«Լրագիր» 27-4-2012- Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակելու համար նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել Պետքարտուղարության` Եվրասիայում էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը: Դա հատկանշական որոշում է, որը ցույց է տալիս, որ Ադրբեջանն ԱՄՆ-ին հետաքրքրում է բացառապես էներգետիկ տեսանկյունից: ԱՄՆ նախագահը հասկացնում է, որ չի պատրաստվում կապել էներգետիկ հարցերը ղարաբաղյան հարցի և մյուս քաղաքական խնդիրների հետ և ցանկանում է Ադրբեջանի հետ ունենալ միայն էներգետիկ համագործակցություն: Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ում այդպես էլ չեն հաստատել Կոնգրեսում, հիմնականում զբաղվում էր քաղաքական հարցերով: Մասնավորապես, նա մի քանի տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն էր և այդպես էլ չկարողացավ դուրս գալ այդ դերից: Նա ԱՄՆ և Ադրբեջանի համագործակցությունը պայմանավորում էր ղարաբաղյան հակամարտությամբ, կարծես հանդես գալով ոչ թե Վաշինգտոնի, այլ Ադրբեջանի դիրքերից: Թերևս հենց դրա համար արևմտյան էներգետիկ նախագծերը, որոնց համաձայն Ադբեջանից և Թուրքմենստանից գազը պետք է տեղափոխվեր Եվրոպա, փակուղի մտան: Դրանք սերտ կապված էին քաղաքական հարցերի, այդ թվում նաև ղարաբաղյան հարցի կարգավորման մասով Ադրբեջանի պահանջների հետ: Ներկայում ԱՄՆ փոխում է առաջնահերթությունները: ԱՄՆ Ադրբեջանում դեսպան է նշանակում մարդու, ով զբաղվում է հենց գազատարների հարցերով: Մորնինգսթարը շատ ազդեցիկ դեմք է, և նրա դեսպան նշանակվելը նշանակում է, որ ԱՄՆ ցանկանում է լրջորեն զբաղվել ադրբեջանական էներգետիկայով և նպատակ ունի հասնել Տրանսկասպյան գազատարի անցկացմանը: Ընդ որում, չկապելով դա ղարաբաղյան հարցի հետ: Ինչպես կվերաբերվի հայկական լոբբին Մորնինգսթարի թեկնածությանը: Ինչպես հայտնի է, հայկական լոբբին դեմ էր Բրայզային: Հայերը նրան թուրքամետ են համարել և հարցը բարձրացրել Կոնգրեսսում: Չնայած ակնհայտ էր, որ ԱՄՆ նույնպես գոհ չէ Բրայզայից և նրա` էներգետիկան և քաղաքականությունը համատեղելու փորձերից: Անկասկած, էներգետիկան և քաղաքականությունը չեն կարող փոխկապակցված չլինել, և Ադրբեջանը շարունակելու է իր ռեսուրսների դիմաց աջակցություն խնդրել Ղարաբաղը վերադարձնելու հարցում: Բայց դիվանագիտությունը այն բանի համար է դիվանագիտություն, որ թույլ չի տալիս վճարել ապրանքի ինքնարժեքից ավելի: Իսկ Ղարաբաղը շատ մեծ գին է ԱՄՆ-ի համար, ադրբեջանական նավթի դիմաց: Նաիրա Հայրումյան
Saturday, April 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment