդումից հետո Կարո Պալյանը նշել է, թե այն շատ տհաճ մթնոլորտում է անցել, քանի որ երբ ինքը խոսել է հայերի կրած տառապանքներից, Չիչեքը ծիծաղել է, աղմկել եւ սպառնացել իրեն։ «Եվ վերջում ինձ սպառնաց՝ ասելով. «Քո վերջն էլ Քալիֆորնիայում է լինելու»։ Ես երբ ասում եմ, թե ցեղասպանությունը շարունակվում է, հենց դա էլ նկատի ունեմ։ Թուրքական պատմագիտական ընկերության ղեկավարի գլխում դեռեւս ցեղասպան մտածելակերպն է։ 97 տարի անցել է, սակայն Թուրքիայում շարունակվում է ցեղասպանության մշակույթը, սակայն նման մտածելակերպի հեղինակները գնալով կորցնում են իրենց ուժը։ Սակայն, ցավն այն է, որ ինչքան է կորցնում են իրեն ուժը, նրանք դեռ կարեւոր կետերում են պաշտոնավարում։ Թուրքիայում ավելանում են այն մարդիկ, ովքեր հասկանում են այս ամենը եւ քննադատում նման մտածելակերպը»,-ասել է Կարո Պալյանը՝ հավելելով, թե Չիչեքի այն պնդումը, թե Հրանտ Դինքին դաշնակներն են սպանել, պարզապես սկանդալային է։ Պալյանը նշել է, թե անհրաժեշտ է, որ նման մարդուն հեռացնեն այդ պաշտոնից, քանի որ թե Չիչեքը, թե ՆԳ նախարար Իսրիս Նաիմ Շահինը շարունակում են հայերի հանդեպ թշնամություն հրահրել։ «Չեզոք գոտի» հաղորդման հեղինակ եւ վարող Ահմեդ Հաքանը նշել է, թե Քեմալ Չիչեքն իրեն չսազող 2 նախադասություն է ասել. «Հրանտ Դինքին դաշնակներն են սպանել» եւ «Դու էլ գնա Քալիֆորնիա»։ «Ցավոք, սա Թուրքիայի վիճակն է ցույց տալիս։ Մեր հյուրը հասարակ քաղաքացի չէր։ Կառավարությանը կից Թուրքական պատմագիտական ընկերության հայկական բաժնի ղեկավարն էր այս ամենը ասում։ Մենք մեղավոր չենք, որ նրան հրավիրել ենք հաղորդման, մեղավոր են նրանք, ովքեր նրան նշանակել են այդ պաշտոնին»,-ասել է CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման հեղինակ Ահմեդ Հաքանը։ Նշենք, որ ցեղասպանության հարցի շուրջ այս բանավեճից հետո սոցկայքերում քննարկումների ժամանակ քննադատել են թուրքական պաշտոնական թեզը ներկայացնող այս գործիչներին՝ հեգնելով. «Մի թե՞ նրանք են այս լուրջ հարցում պաշտպանում Թուրքիայի շահերը»։ Արթուր Հակոբյան

No comments: