Wednesday, September 5, 2012

Ադրբեջանական ժողովուրդը հայտնվել է խայտառակ վիճակում. Սարդար Ջալալօղլու

Panorama.am. 5-9-2012- Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սարդար Ջալալօղլուն
հայտարարել է, որ ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելուց հետո ներում շնորհելն ու ազատ արձակելը մեծ վնաս կհասցնի Ադրբեջանի իշխանությանն ու պետությանը: Gafgazinfo-ի հետ զրույցում Ջալալօղլուն քննադատել է ադրբեջանական իշխանություններին Ադրբեջանին վնաս բերած արտահանձնման գործարքը 3 մլրդ դոլարով գլուխ բերելու համար: Դեմկուսի առաջնորդն ընդգծել է, որ Ադրբեջան արտահանձնված Սաֆարովի պատժաչափը ադրբեջանական օրենսդրությամբ մինչև 30 տարի չէր կարող վերանայվել: Նրա խոսքով` Սաֆարովին ներում շնորհելն ու ազատ արձակելը կամայականություն է: «Եթե իշխանություններն այդքան հեշտությամբ կարող են ներում շնորհել Սաֆարովի նման ցմահ բանտարկյալներին, ապա ինչու դա չեն անում ադրբեջանական բանտերում գտնվող անգամ ավելի թեթև պատիժ կրող մյուս բանտարկյալների նկատմամբ: Նշանակում է` Սաֆարովի ազատ արձակումը զուտ քաղաքական որոշում է և ծառայում է Ադրբեջանի ներկայիս իշխանությանը: Ինչպես երևում է, այս ժողովուրդը իսկական հերոսի կարիք չունի: Ղաչաղ Նաբիի, Քոռօղլուի և Սաֆարովի նման հերոսները մեզ հասցրել են այս խայտառակ օրվան: Ինչպե՞ս կարելի է գիշերը քնած մարդուն սպանողին հերոս հռչակել: Մահացած իսկական հերոսները իշխանություններին ծառայություն անելու հնարավորություն չունեն, իսկ Սաֆարովը դա կարող է անել: Սա այն իշխանությունն է, որի օրոք կմեծանար ադրբեջանական ժողովրդի 6000-ից ավելի կանայք մարմնավաճառությամբ են զբաղվում Դուբայում: Սաֆարովի ազատ արձակումը ծառայում է միայն Իլհամ Ալիևին, ով պատրաստվում է առաջիկա նախագահական ընտրություններին: Նման մտածելակերպով Ադրբեջանի ժողովուրդը երբեք ժողովուրդ և պետություն չի կարող դառնալ: Եթե դու կարծում ես, որ հերոսությունը գիշերը քնած մարդուն սպանելն է, ապա պատերազմ լինելու դեպքում` Ադրբեջանի ոչ մի որդի զենք չի վերցնի և չի գնա պատերազմ, որովհետև նա գտնում է, որ հերոսությունը որևէ մեկին գիշերը քնած ժամանակ սպանելն է: Ադրբեջանական ժողովուրդը հայտնվել է խայտառակ վիճակում: Աշխարհում Ադրբեջանի դեմ շատ լուրջ նեգատիվ կարծիք է ստեղծվում: Ադրբեջանի նկատմամբ շատ լուրջ ճնշումներ են արվելու: Ռամիլ Սաֆարովի ազատ արձակվելուց ոչ ինքը, ոչ ժողովուրդը, ոչ էլ պետությունը չեն շահելու, միայն կորցնելու են», -եզրափակել է Ջալալօղլուն:

No comments: