Tuesday, April 3, 2012

Սա մեր երկիրն է, ոչ թե ձերը

«Լրագիր» 3-4-2012- Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ ուսանողների հետ հանդիպմանն ասել է, որ իր երկիրն օգնելու է նրանց, ովքեր ժողովրդավարական ընտրություններ են ցանկանում, աջակցելու են այն մարդկանց ու կազմակերպություններին, որոնք հետամուտ են իրենց իրավունքներին եւ ժողովրդավարական ինստիտուտներին, սակայն իր երկիրը չի պատրաստվում Հայաստանում հայերի փոխարեն ժողովրդավարություն կառուցել: Սա ձեր երկիրն է, ոչ թե մերը, ասել է Հեֆերնը: Սա շատ հատկանշական հայտարարություն է: Սա իրոք մեր երկիրն է, եւ չպետք է սպասել, որ Ամերիկայից ինչ-որ մեկը դրամաշնորհ տա փողոց դուրս գալու համար: Սեփական շահերն առանց դրամաշնորհների, պարզապես սեփական համոզմունքներով եւ արժանապատվությունից ելնելով պաշտպանելու օրինակներ արդեն կան: Հենց դա է շոկի մեջ գցել իշխանությանը եւ միջազգային կազմակերպություններին Մաշտոցի պուրակում, որտեղ մի խումբ երիտասարդներ եւ ավագ սերնդի ներկայացուցիչներ թույլ չեն տալիս մասնավոր կրպակներ բացել հանրային գոտում: Այդ մարդիկ քաղաքական ուժեր չեն ներկայացնում, նրանք չեն խոսում ընտրությունների մասին, իրենց չեն ներկայացնում որպես ընդդիմություն եւ այլն, նրանք ասում են, որ իրենք են երկրի տերը: Եվ ոչ ոք նրանց չի կարող մեղադրել պոպուլիզմի մեջ: Նման մոտեցմանն իշխանությունը սովոր չէ նաեւ այն պատճառով, որ ակցիան իրականացվում է ոչ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում, ավելին, սեփական գումարներն են ներդրվում: Իշխանությունը չի կարող ավանդաբար մեղադրել հավաքված մարդկանց այն բանում, որ նրանք ինչ-որ մեկի պատվերն են իրականացնում: Սա լիովին նոր իրավիճակ է Հայաստանում, երբ մարդիկ չեն սպասում, որ ինչ-որ մեկն իրենց ֆինանսավորի, սեմինարի հրավիրի կամ էլ ուղարկի Եվրոպայում սովորելու: Մարդիկ զգացել են, որ սա «մեր երկիրն է», ինչպես նաեւ, որ սեփական բնակարանը մաքրելու համար ոչ ոք աշխատավարձ չի ակնկալում, եւ որոշել են մեծ տունը մաքրելով զբաղվել: Քաղաքապետարանը չի կարողանում ոչ մի փաստաթուղթ ներկայացնել, որը կհաստատի, որ Մաշտոցի պուրակի բուտիկներն օրինական են կառուցվել: Հանրային սեփականությունն օգտագործելու որոշում կարող է ընդունել միայն Ավագանիների խորհուրդը, իսկ այն, ըստ ամենայնի, թույլ չի տվել այգում կրպակներ կառուցել: Սակայն հայտնվել է տերը եւ փաստաթղթեր է պահանջում: Իսկ տիրոջ հետ կատակելը լավ չէ: Տիրոջ զգացումը պետք է արթնանա յուրաքանչյուրի մոտ: Այն դաժանաբար եւ մեթոդաբար երկար տարիների ընթացքում քշվել է հոգու ամենախորքերը: Մարդուն համոզել են, որ նա չի կարող տեր լինել, որ իրենից ոչինչ կախված չէ, որ իրավունք չունի մաքրել նույնիսկ սեփական տունը: Եվ գրեթե համոզել էին: Հեֆերնը փորձել է ուսանողների մոտ տիրոջ զգացում արթնացնել: Սա ձեր երկիրն է, ասել է նա: Գնացեք եւ կառուցեք այն, հավաքեք, մաքրեք, եւ ոչ ոք իրավունք չի ունենա կանգնեցնել ձեզ, որովհետեւ դուք տեր եք: Մաշտոցի պուրակի շարժումը ամենայն հավանականությամբ շատերի մոտ արթնացրել է այդ զգացումը: Սակայն շրջադարձ տեղի կունենա, երբ ուսանողներն իրենց վրայից նետեն ստրկական սեւ հագուստները, հագնեն վառ բաճկոններ եւ իրենցով ներկեն երկիրը: Երբ նրանք հասկանան, որ իրենց սեւ են հագցրել իրենց կառավարելու, մեծ սեւ գազոնի մաս դարձնելու համար, որը մշտապես կտրում են ուրիշները: Սա մեր երկիրն է, եւ եթե հասկանանք դա, նրանք, ովքեր ուզուրպացրել են այն, պարզապես փոքր ու անպաշտպան մարդիկ կթվան: Նաիրա Հայրումյան

No comments: