Saturday, June 2, 2012

Անկարան կաջակցի Բաքվին` Թեհրանի դեմ առճակատման դեպքում. НГ

Tert.am. 1-6-2012- Թեհրանի կողմից Բաքվի հասցեին հնչող սպառնալիքների ֆոնին, մոտակա օրերին Ադրբեջան կայցելեն Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները: Ադրբեջանական մամուլի համաձայն` թուրք գեներալների այցը նախատեսված է հունիսի 5-8-ին, ինչը կլինի յուրօրինակ աջակցության դրսևորում Բաքվի և Թեհրանի միջև լարվածության ընթացքում: Իսկ հունիսի 19-22-ը Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատարի պաշտոնում իր առաջին այցը կկատարի փոխադմիրալ Սարդար Դյուլգերը: «Թուրք բարձրաստիճան սպաների այցն Ադրբեջան սովորական երևույթ է, միայն թե այս անգամ դրան նպաստել է տեղեկությունն այն մասին, թե իրանական ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում` Ադրբեջանի հետ սահմանին: Իսկ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ենթադրում են, որ իրանական ռազմանավերը վարժանքներ են անցկացնում Ադրբեջանի ջրային տարածքում»,- գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: Ինչ վերաբերում է 2 երկրների դիվանագիտական հարաբերություններին. նախօրեին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն ու Թավրիզում հյուպատոսությունը նոտա են հղել իրանական կողմին` մայիսի 2-ին այս երկրում ադրբեջանցի երիտասարդ գրականագետներ Ֆարիդ Հուսեյնին ու Շահրիյար Հաջիզադեին առևանգելու կապակցությամբ: Ավելի վաղ համապատասխան նոտան ուղարկվել էր նաև Բաքվում Իրանի դեսպանատուն: Թերթը հիշեցնում է, որ գրականագետներն Իրան էին հրավիրվել` մասնակցելու իրանցի պոետ Բաղրամ Սուրգյունի գրքի շնորհանդեսին ու ձերբակալվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից: Ադրբեջանական կողմը ենթադրում է, որ երիտասարդներին առևանգել են Իրանի հատուկ ծառայությունները: «Վերլուծաբանների կարծիքով` երկու երկրների միջև հանկարծահաս լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ օվկիանոսից այն կողմ տեղեկություն տարածվեց, թե իբր Բաքուն համաձայնել է Իսրայելի Ռազմածովային ուժերի ինքնաթիռներին տրամադրել իր օդանավակայանները: Չնայած Ադրբեջանի ու Իսրայելի կողմից լուրի հերքմանը, Իրանն իր լրատվամիջոցներում լայնածավալ հակաադրբեջանական արշավ սկսեց` «չենթադրելով, որ Ադրբեջանն էլ պարտք չի մնա», գրում է թերթը` հավելելով, որ ստանալով Ադրբեջանի կողմից «հակահարված»` Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը նախօրեին հայտարարեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները «փչացնում են սիոնիստները»: Ի պատասխան, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը հայտնել է, թե իր երկիրը կողմ է Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններին: «Սակայն, ցավոք, «Եվրատեսիլ» մրցույթում մեր հաղթանակից հետո, Իրանի դիրքորոշումը փոխվեց: Սկսեցին հնչել բազմաբնույթ հայտարարություններ, անցկացվել ակցիաներ»,- ասել է նա` հավելելով, որ վերջին ժամանակներում Իրանը հակաադրբեջանական երեք ռադիոալիք է հիմնել` «Ռադիո Թավրիզ», «Ռադիո Թեհրան» և «Ռադիո Արանա»: Ադրբեջանցի վերլուծաբանները կարծում են, որ առճակատման «մեղավորը» Թեհրանն է, «որը փորձում է տապալել Ադրբեջանին` բռնած զարգացման ուղուց ու անամոթաբար ահաբեկիչներ է պատրաստում Ադրբեջանի տարածքում գործելու համար»:

No comments: