Saturday, June 2, 2012

Դաշնակցության հետաքրքիր որոշումը

«Լրագիր» 1-6-2012- ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, ինչպես հայտնի է, ղեկավարելու է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հետաքրքրական է, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այդ խմբակցության կազմում լինելով, չի ղեկավարելու այն, թեեւ նաեւ ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին համարն էր եւ նախորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ուշագրավ է մեկ այլ հանգամանք: 2008 թվականի նախագահի ընտրությանը Դաշնակցությունը դիմեց օրիգինալ քայլի՝ ներկուսակցական փրայմերիզի, նախագահի իր թեկնածուն ընտրելու համար: Փրայմերիզին հենց Ռուստամյանն ու Հովհաննիսյանն էին թեկնածուները, ովքեր միմյանց միջեւ մրցեցին, մրցակցությունը հավասար ելք ունեցավ, մինչեւ որ հանգուցալուծումը չեղավ Արմեն Ռուստամյանի ինքնաբացարկով: ՀՅԴ նախագահի թեկնածուն եղավ Վահան Հովհաննիսյանը, ով հավաքեց շատ քիչ ձայն, չմտավ առաջատար թեկնածուների շարք, իսկ ՀՅԴ-ն հետո կոալիցիա կազմեց ՀՀԿ հետ եւ այնտեղից դուրս եկավ միայն ֆուտբոլային դիվանագիտությունից հետո: Ներկայում, ՀՅԴ-ն թերեւս փոխհատուցում է 2008 թվականին Արմեն Ռուստամյանի համեստությունն ու անձնազոհությունը եւ նրան գերադասում Վահան Հովհաննիսյանից, ընտրելով ՀՅԴ խմբակցության ղեկավար: Մյուս կողմից, դա չի բացառում, որ Վահան Հովհաննիսյանին էլ ՀՅԴ-ն ընտրելու է նախագահի թեկնածու՝ 2013 թվականի համար: Բայց, կարո՞ղ է արդյոք խմբակցության հարցում Ռուստամյանին տրված նախապատվությունն ունենալ այլ պատճառներ: Օրինակ, կարո՞ղ էր արդյոք ՀՅԴ-ն դժգոհ լինել նախորդ գումարման խորհրդարանում Վահան Հովհաննիսյանի գործունեությունից, որպես խմբակցության ղեկավար: Կամ, կարո՞ղ է արդյոք ՀՅԴ որոշումը նշանակել, որ ՀՅԴ-ն փորձելու է խորհրդարանում այլ որակով եւ շեշտադրումներով հանդես գալ, քան Վահան Հովհաննիսյանի ղեկավարության պայմաններում: Իսկ կարո՞ղ է արդյոք այդ որոշման հարցում նշանակալի դերակատարում ունեցած լինել Սերժ Սարգսյանի հետ Հովհաննիսյանի խնամիության հանգամանքը. Հայտնի է, որ Վահան Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի խնամին է: Իսկ կարո՞ղ է արդյոք խնամիությունը լինել այսպես ասած քաղաքական կատեգորիա: Հավանաբար կարող է, ինչպես օրինակ ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի դեպքում, ով հանդիսանում էր ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջնորդ, ելնելով Գագիկ Ծառուկյանի հետ խնամիական փոխհարաբերությունից: Արդյոք ՀՅԴ-ն համարել է, որ Վահան Հովհաննիսյանն էլ ՀՅԴ-ՀՀԿ միջնորդությամբ էր զբաղված, ինչից փորձում է ձերբազատվել Դաշնակցությունը նոր քաղաքական իրավիճակում, առաջնային պլան մղելով Արմեն Ռուստամյանին: Իսկ արդյո՞ք որեւէ մեկի միջնորդը չէ ասենք Արմեն Ռուստամյանը: Ենթադրենք Ռոբերտ Քոչարյանի, օրինակի համար իհարկե: Միգուցե Դաշնակցությունն այդպես փորձում է ադեկվատ արձագանքել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերության նոր ֆորմատին: Համենայն դեպս, Դաշնակցության որոշումը հետաքրքրական է, եւ չի բացառվում նաեւ, որ այդ որոշումը նշմարում է կուսակցության ներսում խմորվող փոփոխությունների որոշակի միտում: Բանն այն է, որ Արմեն Ռուստամյանը, ի տարբերություն Վահան Հովհաննիսյանի, փոքր ինչ այլ տեսակի ու որակի գործիչ է եւ թերեւս ավելի շատ այսպես ասած նոր ՀՅԴ-ի խորհրդանիշներից, քան Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նոր ՀՅԴ-ն զգալիորեն դուրս մնաց խորհրդարանից: Օրինակ, ՀՅԴ ցուցակով այնտեղ հայտնվեց գործարար Հրանտ Վարդանյանի ներկայացուցիչը, փոխարենը այնտեղ չհայտնվեցին այնպիսի նոր, թարմ եւ համակրելի ու հեռանկարային դեմքեր, ինչպիսիք են Արա Նռանյանը, Լիլիթ Գալստյանը, Նվարդ Մանասյանը: ՀՅԴ նոր դեմքերից խորհրդարանում հայտնվեց Արծվիկ Մինասյանը, ով սակայն վերջին շրջանում բավական տհաճ ֆոնի վրա հայտնվեց երեւանյան հրկիզված ակումբի հայտնի պատմության եւ դրանում իր արտահայտած դիրքորոշման հետեւանքով: Հավանաբար, Արմեն Ռուստամյանի ընտրությունը ոչ միայն նոր քաղաքական եւ ներիշխանական իրավիճակին ադեկվատ արձագանքելու փորձ էր, այլ նաեւ ներկուսակցական կոմպրոմիսի որոշակի փորձ, երբ ՀՅԴ-ն փորձ է անում գտնել հնի ու նորի միջեւ մի եզր, որը կարող է կոմպրոմիսային լինել կուսակցության վերափոխման հրամայականի համատեքստում: Հարցը միայն այն է՝ դա հինը պահպանելու, թե նորին սահուն անցնելու կոմպրոմիս է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: