News.am. 5-4-2012- Եվրանեսթում հայկական պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը իր հոդվածում ուշագրավ դրվագներ է պատմել Բաքվում կազմակերպության նստաշրջանից:
«Որպես Եվրանեսթի ԽՎ սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ, եվրոպական համանախագահի հետ միասին որոշել էինք կոմիտեի նիստում որպես զեկուցողներ հրավիրել նաեւ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սուլեյմանովային, կրթության նախարար Մարդանովին, Երտասարդության հարցերով փոխնախարար Բաբաեւին, Տուրիզմի նախարար Գարաեւին, Հասարակական ակտիվ կազմակերպությունների ղեկավարների:
Լայն եւ հետաքրքիր քննարկում ծավալվեց Ադրբեջանի կրթական համակարգի վերաբերյալ, որտեղ քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ ադրբեջանական դպրոցական դասագրքերում հակահայկական քարոզչություն է սերմանվում: Նշվեց նաեւ, որ կեղծվում է ադրբեջանական պատմությունը, ինչպես նշեց ՀԿ-ներից մեկի ղեկավար Յունուսը` ադրբեջանցի երեխան Ալիեւների ընտանիքի պատմություն ավելի լավ գիտի, քան իր ժողովրդի պատմությունը: Խոսվեց նաեւ Անդրկովկասի պատմության դասագիրք ստեղծելու անհրաժեշտության մասին: Այնուհետեւ հանձնաժողովում քննադատության թիրախ դարձավ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը:
Մեկ այլ ՀԿ-ի ղեկավար, բացահայտ քննադատելով Ադրբեջանի իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականությունը, նշեց, որ ընդհանրապես վտանգված են մարդկանց իրավական պաշտպանվածության տարրական հնարավորությունները, ինչին բնականաբար հակադրվում էր Ադրբեջանի ՄԻՊ-ը: Հետագայում բանավեճը նույնիսկ հասավ նրան, որ ՄԻՊ-ը անդրադառնալով ՀԿ ղեկավարներից մեկին, ով արդեն լքել էր դահլիճը, նշեց, որ ինքն ափսոսում է, որ ընդհանրապես այդ ՀԿ ղեկավարն աշխարհ է եկել: Հանձնաժողովի անդամ նիստին ներկա 25 պատգամավորների համար այս պատասխանը նույնիսկ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի պարագայում անսպասելի պատասխան էր:
Հետագայում եվրոպացի պատգամավորներից մեկի միջոցով ինձ է փոխանցվում Ադրբեջանի ՀԿ-ներից մեկի ղեկավարի կողմից ստորագրված մի նամակ (անունը չեմ ցանկանում հրապարակել, որովհետեւ վստահ չեմ, որ հետագայում այդ կազմակերպությունը խնդիրներ չի ունենա), որում խոսվում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար ստեղծված արհեստական խոչընդոտների մասին: Հանձնաժողովի հայկական կողմի անդամ Արամ Սաֆարյանի` կրթության նախարար Մարդանովին ուղղված հարցը եւս լուրջ մտահոգություն առաջացրեց եվրախորհրդարանի պատգամավորների մոտ: Այն վերաբերվում էր ադրբեջանական դասագրքերում տպագրվող հակահայկական քարոզչության որոշ օրինակների, ինչը բնականաբար նախարարի կողմից ծածկելու փորձեր արվեց:
…Եվրանեսթի ԽՎ լիագումար նիստում, ինչպես եւ կանխատեսվում էր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ելույթում լայնածավալ ապատեղեկատվություն տարածելով`հակահայկական քարոզչություն իրականացրեց, որում տեղ գտած որոշ որակումներ, անկեղծ ասած, ես առաջին անգամն էի լսում: Ըստ Ալիեւի, լիագումար նիստը երեւի լավ հնարավորություն էր հայերի եւ մյուսների ներկայությամբ խոսելու կոնֆլիկտի մասին: Նրա ելույթը նման էր ատելության ելույթի: Եվ տպավորությունն այնպիսին էր, որ եվրոպացիներին բողոքում է, թե որքան խեղճ ու անօգնական են իրենք, եւ որքան վայրագ ու անարդար են հայերը: Իհարկե շատ ծանր էր նստած մնալ ու լսել թե ինչպես են այդ բարձր ամբիոնից քեզ անողոքաբար քննադատում, բարձրաձայն հնչեցնելով աշխարհի երեւի ամենամեծ կեղծիքներն ու ապատեղեկատվությունները: Ինձ օկուպանտ շատ են անվանել, բայց ֆաշիստ, մանկասպան ու վայրագ չէին անվանել:
Ընդմիջման ընթացքում պարզվեց, որ Ալիեւի ելույթը դժգոհություն է առաջացրել նաեւ շատ եվրոպացի ու արեւելյան գործընկեր երկրների պատգամավորների մոտ: Ընդմիջումից հետո, մեր պատվիրակությունը տարածեց հայտարարություն եւ պատվիրակության ղեկավարն օգտագործելով իր` վարման կարգի վերաբերյալ խոսելու իրավունքը` հակադարձեց Ալիեւի ելույթին: Այնուհետեւ զեկույցների քննարկման ժամանակ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը, Ստեփան Սաֆարյանը եւ Նաիրա Զոհրաբյանը տեղերից եւս անդրադարձ կատարեցին Ալիեւի ելույթին: Դրանից հետո արդեն ամբիոնից, օգտագործելով զեկույցը ներկայացնելու խոսքի իմ իրավունքը, զեկույցի ներկայացման հետ միասին, քննադատության ենթարկեցի կեղծիքի ու ապատեղեկատվության տարածման, ատելության ու անհանդուրժողականության, հակաքարոզչության, արեւելյան գործընկերւթյան նպատակների եւ հասարակությունների միջեւ փոխվստահության մթնոլորտի կերտմանը խոչընդոտելուն ուղղված գործողություններն ու հռետորաբանությունը: Նույնիսկ տարօրինակ չէր այն հանգամանքը, որ ադրբեջանցի պատգամավորները, որոնք նստած էին մեր կողքին գրեթե փորձեր չարեցին իրենց նախագահին պաշտպանելու մեր ելույթներից:
Ընդհանրապես այս երեք օրերի ընթացքում լինելով Բաքվում ինձ մոտ տպավորությունն այնպիսին էր, որ հասարակությունը եւ նրա շարքային ներկայացուցիչները եթե չգտնվեն ամենօրյա հակաքարոզչության մթնոլորտում, շատ արագ կհաշտվեն ու կգիտակցեն այն իրականությունը, որ ազատության ու ինքնորոշման իրավունքը անբեկանելի է: Ակնհայտ երեւում է, ու մարդիկ, այդ թվում նաեւ պատգամավորները, ում հետ հետաքրքիր զրույցներ ու քննարկումներ ենք ծավալել նաեւ ոչ ֆորմալ մակարդակներում, բնականաբար չեն ցանկանում եւ նրանցից որեւէ մեկը չասաց, որ իրենք պատերազմով կգրավեն Ղարաբաղը: Չասացին, որ հայերը մեր թշնամիներն են, այլ ընդհակառակը: Ամեն ինչ անում էին, որպեսզի մենք մեզ լավ եւ անկաշկանդ զգանք, եւ դա ոչ թե որովհետեւ այդպես հրամայված էր, կամ, որ արարողակարգով այդպես է, ոչ մարդիկ ուղակի գիտակցում են պատերազմից խուսափելու անհրաժեշտությունը: Նրանք մեկ անգամ արդեն ճաշակել են դառնությունը, նրանք մեկ անգամ արդեն կորցրել են անհեռատես քաղաքականության պատճառով եւ չեն ուզում նույն վիճակում հայտնվեն երկրորդ անգամ:
Պատերազմից հետո առաջին անգամ լինելով Բաքվում, շփվելով մարդկանց հետ` ես համոզվեցի, որ բացի Ալիեւների կլանից ու էլի երեւի ինչ-որ մարդկանցից, մյուսներին ղարաբաղյան կոնֆլիկտն ու պատերազմը ուղղակի չի հետաքրքրում: Դրա համար էլ իրականացվում է Ադրբեջանի ներքին եւ արտաքին հակահայ հիստերիկ քաղաքականությունը, որպեսզի պահպանեն եւ իշխանությունը եւ միջզգային հանրության հետ խոսելու հնարավորությունները: Սակայն կյանքը ցույց է տալիս, որ թե միջազգային հանրության ներկայացուցիչներին եւ թե ադրբեջանցի քաղաքացիների մեծ մասին այդ քարոզչությունն այլեւս չի գրավում: Դա ապացուցվեց նաեւ Եվրոնեսթի ԽՎ-ում:
Եվրոպատգամավորների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ ադրբեջանական բացահայտ լոբբիստները, մոտենում էին մեր պատգամավորներին ու իրենց բարոյական աջակցությունն էին հայտնում, նշելով որ Ալիեւը փչացրեց բոլորի տպավորությունը Բաքվի լիագումարից, միաժամանակ նշելով նաեւ մեր պատվիրակության արժանապատիվ կեցվածքն ու չափի ու բանականության մեջ արժանի պատասխանները»:
Thursday, April 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment