
Tert.am. 6-7-2012- Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը անդրադարձել է Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Քեմալ Չիչեքը հայտարարությանը` «հայկական ոսկիների տեղը բացահայտելու» մասին: Չիչեքը վերջերս հրապարակած հոդվածում գրել էր, որ հայերը իրենց պատկանած 5 մլն թուրքական ոսկին պետք է պահանջեն ոչ թե Թուրքիայից, այլ անգլիական և գերմանական բանկերից, քանի որ նրանք բռնագրավել են դրանք:
Աքչամն ի պատասխան հայտարարել է, որ Չիչեքի «սենսացիոն բացահայտումն» ամենևին էլ բացահայտում չէ: Նա տարօրինակ և անհիմն է համարել վաղուց հայտնի տեղեկությունը որպես սենսացիա մեջտեղ բերելը: «Արդյոք այդ շրջանում հայերից բռնագրավված ոսկիներն ու գույքը հայերին վերադարձվե՞լ է, թե ոչ»,- հարցրել է նա: Նա Չիչեքի հոդվածն անլուրջ է համարել, քանի որ վաղուց և բազմիցս գրվել է այն մասին, որ Ստամբուլից այդ գումարները Բեռլին են փոխանցվել: «Չիչեքի այս խոսքերը, սակայն, վկայում են այն մասին, որ 1 մլն հայի գույք է բռնագրավվել և դրա դիմաց փոխհատուցում տալ է պետք: Հետևաբար այդ կերպ նա հաստատել է, որ փոխհատուցման խնդիր կա: Քեմալ Չիչեքին կարող ենք ասել` ընդունենք, որ այդ ոսկիները հայերին են պատկանում և դրանք վերադարձնել է պետք: Այդ դեպքում ինչո՞ւ միայն անգլիացիների բռնագրաված գումարը պետք է վերադարձնենք: Արդյոք անհրաժեշտ չէ՞ ամբողջը փոխհատուցել: Դա բացահայտ խոստովանություն էր, որ հայերին փոխհատուցելու բան ունենք: Դա նաև ապացույց էր, որ մինչև հիմա հայերին ոչինչ չենք տվել:Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը պաշտպանելու համար Չիչեքը և Թուրքիայի պատմագիտական ընկերությունը ստերով լվացել են մեր ուղեղը»,- ասել է Աքչամը: Քեմալ Չիչեքն իր հոդվածում գրել էր, որ հայերի սեփականության վաճառքից գոյացած գումարը` շուրջ 5 մլն օսմանյան ոսկի, որը ներկայիս հաշվարկով կազմում է 1 միլիարդ 300 մլն ֆունտ, երիտթուրքերի պարագլուխները փոխանցել են անգլիական և գերմանական բանկերին: «Առաջին աշխարհամարտից հետո, երբ Օսմանյան կայսրությունն ու նրա դաշնակից Գերմանիան պարտված դուրս եկան, հայերի ոսկիները փոխանցվել են պատերազմում հաղթած Անգլիային, Ֆրանսիային` որպես ռազմական տուգանք»,- գրել էր նա: Չիչեքը նաև կոչ էր արել հատկապես փոխհատուցում պահանջող հայկական սփյուռքին այդ գումարը պահանջել հենց Անգլիայից:
No comments:
Post a Comment