Tuesday, April 24, 2012

Թուրքիան արգելափակել է Իսրայելի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Թուրքիան արգելափակել է իսրայելական պատվիրակության մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին,
որը կայանալու է մայիսի 20-21-ին Չիկագոյում, գրում է Հյուրիյեթը: Անկարան մերժել է դաշինքի մի շարք անդամների, այդ թվում, ԱՄՆ խնդրանքը եւ չի հանել Իսրայելի մասնակցության վրա դրված վետոն: Թուրքիան պնդում է, որ դրան պետք է նախորդի պաշտոնական Երուսաղեմի ներողությունը 2010թ Գազայի հատված ուղեւորվող «Ազատության նավատորմի» 9 թուրք քաղաքացիների սպանության համար: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլու քննադատությամբ է հանդես եկել այն երկրների հասցեին, որոնք խնդրել են Անկարային չխոչընդոտելու հարցում: Նրա խոսքով, այդ պետությունները պետք է խորհուրդ տան Իսրայելին ներողություն խնդրել եւ փոխհատուցում վճարել մահացածների ընտանիքներին, այլ ոչ թե ճնշում բանեցնեն Թուրքիայի վրա: Մինչ այդ Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը մեղադրել էին Թուրքիային «դաշինքի արժեքները» խախտելու մեջ: Նրանք նշել են, որ Թուրքիան խոչընդտում է ՆԱՏՕ-Իսրայել համագործակցությանը «Միջերկրածովյան երկխոսություն» ծրագրի շրջանակներում: Դավութօղլուն, պատասխանելով այդ մեղադրանքներին, հայտարարել է, որ գործընկերության եւ արժեքների մասին խոսակցությունները տարօրինակ հուն են մտել: «Այն երկրների զինծառայողները, որոնց գործընկեր եք անվանում, սպանել են մեր քաղաքացիներին նրանց իսկ քաղաքական ղեկավարության հրամանով: Մեզ համար այդ պետությունը չի կարող գործընկեր լինել», ասել է նա: «Վստահեցնում եմ ձեզ, որ Թուրքիան միշտ օգնության կգա ՆԱՏՕ-ի բոլոր երկրների քաղաքացիներին: Մենք ավելի շատ ենք հավատում դաշինքի համերաշխությանը, քան ձեզնից ոմանք, ովքեր խտրական հայտարարություններ են անում», ավելացրել է նա:

No comments: