Sunday, May 20, 2012

Ծիծեռնակաբերդում հարգել են ցեղասպանության ենթարկված հույների հիշատակը

Tert.am. 9-5-2012- ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ, ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Վասիլիկի Դիկոպուլոն, Հայաստանում հունական հասարակական կազմակերպությունների միության նախագահ Արկադի Խիտարովը, հոգեւոր դասի եւ հունական համայնքի ներկայացուցիչներ մայիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրել Հայոց մեծ եղեռնի հուշակոթողին։ Ըստ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության՝ նրանք լռությամբ հարգել են Փոքր Ասիայի տարածքում 1923թ. Օսմանյան Թուրքիայի կողմից հույների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը։ ՀՀ ԱԺ փոխնախագահը, դատապարտելով 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից Փոքր Ասիայի տարածքում կազմակերպված ոճրագործությունը, ասել է. «Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության միջազգային դատապարտման ուղղությամբ։ Հայաստանի խորհրդարանն ապրիլի 24-ին հանդես է եկել կոչով, որպեսզի միջազգային հանրությունը դատապարտի ոչ միայն Հայոց, այլեւ հույն եւ ասորի ժողովուրդների ցեղասպանությունը»։ «Մենք պետք է միավորենք մեր ջանքերն այս ուղղությամբ, որովհետեւ ցեղասպանության ժխտումը նույնքան վտանգավոր է, որքան ցեղասպանություն կատարելը։ 21-րդ դարում ժխտողականությունը նույնքան վտանգավոր է եւ, այս իմաստով, ես շնորհակալ եմ մեր հասարակությանը, որ մենք շատ պատվախնդիր ենք եւ գնում ենք ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման ու դատապարտման ուղղությամբ»,– ասել է նա։ «Այլ ճանապարհ չկա, եւ ուշ թե շուտ Թուրքիան պետք է ճանաչի թե Հայոց, թե Պոնտոսի հույների, թե ասորիների եւ ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանությունը, որովհետեւ միայն դատապարտելով, միայն հաշտվելով իր պատմության հետ՝ Թուրքիան կարող է ապացուցել, որ եվրոպական քաղաքակրթության կրող է, թեև ես դրանում խորապես կասկածում եմ»,– եզրափակել է Էդուարդ Շարմազանովը։

No comments: