Saturday, June 2, 2012

ԲՀԿ-ն Ղարաբաղով կամ Ղարաբաղի վրա

«Լրագիր» 1-6-2012- Բարգավաճ Հայաստան խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն իր գրասենյակում ընդունել է Եվրոպայի միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, ով գտնվում է Հայաստանում: Այդ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման առանցքային թեման է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու դրանում Եվրամիության դերի հեռանկարը: Ինչպես հայտնի է, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատորեն է վերաբերում Հայաստանի ներկայիս իշխանության քաղաքականությանը Ղարաբաղի հարցում: 2008 թվականից ի վեր, Վարդան Օսկանյանը բազմաթիվ անգամ իր դիտողություններն է արել այդ քաղաքականության վերաբերյալ, հայտարարելով, թե Հայաստանն իջեցրել է այն նշաձողը, որ սահմանել էին իրենք Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում: Ներկայում, այդ հանգամանքը հետաքրքիր է դարձել այն առումով, որ Վարդան Օսկանյանն արդեն անհատ չէ, այլ ԲՀկ անդամ, այդ կուսակցության պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ: Հետեւաբար հարց է առաջանում, թե ներկայում Ղարաբաղի հարցի վերաբերյալ Վարդան Oսկանյանի տարաձայնությունն իշխանության հետ որքանով է հանդիսանում նաեւ ԲՀԿ տարաձայնությունը: Որքանո՞վ է Բարգավաճ Հայաստանը Ղարաբաղի հարցում դարձել Վարդան Օսկանյանի մոտեցումների կրողը, ինչը կնշանակի նաեւ Սերժ Սարգսյանի մոտեցումների ընդդիմախոսը: Այդ պահը հատկապես հետաքրքրական է այն առումով, որ մինչ այդ, Բարգավաճ Հայաստանը ոչ միայն ընդհանուր արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումներում էր հիմնականում ապավինում հռչակագրային, ընդհանրական եւ հերթապահ ձեւակերպումների, այլ մասնավորապես նաեւ Ղարաբաղի հարցում: Ընդհանրապես, այդ կուսակցության եւ նրա առաջնորդի համար այդպիսի հարց կարծես թե գոյություն չուներ, կամ այն համարվում էր բացառապես Սերժ Սարգսյանի “արտոնությունը”: Ներկայում, երբ ԲՀԿ-ում է Վարդան Օսկանյանը, Բարգավաճ Հայաստանը կարծես թե ստիպված է կամ լռեցնել Օսկանյանին, կամ էլ հանդիսանալ նրա տեսակետների արտահայտման ձեւաչափերից մեկը, որպես կուսակցություն, որը խորհրդարանում ունի իր մեծությամբ երկրորդ խմբակցությունը ՀՀԿ-ից հետո: Հարցը հետաքրքրական է նաեւ այն համատեքստում, որ Ղարաբաղի խնդիրը նշանակալի ազդեցություն ունի ներիշխանական հարաբերություններում: Օրինակ, 2011 թվականի փետրվարի 17-ի կոալիցիոն հայտնի հուշագիրը, որ կնքվեց Սերժ Սարգսյանին սատարելու բովանդակությամբ, ԲՀԿ առաջնորդը հանրությանը մատուցեց հենց այն պատճառաբանությամբ, որ կան արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնք միասնականություն են պահանջում: Ինչպես հայտնի է, դրանից օրեր անց՝ մարտի 5-ին պետք է կայանար Ղարաբաղի հարցի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Ինչ կանի ԲՀԿ-ն, եթե ներկայում էլ Սերժ Սարգսյանը ինչ որ պահի իրավիճակը ներկայացնի այնպես, որ Ղարաբաղի խնդրում կան լուրջ մարտահրավերներ, եւ Ծառուկյանը պետք է նորից սատարի իրեն, ցուցաբերի միասնականություն եւ համախմբվածություն: ԲՀԿ-ն կսատարի նորից Սերժ Սարգսյանի՞ն, համարելով, որ Ղարաբաղի հարցը Սարգսյանի “արտոնությունն” է կամ “բնական առավելությունը”, թե այս անգամ կարող է ասել, որ եթե կան մարտահրավերներ, ապա դա Սերժ Սարգսյանի քաղաքականության հետեւանք է եւ նա պետք է հեռանա, իսկ ԲՀԿ-ն կգա եւ կփորձի շտկել իրավիճակը ու բարձրացնել այն “նշաձողը”, որի մասին արդեն մոտ չորս տարի է խոսում է Վարդան Օսկանյանը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: