Saturday, June 2, 2012

ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ. Ղարաբաղում պատերազմի վերսկսումը տարածաշրջանի համար աղետ կդառնա

News.am. 1-6-2012- Լեռնային Ղարաբաղի շուրջ բարդ հակամարտության պայմաններում անթույլատրելի է ռազմատենչ հռետորաբանությունը: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը Երեւանի պետական համալսարանի եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հունիսի 1-ին կայացած հանդիպման շրջանակներում: Պատասխանելով Ադրբեջանի կողմից մշտական խախտումների եւ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ հարցին` դեսպանն ընդգծել է, որ ռազմատենչ հայտարարություններն անթույլատրելի են, իսկ սպառազինության մրցավազքը պետք է դադարեցնել` հատկապես սպառազինության ոլորտում մեծ ներդրումների առնչությամբ: «ԵՄ-ն դեմ է ցանկացած պատերազմի` լինի այն պատահական, թե ծրագրված: Ամեն դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը կդառնա աղետ տարածաշրջանի համար», - ընդգծել է Լեֆորը: Մեկնաբանելով հաշտության ռեժիմի խախտման եւ Ադրբեջանի կողմից արձանագրված մի շարք սադրանքների վերաբերյալ հարցին` Ֆիլիպ Լեֆորը հիշեցրել է, որ այդ հարցը եւս գտնվում է ԵԱՀԿ դիտարկման շրջանակում, իսկ հակամարտող կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել միջադեպերի հետաքննության վերաբերյալ: Ըստ նրա` սահմանին դիպուկահարի գործողության հետեւանքով ցանկացած մարդու կորուստ ողբերգություն է: «Նման պատահարները կրակի վրա յուղ են լցնում», - ամփոփել է դեսպանը` ավելացնելով, որ ԵՄ-ն իր կողմից փորձում է նպաստել իրավիճակի բարելավմանը` հաշվի առնելով Վրաստանի հետ բանակցությունների իր փորձը: Դեսպանը նաեւ հիշեցրել է, որ ներկայումս ԵԱՀԿ-ում նախագահում է Իռլանդիան, որն ունի բարդ հակամարտությունների կարգավորման փորձ: «Սակայն կարեւորը կողմերի այն գիտակցումն է, որ այդպես այլեւս չի կարող շարունակվել, չի կարելի ապրել վերսկսվող պատերազմի մշտական սպառնալիքի ներքո», - նշել է Ֆիլիպ Լեֆորը:

No comments: