Saturday, June 2, 2012

Ադրբեջանական նավատորմը և սպառազինությունների մրցավազքը Կասպից ծովում. Window on Heartland

Tert.am. 1-6-2012- Հետխորհրդային տարածքում անվտանգության և ռազմավարական հարցերի վրա կենտրոնացած Window on Heartland աշխարհաքաղաքական վերլուծությունների բլոգը Ադրբեջանի ռազմածովային ուժերը դիտարկել է Կասպից ծովում զարգացող սպառազինությունների մրցավազքի համատեքստում: «1992-ի հուլիսին ստեղծված Ադրբեջանի Նավատորմը համարվում է 2-րդ ամենազորեղը Կասպից ծովում՝ ռուսականից հետո: Ժամանակին Մոսկվայի և Թեհրանի միջև խաղաղ ձևով բաժանված լճում տեղի ունեցող սպառազինությունների մրցավազքը ստիպում է Ադրբեջանին բարելավել իր նավատորմի վիճակը՝ աշխարհի՝ աշխարհաքաղաքականորեն ամենակարևոր տարածաշրջաններից մեկում: Անցած ամիս Ադրբեջանը տակտիկական զորավարժություններ անցկացրեց Կասպից ծովի իր հատվածում՝ «Գազի և նավթի հանքերի, պլատֆորմների և արտահանման խողովակների պաշտպանությունը» խորագրով, որին մասնակցեցին 1200 զինվորական, 21 նավ, 20 արագընթաց նավակ, ինչպես նաև՝ 8 ուղղաթիռ: Զորավարժություններն անցկացվեցին 3 փուլով և 9 տակտիկական առաջադրանքների կատարմամբ: Առաջին փուլում չեզոքացվեց պայմանական ահաբեկչական խմբավորումը: Երկրորդ փուլում ուղղաթիռներն ու նավերը թշնամական սուզանավ ոչնչացրեցին: Վերջին փուլում կանգնեցվեցին նավեր, որոնք չէին արձագանքել կանգ առնելու հրահանգին. ադրբեջանցիները դրանցում պայթուցիկներ, թմրանույթեր և զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչներ փնտրեցին»,- գրված է վերլուծականում: Window on Heartland-ի գնահատականով՝ «Բաքուն իրականում անհանգստացած է պայմանական դերասանների ներկայացրած հնարավոր սխառնալիքներից, քան ահաբեկիչներից»: Շարունակելով՝ վերլուծաբանները նշում են. «Վերջերս Ռուսաստանը հրետանային նավ էր կառուցել՝ «Մախաչկալա», Ղազախստանն էլ հաջողությամբ թողարկել էր առաջին ռազմանավը՝ «Ղազախստանը»: Սակայն հիմնական պոտենցիալ սպառնալիքը Ադրբեջանի համար հարավից է` Իրանից: Իսլամական Հանրապետությունը Հայաստանի դաշնակիցն է, որի հետ Ադրբեջանը երկարամյա հակամարտության մեջ է Լեռնային Ղարաբաղի շուրջ»: «2000-ին Թեհրանը ադրբեջանական հետազոտական նավին թույլ չէր տվել մուտք գործել վիճելի ջրային տարածքներ, և Ադրբեջանը լուրջ զինամթերքի ու սարքավորումների բացակայության պայմաններում զիջել էր՝ չցանկանալով թեժացնել լարվածությունը: Այսօր, ամեն ինչ այլ կերպ է: Ադրբեջանն ավելի համառ է դարձել իր տարածաշրջանային շահերի պաշտպանության հարցում՝ Թուրքիայից, ԱՄՆ-ից և Իսրայելից ստացվող ռազմական օգնության շնորհիվ: Բաքվում գտնվող Խորհրդային Միության Կասպիական նավատորմիղից մնացածի հիման վրա ստեղծված Ադրբեջանական Ռազմածովային նավատորմը ներկայում 2500 հոգուց բաղկացած անձնակազմ ունի, 39 ռազմանավ, այդ թվում 1՝ «Պետյա» դասի պարեկային նավ, 7 այլ պարեկային նավ, 7 ականազերծող նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային նավակ, 1 հատուկ նպատակների ռազմանավ, 1 հատուկ նպատակների մոտորանավակ և Թուրքիայից ու ԱՄՆ-ից ձեռք բերված այլ պարեկային նավեր ու նավակներ: Վաշինգտոնը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի Ռազմածովային ուժերի ստեղծման հարցում՝ տրամադրելով որոշ պարեկային նավեր ու մարզելով ադրբեջանցի ծովայինների հատուկ ուժերը՝ երկրի՝ Կասպից ծովի իր հատվածում տեսահսկում անցկացնելու կարողունակությունը բարձրացնելու նպատակով: Իր հերթին, Երուսաղեմն էլ վերջերս Բաքվին Gabriel-5 հականավային հրթիռներ էր մատակարարել՝ ադրբեջանա-իսրայելական 1,5 մլրդ դոլար արժողությամբ ռազմական գործարքի շրջանակներում: Դրա հետևանքով Ադրբեջանի Ռազմածովային ուժերը այսօր զգալի ուժ են, որ չեն կարող և չպետք է անտեսեն կասպյան այլ հանրապետություններ, մասնավորապես՝ Իրանը»,- նշում է հոդվածագիրը: «Արևմուտքի և Թեհրանի միջև պատերազմի դեպքում Ադրբեջանը փաստացի կարող է անհանգստացել Իրանին հյուսիսից՝ կոալիցիոն ուժերին ռազմական և լոգիստիկ աջակցություն տրամադրելով: Սակայն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի աշխարհաքաղաքական կապերը հավանաբար բավարար կլինեն Բաքվի` հակամարտության մեջ ներգրավվելը զսպելու համար: Այլապես, նույնիսկ Ադրբեջանի զորեղ ռազմածովային ուժերը կարող են բավարար չլինել, որպեսզի Բաքուն խուսափի Սաակաշվիլիի Վրաստանի ճակատագրից մի տարածքում, որը, ի վերջո, դեռ ռուսական լիճ է», - եզրափակում է Window on Heartland-ը:

No comments: