Tuesday, April 24, 2012

Նոր աչքս բաց էի արել, գլխներիս թուրքը խփեց, հազիվ կարողացել ենք փախչել. Ցեղասպանության ականատես

98-ամյա  Ռոզա Խոնդկարյանը 1914-1922թթ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ջարդերի կենդանի վկան է, ով անուղղակի եւ ուղղակի կերպով իր վրա զգացել է արյունալի ջարդերի հետեւանքները (ֆոտոռեպորտաժ): Նախ, կորցրել է մոր հարազատներին, ապա թողնելով Իգդիրում ունեցած ամբողջ հարստությունը, հայրենի տունը, ընտանիքով բռնել են գաղթի ճանապարհը, որի ժամանակ էլ մահացել է քույրը: Ռոզա Խոնդկարյանը ծնվել եւ ապրել է Իգդիրում, ուներ երեք եղբայր եւ մեկ քույր, սակայն 4 տարեկանում ստիպված բռնել են գաղթի ճանապարհը: «Ի՞նչ պիտի հիշեմ, նոր աչքս բաց էի արել, գլխներիս թուրքը խփեց, հազիվ կարողացել ենք փախչել: Եկան, թե փախեք, շուտ արեք, թուրքը գալիս է, մոտեցել է Իգդիրին, ասացին` ինչքան կարաք, շուտ արեք: Մեր տան ծառայողը ինձ գրկեց, վազելով առաջ ընկանք, եկանք»,- անցյալի վերհուշը վերականգնելով` պատմեց Ռոզա Խոնդկարյանը: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերը Ռոզա Խոնդկարյանը լավ չի հիշում, եղածներն էլ ժամանակագրությամբ եւ դեպքերի ընթացքով խառնում է իրար, սակայն այդ ջարդերի հետեւանքները եւ կորուստները կրում է մինչ այժմ: Ջարդերի ժամանակ կոտորվել են Ռոզայի մոր հարազատները, նրա հայրը եւս շուտ է մահացել (Լուսանկարում` Գեղամ Խոնդկարյան եւ Լուսաբեր Ավագյան): Թերեւս դա էր պատճառը, որ նրա մայրը չէր սիրում խոսել տեղի ունեցած դեպքերի մասին, ամեն անգամ նոր ցավով եւ վշտով էր հիշում ապրածը, երեխաների մոտ ընդամենը նրա խոսքերից մեկն էր տպավորվել, երբ բարկացնում էին, ասում էր` «Դու հո թուրք չե՞ս»: Ցեղասպանություն տեսած կնոջ եղբայրը գնացել է պատերազմ եւ անհետ կորել: Նա բազմաթիվ նամակներ է գրել, փնտրել է եղբորը, սակայն ապարդյուն: «Թե ինչ պատահեց ախպորս, չգիտեմ, տենց էլ կորցրեցի, չկա»,- պատմեց նա: Ջարդերի ժամանակ նրա մորական կողմը` Ավագյանները, գաղթել են ԱՄՆ, իսկ հորական կողմը` Խոնդկարյանները` Հայաստան: Թողնելով Իգդիրում տարիներով կուտակած հարստությունը` 1918թ Երեւան գաղթելու ճանապարհին նրա 6-ամյա քույրը` Հեղինեն, մահացել է, ում թաղել են հենց ծառի տակ, հավանաբար չէր դիմացել գաղթի ճանապարհի դժվարություններին: Այդպիսով, Խոնդկարյանների 6 հոգանոց ընտանիքը Երեւան է հասել արդեն 5 հոգով` ծնողները եւ 3 երեխաները, իսկ փոքր եղբայրը ծնվել է գաղթից հետո` Երեւանում: Ցեղասպանություն տեսած կնոջը չեն ասել եղբոր մահվան մասին: Ռոզա Խոնդկարյանը երկու որդի եւ մեկ դուստր ունի, որդիները մահացել են: Արդեն տասը տարի է` նրան պահում է 71 ամյա դուստրը, ով իր վրա է վերցրել բոլոր հոգսերը, տան տղամարդկային եւ ոչ տղամարդկային գործերը: Ցեղասպանության ականատես 98-ամյա կինը չի կարողանում քայլել, հիպերտոնիկ հիվանդ է, ժամանակ առ ժամանակ հիշողության կորուստ է ունենում եւ այլն: Դստեր հետ նրանք ապրում են թոշակով` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով: Չնայած պայմաններին, մայր ու աղջիկ չեն սիրում բողոքել եւ խոսել հոգսերից, ինչպես ինքը նշեց, «փորձում են յոլա գնալ»: Ապրում են միայնակ, բարեկամների մեծ մասը կամ մահացել է, կամ տարիքով մեծ է, կամ էլ Հայաստանում չէ, պետության հոգածությունը եւս չեն զգում: «Ո՞ւր է պետությունը, պետությունը նա է, ով հոգ է տանում իր ծերերի եւ մանուկների մասին»,- նշեց դուստրը:           Պատրաստեց` Ինգա Մարտինյանը

No comments: