Panorama.am. 1-6-2012- «Window on Heartland» լրատվական-վերլուծական կայքը Ադրբեջանի ռազմածովային ուժերը դիտարկել է Կասպից ծովում զարգացող սպառազինությունների մրցավազքի համատեքստում: Մասնավորապես նշվում է. «Խորհրդային միության փլուզումից հետո՝ 1992-ի հուլիսին ստեղծված Ադրբեջանի Նավատորմը համարվում է 2-րդ ամենազորեղը Կասպից ծովում՝ ռուսականից հետո: Ժամանակին Մոսկվայի և Թեհրանի միջև խաղաղ ձևով բաժանված լճում տեղի ունեցող սպառազինությունների մրցավազքը ստիպում է Ադրբեջանին բարելավել իր նավատորմի վիճակը՝ աշխարհի՝ աշխարհաքաղաքականորեն ամենակարևոր տարածաշրջաններից մեկում: Անցած ամիս Ադրբեջանը տակտիկական զորավարժություններ անցկացրեց Կասպից ծովի իր հատվածում՝ «Գազի և նավթի հանքերի, պլատֆորմների և արտահանման խողովակների պաշտպանությունը» խորագրով, որին մասնակցեցին 1200 զինվորական, 21 նավ, 20 արագընթաց նավակ, ինչպես նաև՝ 8 ուղղաթիռ»,- գրված է վերլուծականում: Վերջերս Ռուսաստանը հրետանային նավ էր կառուցել՝ «Մախաչկալա», Ղազախստանն էլ հաջողությամբ թողարկել էր առաջին ռազմանավը՝ «Ղազախստանը»: Սակայն հիմնական պոտենցիալ սպառնալիքը Ադրբեջանի համար հարավից է` Իրանից: Իրանը Հայաստանի դաշնակիցն է, Իսկ Հայաստանի հետ Ադրբեջանը երկարամյա հակամարտության մեջ է*` Լեռնային Ղարաբաղի շուրջ»: Բաքվում գտնվող Խորհրդային Միության Կասպիական նավատորմիղից մնացածի հիման վրա ստեղծված Ադրբեջանական ռազմածովային նավատորմը ներկայում 2500 հոգուց բաղկացած անձնակազմ ունի, 39 ռազմանավ, այդ թվում 1՝ «Պետյա» դասի պարեկային նավ, 7 այլ պարեկային նավ, 7 ականազերծող նավ, 6 դեսանտային նավ, 2 դեսանտային նավակ, 1 հատուկ նպատակների ռազմանավ, 1 հատուկ նպատակների մոտորանավակ և Թուրքիայից ու ԱՄՆ-ից ձեռք բերված այլ պարեկային նավեր ու նավակներ: Վաշինգտոնը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի Ռազմածովային ուժերի ստեղծման հարցում՝ տրամադրելով որոշ պարեկային նավեր ու ուսումնական դասընթացներ անցկացնելով ադրբեջանցի ծովայինների հատուկ ուժերի ստորաբաժանումների հետ: «Արևմուտքի և Թեհրանի միջև պատերազմի դեպքում Ադրբեջանը փաստացի կարող է անհանգստացել Իրանին հյուսիսից՝ կոալիցիոն ուժերին ռազմական և լոգիստիկ աջակցություն տրամադրելով: Սակայն Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի աշխարհաքաղաքական կապերը հավանաբար բավարար կլինեն Բաքվի` հակամարտության մեջ ներգրավվելը զսպելու համար: Այլապես, նույնիսկ Ադրբեջանի ռազմածովային ուժերը կարող են բավարար չլինել, որպեսզի Բաքուն խուսափի Սաակաշվիլիի Վրաստանի ճակատագրից մի տարածքում, որը, ի վերջո, դեռ ռուսական լիճ է», - եզրափակում է Window on Heartland-ը: *Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա: Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment