Tert.am. 9-5-2012- Այսօր Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներն անցկացրին Միավորված ազգերի կազմակերպության՝ մոդել խաղ-խորհրդաժողով, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Ռուս-հայկական համալսարանի միջև կնքված համագործակցության շրջանակներում: Խաղ-խորհրդաժողովի մասնակիցների քննարկման թեման Իրանի միջուկային ծրագիրն էր: ՄԱԿ-ի մոդել խաղ-խորհրդաժողովներում կրկնօրինակվում են ՄԱԿ-ի մարմինների գործունեությունը, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետությունների և քննարկում են համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ խաղ-խորհրդաժողովի նպատակը ուսանողներին դիվանագիտական հմտություններ փոխանցելն է: «Ուսանողներից յուրաքանչյուրը ստացել է առաջադրանք: Ներկայացնում է որևէ երկիր և արտահայտում է այդ երկրի դիրքորոշումն ու շահերը: Ես հիացած եմ ուսանողների ջանասիրությամբ: Նրանք իրենց բոլոր ջանքերը ներդրել են խաղի մեջ և շատ լրջորեն են պատրաստվել, թեև գտնվում են քննական շրջանում»,- ասաց Մարիա Դոցենկոն։ Նա նաև նշեց, որ այն գիտելիքները, որոնք ուսանողները ձեռք են բերում խաղին նախապատրաստվելիս, պետք կգա ամբողջ կյանքում՝ ինչով էլ որ հետագայում զբաղվեն: Համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Սյուզաննա Շամախյանն էլ տեղեկացրեց, որ ուսանողներին աջակցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան խորհրդական-տեղակալ Ջաֆար Զամանին՝ տրամադրելով ուսումնասիրություններ և հակիրճ տեղեկատվություն հարցի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ: «Եթե խաղի ավարտին գանք որևէ համաձայնության և, եթե փաստաթուղթը լինի այնպես մշակված, ինչպես մենք ենք ուզում, այն գուցե ներկայացնենք ՄԱԿ-ի գրասենյակին, որպես խորհրդատվություն: Բայց խաղը հնարավորություն է ուսանողների համար՝ ներգրավված լինել միջազգային մակարդակի հարցերում»,-ասաց Սյուզաննա Շամախյանը: Վերջինս նաև տեղեկացրեց, որ նախքան խաղ-խորհրդաժողովի անցկացումը, ուսանողները անցել են փորձառության դասընթացներ:
Sunday, May 20, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment