«Լրագիր» 21-5-2012- Խորհրդարանի ընտրությունից հետո հետաքրքրական զարգացում է տեղի ունենում Հայաստանի իշխանական եւ ընդդիմադիր դաշտերում: Ընդդիմադիր դաշտում հերթական մասնատումն է, իսկ իշխանության դաշտում ՀՀԿ-ն փորձում է կլանել Բարգավաճ Հայաստանին: Ինչպես հայտնի է, խորհրդարանի ընտրությունից հետո Հայ ազգային կոնգրեսը լքում են Հանրապետություն եւ Լիբերալ կուսակցությունները: Իհարկե, Կոնգրեսն այդ ամենը դիտարկում է ոչ թե մասնատման, այլ այսպես ասած բյուրեղացման համատեքստում: Ինչ կարող են բնորոշել իշխանության եւ ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այդ գործընթացները: Ինչ կարող են ենթադրել դրանք, եւ ինչը կարող է լինել դրանց խորքային, ինչ որ առումով բնական, ժամանակային շարժառիթը: Թերեւս այն, որ խորհրդարանի անցած ընտրությունն արտացոլեց Հայաստանի ընդդիմադիր դաշտի ճգնաժամը, դրա համակարգային բնույթը, իսկ ահա իշխանության պարագայում նկատվեց ճգնաժամի հաղթահարման միտումը: Ընդ որում, այդ իմաստով կա որոշակի պատճառահետեւանքային կապ՝ ընդդիմադիր դաշտում ճգնաժամի գագաթնակետն օգնեց իշխանությանը զգալիորեն լուծել իր ներքին ճգնաժամը թուլացնելու եւ դեպի հանգուցալուծման տանելու խնդիրը: Հայաստանի ընդդիմությունը բաց թողեց ընդդիմադիր քաղաքական պայքարի առանցքում քաղաքացիականության ամրագրման եւ դրա շնորհիվ հնարավորինս լայն հասարակական մոբիլիզացիայի հնարավորություն ձեւավորելու պահը: Ընդ որում, այդ պահը բաց թողնվեց ոչ թե ներկայիս ընտրությանը, այլ դրանից դեռեւս մեկ-երկու տարի առաջ, իսկ միտումները սկսվեցին թերեւս 2008 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից, երբ ընդդիմության այն ժամանակ անկասկած հիմնական եւ գլխավոր կառույցը՝ Հայ ազգային կոնգրեսը, սկսեց իր պայքարը կառուցել աշխարհաքաղաքական եւ քաղաքագիտական վերլուծությունների վրա, դրանք դարձնելով հասարակության հետ հարաբերվելու իր հիմնական տեքստերը: Դա իշխանությանը տվեց քաղաքական դաշտն աստիճանաբար լղոզելու եւ ներիշխանական հակասություններն իր օգտին խաղարկելու հնարավորություն, ընդ որում այդ խաղարկությանը մեծահոգաբար տեղ տալով նաեւ ընդդիմությանն ու դրանով ավելի նպաստելով ընդդիմադիր պայքարի տասնամյակների մեթոդաբանության ճգնաժամի առավել վառ արտահայտվելուն: Այդ ֆոնին, իշխանությունը, տվյալ պարագայում Սերժ Սարգսյանը, կարողացավ դրսեւորել իր անփոխարինելիությունը, այդպիսով իր համար աջակցություն ապահովելով թե հասարակական անտարբերության, թե նաեւ միջազգային ակնհայտ հավանության տեսքով: Ասել, թե նա լուծել է իշխանության ներքին ճգնաժամի հարցը, իհարկե կլինի սխալ: Ավելին, Սարգսյանին դեռ սպասում է ամենամեծ ճգնաժամը՝ պայքար ՀՀԿ ներսում, երբ կչեզոքացվի նաեւ ԲՀԿ-ն: Բայց կասկած չկա, որ Սարգսյանը նույն հաջողությամբ կլուծի նաեւ այդ ճգնաժամը, եթե ընդդիմադիր դաշտում առկա ճգնաժամը շարունակի, եւ այդ դաշտում չհաջողվի ձեւավորել որակապես նոր միջավայր: Այդ դեպքում կասկած չկա, որ ընդդիմադիր դաշտն այս անգամ էլ սկսելու է գործակցության եզրեր փնտրել ՀՀԿ թեւերի հետ, այդպիսով Սերժ Սարգսյանին հերթական անգամ օգնելով լուծել իշխանության ներքին ճգնաժամի հարցը, այս անգամ թերեւս վերջնականապես: Այդ տեսանկյունից, իհարկե կարելի է այդ ամենի մեջ էլ տեսնել դրական արդյունք: Ի վերջո, եթե ընդդիմության ներկայիս դաշտն իր որակով ավելիին ունակ չէ եւ ընդամենը կարող է իշխանությանն օգնել հանգուցալուծել իր ներքին ճգնաժամը, դա արդեն իսկ դրական տարր պարունակում է: Բանն այն է, որ իշխանության ճգնաժամ ասվածը վտանգավոր է պետության եւ հասարակության համար, հատկապես երբ այն կրում է շարունակական բնույթ: Խնդիրն այստեղ ընդամենը այն է, թե կամա թե ակամա ում կօգնի ընդդիմությունը ներՀՀԿ-ական պայքարում, քանի որ ակհայտ է, որ այստեղ պայքարի հիմնական թեւերը պայմանականորեն բաժանվում են ռեֆորմատորների եւ քրեաօլիգարխների: Բայց, այդուհանդերձ, այդ պայքարը լինելու է համակարգի տրամաբանության ներքո, հետեւաբար սպասվում է տեւական պայքար, որտեղ հակադրություններն ու փոխհամաձայնությունները հաջորդելու են իրար: Այդ պայքարի տրամաբանությունը ենթադրում է, որ երկու թեւերն էլ շահագրգռված չեն լինելու որակապես նոր քաղաքական ընդդիմության համակարգի ձեւավորմամբ, քանի որ այդ դեպքում ներիշխանական թեւերը կարող են կորցնել ընդդիմությանը խաղարկելու հնարավորությունը: Ներկայիս ընդդիմադիր դաշտը թերեւս գտնվում է այդ խաղարկման համար ամենահարմար վիճակում, ընդ որում այնքան հարմար, որ անգամ կարող է որեւէ կողմին չնեղացնել եւ խաղարկվել երկկողմանիորեն: Առավել եւս, որ իշխանության թեւերը դրանում համոզվել են գործնականում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment