2012 թվականի Մայիսի 11-ին լույս ընծայված համարում «Առավոտ» օրաթերթը արդեն հրատարակել է «Ջուրը պետք է հոսի, որ ճահիճ չառաջանա» հոդվածը, որը որոշ հավելումներով ու նոր խորագրով սիրով ներկայացնում եմ հասարակության դատին: Եկեղեցին լինելով հոգևոր կառույց` իր գործունեությամբ շատ սերտ հաղորդակցության մեջ է գտնվում հասարակության հետ, որը կամա թե ակամա ենթարկվում է նաև համաշխարհային փոփոխություններին և որդեգրում այն սկզբունքները, որոնք առավելագույնս ապահովում ու իմաստավորում են իր գոյությունը: Եկեղեցու դերակատարումը կայանում է նրանում, որպեսզի ուղղորդի ժողովրդին և զերծ պահի տարբեր տեսակի կրոնական և ոչ կրոնական հոսանքների բացասական ազդեցություններից: Այս նպատակին հասնելու համար եկեղեցական բարեփոխումները պարզապես անխուսափելի են, որովհետև եղածով ժամանակի մարտահրավերների դեմ պայքարելը առնվազն անհեռանկարային է, որովհետև եթե բարեփոխումներ չկատարվեն, ապա ժողովուրդը մի ամպամած օր կօտարանա եկեղեցուց: Եթե հետադարձ հայացք նետենք և համեմատականներ անցկացնենք, ապա կտեսնենք, որ այսօրվա Հայ եկեղեցին ավելի ազատ է պահքի ու պահեցողության նկատմամբ, ժուժկալությունը կարծես դադարում է հոգևոր կատարելության համար նախապայման լինել, առաջ են գալիս նոր մոտեցումներ, նոր բացատրություններ, նոր հարաբերություններ, նորաոճ եկեղեցիներ ու եկեղեցական նորաստեղծ ընկերություններ, միություններ ու կենտրոններ: Այդ ամենը շատ բնական ու ողջունելի է: Մենք ըմբռնումով ենք մոտենում այն փաստին, որ եկեղեցական կյանքում յուրաքանչյուր փոփոխություն առավել կամ նվազ չափով փոխում է մեր կյանքը և փոփոխության է ենթարկում արդեն գոյություն ունեցող Եկեղեցական Ավանդությունը, իսկ որոշ դեպքերում նաև` ժողովրդական սովորությունները: Բարեփոխումների անհրաժեշտությունը զգացվում է այնպես, ինչպես ցուրտ ժամանակ ջերմության կարիքն է զգացվում: Ես գրեցի «Կաթողիկոս ընտրելու տրամաբանությունը կամ նժույգին սանձ է պետք» (www.religions.am, 26. 04. 2012) հոդվածը այն համոզումով, որը իմ մեջ ամրագրվել է իրականության վերլուծությամբ: Կազմակերպչական ու բովանդակային առումով կաթողիկոսական ընտրությունները շատ անգամ տարբերվել են իրարից: Ամեն անգամ ինչ որ բան ավելի է կատարելագործվել ու հարմարվել տվյալ ժամանակի պահանջներին` առանց խախտելու Սրբազան Ավանդությունը: Կաթողիկոսական ընտրությունները Եկեղեցական Ավանդության շարքին են պատկանում, որոնք փոփոխվել են միշտ, և այսօր էլ, ինչպես նշեցի, Եկեղեցական Ավանդությունները փոփոխվում են մեր աչքի առաջ: Սակայն մի պահ անցյալին դառնանք. Հայ եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած էր և այդ հանգամանքը չխանգարեց նրան Սուրբ կոչվելու և, կարծում եմ, նա շատ ավելի երջանիկ էր, որ իր օրինական ընտանիքն ուներ, քան իրենից հետո եղած այն կուսակրոն կաթողիկոսները, որոնք չունեին օրինական ընտանիք ու օրինական զավակներ: Ավելին, կաթողիկոսական գահը ժառանգաբար փոխանցվեց Գրիգոր Լուսավորչի որդուն`Արիստակեսին, որին նույնպես չխանգարեց օրինական ընտանիք ունենալ և սրբակենցաղ կյանքով ապրել: Կարծես շատ լավ էր ամեն ինչ: Հեթանոսները դարձի էին գալիս, եկեղեցին կազմավորվում ու կազմակերպվում էր, քաղաքական իրավիճակն էլ վատթարագույններից չէր, իսկ այդ ընթացքում կաթողիկոսական գահը ժառանգում է Գրիգոր Լուսավորչի թոռը` Արիստակեսի որդին` Վրթանեսը: Փաստորեն ձևավորվեց Եկեղեցական Ավանդություն, համաձայն որի կաթողիկոսական գահը պետք է փոխանցվեր ժառանգաբար: Այժմ արհամարհվա՞ծ է այս Ավանդությունը: Ինչու՞ կաթողիկոսներին սկսեցին ընտրել կամ նշանակել և ոչ թե համաձայն Եկեղեցական Ավանդության ժառանգաբար ընդունել: Ինչու՞ կաթողիկոսական գահը վերապահվեց միայն կուսակրոններին: Ո՞վ կարող է հանդգնել ու ասել, որ դրանով խախտվել է Սրբազան Ավանդությունը: Ոչ ոք չի կարող ասել, որովհետև եթե չի խախտվել, ապա ինչպե՞ս կասենք, որ խախտվել է: Ընդամենը տեղի է ունեցել Եկեղեցական Ավանդության փոփոխություն, որը վնասակար հետևանք չէր թողնում Եկեղեցում: Անկասկած, պահպանողական ու եկեղեցասեր անձինք կարող են շատ գեղեցիկ խոսքերով այլ բացատրություններ նույնպես տալ, թե ինչպե՞ս և ինչու՞ դա տեղի ունեցավ և թե որքա՞ն կարևոր էր, որ կաթողիկոսները ընտրվեին և ընդ որում թեկնածուն պետք է պարտադիր կուսակրոն լիներ: Ավելին, ես նույնպես ոչ պակաս կարող եմ բացատրել թե ինչու՞ փոխվեցին ընդունված կարգերը, ես ինձ որևէ մեկից պակաս եկեղեցասեր չեմ համարում, բայց այստեղ կարևորն այն է, որ այդ փոփոխության անհրաժեշտությունը իր բացատրությունը ունի: Այդ փոփոխությունը անհրաժեշտ էր Հայ Եկեղեցու համար: Արդյո՞ք միջնադարում Հայ եկեղեցին նույնն էր, ինչ առաջին դարերում: Իհարկե ոչ, ինչպե՞ս նա կարող էր նույնը մնալ, երբ սկսվել էր կաթողիկոսական Աթոռի դեգերումները, պառակտումները, պատերազմները, դավաճանությունները և այլն և այլն, այս ամենը փոխել են մեր եկեղեցին, փոխել ու դարձրել են այնպիսին ինչպիսին պահանջում էր ժամանակն ու ժողովուրդը, քանի որ Հայ եկեղեցին հայ ժողովրդին ծառայելուց բացի այլ առաքելություն երբեք չի ունեցել: Այսօր ինչ որ տեղ փոփոխվում են եկեղեցաշինության մեջ Եկեղեցական Ավանդությամբ որդեգրված ճարտարապետական լուծումները: Իսկ ո՞վ կարող է համարձակվել ու ասել, որ խախտվում է Սրբազան Ավանդությունը: Ոչ ոք, որովհետև այն չի խախտվում: Այլ խոսքով, կառուցվող եկեղեցիների մոդեռնացումը նույնպես իր բացատրությունը ունի: Ցանկացած փոփոխություն իր բացատրությունը ունի: Իր բացատրությունը ունի նաև կաթողիկոսական ընտրությունները ցմահ ընտրովիից յոթամյա ժամկետի անցնելու անհրաժեշտությունը, պարզապես պետք է ազնիվ լինենք և ինքնախաբեությամբ չզբաղվենք: Այստեղ ո'չ իմ անձի խնդիրն է ո'չ էլ գործող կաթողիկոսի: Ավելին, ես սրտանց կցանկանայի նոր կաթողիկոսական ընտրություններ լինեին և գործող կաթողիկոսը հնարավորություն ունենար հաստատելու իր ազգընտիր լինելը: Անշուշտ, Սրբազան Ավանդությունը պետք է հարգել: Սրբազան Ավանդությունը պետք է հարգել ոչ միայն այնպես ինչպես հարգում ենք մեր նախնիների հիշատակը, այլ նաև այնպես ինչպես հարգում ու սիրում ենք մեր ապրող հայրերին ու մայրերին, քույրերին ու եղբայրներին, ուստրերին ու դուստրերին, նրանց ովքեր շնչում են այսօր, ովքեր ցանկանում են իրենց երկիրը տեսնել հզոր, տեսնել հզոր երկիր իր հզոր եկեղեցիով և իրենց ցանկությունը հաստատագրում են կոնկրետ քայլերով: Եվ վերջապես պետք է հարգենք ու սիրենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել հեռանկարային երկրում: Հայ եկեղեցական դաշտի բարեփոխումները անպայմանորեն պետք չէ, որ հիմնավորվեն ինչ որ կասկածելի ավանդությունների վրա: «Միություն կարևոր հարցերում, Ազատություն երկրորդականում և Սեր` ամեն բանում» այս է հիմնական սկզբունքը, որը որպես ուղենիշ փոխանցվել է մեզ սերնդե սերունդ: Կաթողիկոսական ընտրությունները և կաթողիկոսի ցմահ ընտրվելը մեծ հաշվով Սրբազան Ավանդության հետ չեն առնչվում, դա Եկեղեցական Ավանդություն է, որը ենթակա է փոփոխման այնպես, ինչպես ժամանակին շատ բաներ են փոխվել, բայց Սրբազան Ավանդությունը անփոփոխ է մնացել: Իրականությունը փաստում է, որ այսօր Ամենայն Հայոց կաթողիկոսի ցմահ ընտրված մնալու հանգամանքը տարաբնույթ խնդիրներ են առաջացնում և իրենց տրամաբանական և արդարացի լուծումը չեն գտնում: Դրանք կարող էին առաջանալ ցանկացած կաթողիկոսի օրոք, բայց ջուրը պետք է հոսի, որ ճահիճ չառաջանա այնտեղ, որտեղ դրա կարիքը չկա: Գալով կաթողիկոսական օծմանը, նշենք, որ այդ հոգեզմայլ արարողությունը նույնպես Եկեղեցական Ավանդություն է, որը ի դեպ շրջանցել են Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիները: Սրբազան Ավանդությունը նույնն է բոլոր եկեղեցիներում, բոլորի համար նույն Սուրբ Գիրքն է գործում: Իսկ ընտրված կաթողիկոսի համար բավարար է նաև քահանայական կամ քահանայական ու եպիսկոպոսական օծումը, դրանով Հայ եկեղեցին չի վնասվի: Կյանքի հետ միասին մարդն էլ է արագ փոխվում, ուստի ժամանակ առ ժամանակ ժողովուրդը, մանավանդ նոր սերունդը, պետք է համոզվի, որ ինչպես իր երկրի նախագահի, այնպես էլ իր երկրի հոգևոր առաջնորդի հետ ամեն ինչ նորմալ է, որ նրա մոտ չեն զարգացել հիվանդագին սովորություններ, որ հոգևոր առաջնորդին հատուկ առաքինությունները դեռ առաջնորդում և ուղենիշ են նրա համար` ազգի ու եկեղեցու համար կարևոր որոշումները կայացնելու ժամանակ: Չասելու համար, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը բացի հոգևոր եկեղեցական գործիչ լինելուց նաև քաղաքական ու հասարակական գործիչ է, պարզապես փաստենք, որ նրա որոշումները կամա թե ակամա ազդում են ժողովրդի սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակի վրա: Նաև հենց այս պարզ պատճառով ուրեմն ժողովուրդը պետք է վստահ լինի, որ նա ունի կառուցողական ծրագրեր` բարելավելու բարեպաշտ ժողովրդի սոցիալական ու բարոյահոգեբանական վիճակը, և վերջապես, որպես Ամենայն Հայոց կաթողիկոս նա պետք է վստահություն ներշնչի ժողովրդին, որ ինքը իսկապես ի վիճակի է և որ իր մտավոր կարողությունները բավարար են ապահովելու համար Հայ ժողովրդի հոգևոր անվտանգությունը: Հարգելիներս: Ես ոչ մեկից նեղացած չեմ խոսում և ոչ մեկի դեմ չեմ խոսում, առավել ևս գործող կաթողիկոսի դեմ, որին ես շատ եմ հարգում: Բայց ես առավել շատ սիրում եմ իմ հարազատ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին: Բնականաբար, Ամենայն Հայոց կաթողիկոսի ցմահ ընտրովիից յոթամյա ժամկետի անցնելու մեխանիզմը պարզերից չէ: Նպատակահարմար է հետևողական լինել այս հարցում և հնարավորության դեպքում կազմակերպել քննարկումներ, կամ համապատասխան մասնագետների կողմից մի հանձնախումբ ստեղծել, որը կկազմի և կներկայացնի այդ մեխանիզմը` հիմնավորված Սրբազան Ավանդությամբ, որը վաղուց արձանագրվել ու Սուրբ Գիրք է դարձել: Տեր Մանուկ քահանա Մնացականյան, աստվածաբանության մագիստրոս
Monday, May 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment