Monday, June 4, 2012

Եվրոպացի լրագրող. Բաքվում անցկացվող մրցույթը ծիծաղելի էր. թեև մենք նավթ չունենք, բայց ունենք ժողովրդավարություն

News.am. 3-6-2012- Ֆրանսիական «CANAL+» հեռուստաալիքի հանրահայտ «Le Petit Journal» Եվրոպացի լրագրող. Բաքվում անցկացվող մրցույթը ծիծաղելի էր. թեև մենք նավթ չունենք, բայց ունենք ժողովրդավարություն News.am. 3-6-2012- Ֆրանսիական «CANAL+» հեռուստաալիքի հանրահայտ «Le Petit Journal» հաղորդաշարի մայիսի 28-ի թողարկումը գրեթե ամբողջությամբ «նվիրված է եղել» այս տարի Ադրբեջանում անցկացված «Եվրատեսիլին»: Հաղորդաշարն անդրադարձել է ոչ այնքան «Եվրատեսիլի» արդյունքներին, որքան Ադրբեջանում տիրող քաղաքական իրավիճակին: Հաղորդման ընթացքում ցուցադրված տեսանյությում նշվում է, որ Ադրբեջանը մամուլի ազատության աստիճանով աշխարհում զբաղեցնում է 179-րդ տեղը: Այն հայտնի է կոռուպցիայի և քաղաքական բանտարկյալների մեծ քանակով: Այնուհետև խոսվում է «Եվրատեսիլի» կազմակերպչական հարցերի մասին: Ըստ այդմ` «Եվրատեսիլին ներկա է եղել Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան, Եվրատեսիլի ընթացքում կատարումներով հանդես եկած սիմֆոնիկ նվագախումբը հովանավորվել է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի կողմից, իսկ ելույթով հանդես է եկել Ադրբեջանի նախագահի փեսան(Էմին Աղալարովը)»: Խոսվում է այն մասին, որ ամեն երկրի ելույթից հետո փոքրիկ տեսանյութով ներկայացվել է Ադրբեջանը որպես «արվեստի երկիր», «ավանդույթների երկիր», «խոհանոցի երկիր», «էներգետիկ երկիր», «պատմական երկիր», իսկ հաղորդման վարողն ավելացնում է` «ինչպես նաև ընդդիմադիր բանտարկյալների երկիր»: «Եվրատեսիլը» մեկնաբանելու համար Բաքու մեկնած հաղորդաշարի լրագրողներն իրենց պատրաստած տեսանյութում ասում են, որ Բաքվում ամենուր զգացվում է «Եվրատեսիլի» շունչը` աջուձախ փակցված են համապատասխան պաստառները: Սակայն նորաոճ ավտոբուսների և հեծանիվների, տպավորիչ շինությունների և ժամանակակից շքեղ բուտիկների կողքին կարելի է տեսնել կիսաքանդ բնակելի շենքեր: Հաղորդաշարի լրագրողները Բաքվի փողոցներում հարցումներ են իրականացնում` իմանալու համար մարդկանց կարծիքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերաբերյալ և ստանում են«տպավորիչ» պատասխաններ: Տեսախցիկի առաջ բոլոր հարցվածներն ամենալավ խոսքերով են արտահայտվում Ալիևի վերաբերյալ` ասելով անգամ, որ այլ մարդու չեն էլ պատկերացնում նախագահի պաշտոնում: Հարցվածները նշում են նաև, որ չեն ճանաչում ընդդիմության որևէ առաջնորդի: Միևնույն ժամանակ, լրագրողները հանդիպում են մարդկանց, ովքեր չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև: Նրանցից մի երիտասարդ տեսախցիկից դուրս ասում է, որ չնայած երկրում կառուցվում են բազմաթիվ շքեղ շինություններ, սակայն բնակչության մեծ մասի կյանքը դրանից չի փոխվում: Նրանք շարունակում են ապրել ծայրահեղ աղքատության պայմաններում: Երիտասարդը նշում է նաև, որ մարդու իրավունքների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան երկրում: Նա ասում է, որ ունի շատ ընկերներ, ովքեր ձերբակալվել են ցույցերի ընթացքում, և որ ներկայումս բազմաթիվ լրագրողներ կան բանտերում: Նա ասում է, որ շատ մարդիկ ձերբակալվել են առանց պատճառի, ուղղակի նրա համար, որ նրանք ուզում էին ցույց տալ, որ ունեն իրավունքներ: Այնուհետև հաղորդաշարի լրագրողները հարցում են կատարում «Եվրատեսիլի» մասնակիցներից, թե ինչ են նրանք մտածում Ադրբեջանում մարդու իրավունքների խնդիրների վերաբերյալ:Միակ մասնակիցը, որը պատասխանում է հարցին, Ֆրանսիայի ներկայացուցիչն է լինում, ով ասում է, որ ներկայումս ողջ Եվրոպան ուշադրությամբ հետևում է «Եվրատեսիլին» և Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը թույլ կտա Ադրբեջանին ավելի զգոն լինել և բարելավել իրավիճակը: Այնուհետև հաղորդման վարողը Ադրբեջանում տիրող իրավիճակը քննարկում է հաղորդմանը մասնակցող երեք հայտնի լրագրողների` Քրիստոֆ Բարբիեի, Ֆրանս Օլիվիե Ժիսբերի և Լորան Ժոֆրանի հետ, որոնք նշում են, որ Ադրբեջանում տիրող իրավիճակը` մարդու իրավունքների խախտումները, կոռուպցիան, նոր երևույթներ չեն, և որ բոլորն են այդ մասին խոսում: Նրանցից Քրիստոֆ Բարբիեն, նշում է, որ սխալ կլիներ բոյկոտել «Եվրատեսիլը», այլ Ֆրանսիան պետք է ավելի ակտիվորեն մասնակցի «Եվրատեսիլին», քանի որ միայն դա կարող է ողջ Եվրոպայի ուշադրությունը կենտրոնացնել Ադրբեջանում առկա խնդիրների վրա: «Բաքվում անցկացվող մրցույթը շատ ծիծաղելի էր: Թեև մենք նավթ չունենք, սակայն ունենք ժողովրդավարություն», - եզրափակում է Բարբիեն:

No comments: