News.am. 21-5-2012- Հայտնի թուրք գրող եւ լրագրող Մեհմեդ Ալի Գյուլերը «Ուլուսալ Բաքիշ» կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության արտաքին քաղաքականության եւ Թուրքիայի ու ԱՄՆ-ի` Կոսովոյում Սիրիա ուղարկվող գրոհայիններին պատրաստականության վիճակի հասցնելուն մասնակցելու պատճառով Անկարան անհարմար դրության մեջ է ընկել: Ըստ նրա` Անկարայի եւ Վաշինգթոնի քաղաքականությունը համընկնում է Մերձավոր Արեւելքում իրադրության վերաբերյալ, ինչպես նաեւ էներգետիկ ռազմավարության եւ անվտանգության առումով: ԱՄՆ-ը Թուրքիայի օգնությամբ փորձում է թափանցել այն պետություններ, հասարակություններ եւ կառույցներ, որոնք դիմադրում են նրա քաղաքականությանը: Գրողն ավելացրել է, որ Կոսովոյում 2000 թվականին ԱՄՆ-ի ստեղծած գրոհայինների պատրաստականության ճամբար են ժամանել, այսպես կոչված, «Սիրիական ազատ բանակի» սպաներ, որպեսզի փորձ փոխանակեն «Կոսովոյի ազատագրման բանակի հետ»: Թուրքիայի տարածքում էլ նման ճամբարներ կան, եւ դա հերթական ապացույցն է ԱՄՆ-ի հետ Էրդողանի եւ Կոսովոյի համաձայնեցված համագործակցության, հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը: Իր հերթին, Թուրքիայի ռազմածովային ուժերի գեներալ մայոր Թուրքեր Էրթուրքը մատնանշել է, որ Էրդողանի կառավարությունն ահաբեկչություն է արտահանում հարեւան երկրներ: Նրա վարած արտաքին քաղաքականությունը նպաստում է լարվածության աճին ոչ միայն հարեւան երկրներում, այլեւ հենց Թուրքիայում: Էրթուրքը հաստատել է, որ ԱՄՆ-ի նպատակը Սիրիայում իրադրության անկայունացնելն է, քաոսի տարածումը, արաբական դիմադրության ջախջախումը, որտեղ Դամասկոսը գլխավոր դեր է խաղում: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան փորձեր են իրականացնում Սիրիայում իրադրությունը լիբիական սցենարի վերածելու, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից վետոյի իրավունքի կիրառումը խախտեց նրանց հանցավոր ծրագրերը: Դա հանգեցրեց նրան, որ նրանք փոխեցին իրենց ռազմավարությունը, եւ, օգտագործելով Սիրիական բանակի դասալիքներին եւ արտասահմանյան վարձկաններին հանուն իրենց շահերի, ահաբեկչական հարձակումներ են իրականացնում սիրիական զինծառայողների եւ խաղաղ բնակիչների դեմ:
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment