Մայիսի 10-ին ՄԱԿ-ում տեղի է ունեցել Անվտանգության Խորհրդի հակաահաբեկչության հարցերով զբաղվող կոմիտեների զեկույցների քննարկում, որն անց էր կացվում Ադրբեջանի նախագահության ներքո: Վերջինս փորձել է չարաշահել նախագահողի իր դիրքը` մերժելու համար հանդիպմանը ելույթ ունենալու Հայաստանի խնդրանքը` գիտակցելով, որ հայկական կողմն անպատասխան չի թողնի անցած շաբաթ ՄԱԿ-ի այդ մարմնում Ադրբեջանի նախագահի ցինիկ և ստահոդ հայտարարությունները: ԱԽ անդամ երկրների ճնշման արդյունքում ադրբեջանական նախագահությունը ստիպված է եղել ելույթի հնարավորություն ընձեռել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանին: Հաշվի առնելով ահաբեկչության հանցագործության անդրսահմանային բնույթը` Հայաստանի դեսպանը նշել է, որ այս բնագավառում տարածաշրջանային համագործակցության հիմնական խոչընդոտներից է հարևան երկրների հետ սահմանների փակ լինելն, ու խորը մտահոգություն հայտնել, որ միջազգային կառույցներն հստակորեն մատնանշում են, որ Ադրբեջանի տարածքն ազատ օգտագործվում է տարբեր ահաբեկչական ու ծայրահեղ կրոնական խմբավորումների կողմից, որոնք այդ երկիրն իրենց հանցագործ գործունեության համար ապահով միջավայր են համարում: Դեսպանը նաև հավելել է, որ այդ խմբավորումները կովկասյան տարածաշրջանով մեկ զբաղվել են մարդկանց, զենքի ու փողերի ապօրինի փոխադրմամբ, որի համար էլ միջազգային հանրությունը շարունակում է ահազանգել Ադրբեջանի կողմից ձեռնարկված անբավարար հակաահաբեկչական քայլերի առնչությամբ: Դեսպան Նազարյանը նաև նշել է, որ հայտնի ու լավագույնս փաստագրված է Ադրբեջանի իշխանությունների կապն "Ալ-Ղաիդային" հարող ահաբեկչական խմբերի հետ, որոնք փորձել են պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ 90- ականների սկզբին և որ այդ պատճառով էլ անհրաժեշտ է դրսևորել զգոնություն` թույլ չտալու ահաբեկիչների հավաքագրումն ու ծայրահեղականների կողմից տարածաշրջանի փխրուն իրավիճակի կրկնակի շահարկումն ահաբեկչությունների ու սադրանքների միջոցով: Ի դեպ, այսօր, որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ, ՄԱԿ-ում պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ԱԳՆ հայտարարությունն Ալիևի մայիսի 4-ի ելույթի առնչությամբ, որն առաջացրել էր անդամ երկրների տարակուսանքն ու անթաքույց դժգոհությունը: Տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Sunday, May 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment