Ադրբեջանի հարավային սահմանից այն կողմ`Իրանում, ամեն ինչ ավելի մատչելի է, իսկ առողջապահության համակարգն ավելի որակյալ է: Ադրբեջանի հարավային շրջանների բնակիչները պարբերաբար մեկնում են հարեւան Իրան`սննդամթերք գնելու եւ առողջապահության համակարգից օգտվելու համար: Չնայած սահմանային անցակետում գոյացող հերթերին ու դժկամ պաշտոնյաներին, ադրբեջանցիները պնդում են, որ այս անհարմարությունները հատուցվում են իրենց խնայած գումարով: Սակայն փորձագետները նշում են, որ սահմանային առեւտուրը նույնպես կարող է անհանգստության պատճառ հանդիսանալ, քանի որ Թեհրանը կարող է օգտագործել այն`իր ազդեցությունն Ադրբեջանում տարածելու համար: Չնայած մշակութային ընդհանրություններին, հետխորհրդային Ադրբեջանը եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարդ հարաբերություններ ունեն: «Աստարայում ինձ նման շատ գործազուրկներ կան, իսկ աշխատող տղամարդկանց մեծամասնությունը ժամանակավոր, անկայուն աշխատանքով են ապրում`ամսական ստանալով առավելագույնը 200 մանաթ (250 դոլար): Ինչպե՞ս կարելի է այդ գումարով ընտանիք պահել: Ստիպված Իրան ենք գնում, որտեղ ամեն ինչ այստեղից կրկնակի էժան է», - ասում է Աստարա սահմանամերձ քաղաքի բնակիչ Ակիֆ Հուսեյնովը: Սահմանից այն կողմ Աստարայի համանուն քաղաքն է Իրանում, եւ մաքսակետերի մոտ միշտ երկար հերթեր են գոյանում, երբ տեղացիներին միանում են Ադրբեջանի հարավային այլ քաղաքների`Լենքորանի եւ Լերիկի բնակիչները`Իրանում առեւտուր անելու ու վերադառնալու նպատակով: Հուսեյնովն ասում է, որ ի տարբերություն իրենց ադրբեջանցի գործընկերների, իրանցի պաշտոնյաները բարեհամբույր են եւ չեն կանգնեցնում գնված սննդով բեռնված մարդկանց, որբ վերջիններս Ադրբեջան են վերադառնում: «Ամեն անգամ վերադառնալիս, մեր մաքսատան աշխատակիցները առգրավում են գնված սննդամթերքի կեսը եւ դեն նետում այն: Ենթադրում եմ, որ սահմանն անցնելիս, իրավունք չունենք տասը կիլոգրամից ավել սննդամթերք տեղափոխել, այդ պատճառով նրանք ասում են, որ պետք է յուրաքանչյուր հավելյալ կիլոգրամի համար մեկ-երկու մանաթ վճարենք: Այդ դեպքում ստացվում է, որ սննդի համար վճարած գումարը նույնն է, ինչ Աստարայում եւ Իրան գնալն անիմաստ է դառնում», - ասում է նա: Նախքան նրանց կթույլատրվի անցնել սահմանը, ադրբեջանցիները ստիպված են սպասել Աստարայի մաքսատան հարակից ճաղապատ շինություններից մեկի ներսում: Երբ IWPR-ի լրագրողն այցելեց մաքսատուն, պարզվեց, որ Իրան ճամփորդող ադրբեջանցիները ստիպված էին 3 ժամ սպասել այս երեք ճաղապատ շինություններից մեկում: Օտարերկրյա քաղաքացիների համար նախատեսված շինություններից մեկում ընթացակարգն ավելի արագ էր, սակայն այստեղ էլ ստիպված էին մեկ ժամ սպասել: Լրագրողին այս կարճ ճանապարհը ցույց տվեց հավաքարարներից մեկը, ով ասաց, որ այստեղ կարելի էր մուտք գործել`«փոքրիկ գումար» վճարելով: «Այս սարսափելի տեսարանն ամեն օր կրկնվում է վաղ առավոտից մինչեւ ժամը 12-ը կամ 1-ը: Այս մարդկանց մեծ մասն ինձ նման գնում է Իրան սնունդ գնելու: Նախ`պետք է 2-3 ժամ սպասել, որպեսզի այդ վանդակի մեջ հայտնվենք, հետո էլ նույնքան պետք է սպասել արդեն դրա ներսում: Այն բոլոր կողմերից փակ է, եւ մարդիկ հաճախ են հիվանդանում այնտեղ: Իսկ սահմանապահներից մեկ ժամ է պահանջվում դուռը բաց անելու համար, մինչ մենք բղավում ենք նրանց վրա», - նկարագրում է Ադրբեջանի հարավում գտնվող Յարդիմլի շրջանի բնակիչ Մաքսուդը: Նա ասում է, որ չնայած այս ամենին, ամիսը երկու անգամ Իրան է մեկնում: «Ես ուսուցիչ եմ, ամիսը 240 մանաթ եմ ստանում: Եթե Իրան չգնամ սնունդ գնելու համար, ընտանիքս քաղցած կմնա: Իհարկե, կարելի է 10-15 մանաթ շռայլել ու մաքսատուն մտնել օտարերկրացիների համար նախատեսված ձախ վանդակով: Այնտեղ սպասարկումն ավելի արագ է, եւ ստիպված չես լինում այդքան երկար սպասել: Բայց այդ գումարով ես կարող եմ շատ սնունդ գնել Իրանում, եւ ամոթ կլինի այն սահմանապահներին տալը», - ասում է նա: Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության անդամ Ասեն Հաշիմլին, ով ապրում է Իրանում, այն կարծիքին է, որ ստեղծված իրադրությունն արտացոլում է Ադրբեջանում գոյություն ունեցող պայմանները: «Բոլոր այս մարդիկ մատչելի գներ ունեցող սննդի, արդյունաբերական ապրանքների ու դեղորայքի համար են մեկնում Իրան: Եվ այս ամենը սկսվել է տարիներ առաջ: Իրանում դեղորայքն ավելի մատչելի է ու որակյալ: Աղքատ ադրբեջանցիների համար Իրանը դարձել է իրենց ընտանիքները կերակրելու ու բուժվելու միակ հույսը: Եվ դժբախտաբար, ադրբեջանական մաքսատներն օգտվում են այս հանգամանքից», - ասում է նա: Սաֆուրա Քադիմովան, ով ժամանակին մեկնել է Իրան բուժվելու, պատմում է, որ Ադրբեջանի հարավային հարեւանի առողջապահական համակարգն իսկապես որակյալ է: «Ութ տարի էր արդեն, ինչ ամուսնացած էի, բայց երեխա չէինք կարողանում ունենալ: Այստեղ անվերջ ստուգումներ եմ անցել ու բուժում ստացել`շուրջ 5 000 մանաթ ծախսելով: Ի վերջո, ընկերներս խորհուրդ տվեցին Իրան մեկնել: Այնտեղ 400 դոլար ծախսեցի եւ ընդամենը մեկ ամիս հետո`բուժման առաջին փուլի ավարտին, անմիջապես հղիացա», - ասում է նա: Աստարայի փոխքաղաքապետ, տեղական առողջապահական համակարգի գծով հատուկ պատասխանատու Նաթիգ Իբադովը խոստովանում է, որ քաղաքի բնակիչները հաճախ են Իրան մեկնում բուժվելու համար, սակայն նա պնդում է, որ այստեղ կառուցված նոր հիվանդանոցի շնորհիվ իրադրությունը կբարելավվի: «Այն [հիվանդանոցը] համալրված է ամեն ինչով: Նախագահը եւս երկու միլիոն մանաթ է հատկացնելու հիվանդանոցի երկրորդ թեւը կառուցելու համար: Այժմ մենք ի վիճակի կլինենք բուժել մեր հիվանդներին այստեղ, եւ այլեւս Իրան գնալու կարիք չի լինի», - ասում է Իբադովը: Հիվանդանոցն իսկապես մեծ է ու կարծես ժամանակակից սարքավորումներով է համալրված: Սակայն երբ IWPR-ի լրագրողն այցելեց հիվանդանոց, այնտեղ անգամ մեկ հիվանդ չտեսավ. միայն բժիշկներն ու բուժքույրերն էին միասին նստած թեյ խմում: Հաշիմլին իր հերթին նշում է, որ նորակառույց հիվանդանոցը դժվար թե ստիպի մարդկանց հրաժարվել պարբերաբար Իրան մեկնելու մտքից: «Եթե պատշաճ մակարդակի բժիշկներ չունենք, իսկ եղածներն էլ մտածում են միայն հիվանդներից փող կորզելու մասին, ապա ո՞վ կգնա այնտեղ: Բոլորն էլ շարունակում են Իրան գնալ», - ասում է նա: Հաշիմլին հավելում է, որ իշխանությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի հարավային շրջաններին, քանի որ դրանք գտնվում են ռազմավարական առումով բարդ տեղանքում: «Գաղտնիք չէ, որ Իրանն ազդեցություն ունի Ադրբեջանի հարավային շրջաններում: Եվ այժմ նրա ազդեցությունն աճում է տեղական բնակչության կարիքների հաշվին: Պետությունը պետք է լուրջ մոտենա այս հարցին: Այն պետք է մարդկանց աշխատանքով եւ պատշաճ կենսապայմաններով ապահովի, որպեսզի Ադրբեջանի քաղաքացիները կարողանան սովորել, բուժօգնություն ստանալ ու հույսը չդնեն Իրանի վրա», - եզրակացնում է Հաշիմլին: Սամիրա Ահմեդբեյլին IWPR-ի թղթակիցն է Ադրբեջանում: Շահլա Սուլթանովան IWPR-ի կողմից վերապատրաստված ազատ լրագրող է Ադրբեջանում: Կովկասյան լրատու
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment