Friday, April 27, 2012

Թուրքիան «Նոր Մերձավոր Արևելքի» առաջնորդն է լինելու. Դավութօղլու

Tert.am. 26-4-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդարանում ունեցած
ելույթում հայտարարել է, որ «նոր Մերձավոր Արևելք» է ծնվում, և որ Թուրքիան այդ նոր ալիքի առաջնորդն է դառնալու: Իր ելույթում Դավութօղլուն նշել է, որ աջակցում են Սիրիայի ժողովրդին` երկրի ժողովրդավարացման գործընթացում: «Եղբայրական Սիրիայի համար արել ենք ամեն հնարավորը: Դեռևս առաջին փուլում Բաշար ալ Ասադին խորհուրդ ենք տվել բարեփոխումների իրականացնել»,- ասել է Դավութօղլուն: Դավութօղլուն նշել է, որ երեք քայլ պետք է ձեռնարկել` Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար: Իշխանությունները պետք է քաղաքներից դուրս բերեն զորքը, պետք է ավելացվի ՄԱԿ-ի դիտորդների թիվը և խաղաղ ցույցերի անցկացման հնարավորություն պետք է ընձեռվի: «Ես չեմ կասկածում, որ մենք պատմության ճիշտ կողմում և մեր ազգային շահերի առումով ճիշտ տեղում ենք: Նոր Մերձավոր Արևելք է ծնվում և այդտեղ Թուրքիան շրջակայքի խաղաղության կղզին է լինելու: Սրանից հետո մենք ենք ղեկավարելու ալիքը: 74 միլիոնանոց թուրք ժողովուրդը Սիրիայի ժողովրդի կողքին է և շարունակելու է կողքին մնալ», ասել է Դավութօղլուն:

No comments: