Tuesday, September 25, 2012

Թուրքիայում հայ բառը համարժեք է շանը

«Լրագիր» 25-9-2012- Դիարբեքիրում «Ընդլայնելով երկխոսության շրջանակները. Հայ- թուրքական հարաբերությունների այս պահին» կլոր-սեղանի շրջանակներում քննարկվել է Թուրքիայում խոսքի ազատության, ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդուժողականության խնդիրները: Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակից, գրող, հրապարակախոս Շեյմուզ Դիքենը, խոսելով ցեղասպանությունից, նշել է, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության եթե վկաներն էլ չենք, գոնե պատմության վկաներն ենք: Նա ասել է, որ պետք չէ ուշադրություն դարձնել արձանագրություններին, այս պահին պետք է կենտրոնանալ քաղաքացիական հասարակության վրա, համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որոնք էլ իրենց չափով կարող են ազդեցություն ունենալ և բարձրաձայնել խնդիրները: Խոսելով Թուրքիայում խոսքի ազատության մասին`«Յենի Շաֆակ» թերթի սյունակագիր Հիլալ Կապլանը նշել է, որ խոսքի ազատությունն անհրաժեշտ է մարդուն իր խոսքն ազատորեն արտահայտելու համար, սակայն նշել է, որ աշխարհում անսահմանափակ խոսքի ազատություն, այնուամենայնիվ, չկա: Սակայն նա նշել է, որ ցեղասպանություն բառն այսօր շատերը Թուրքիայում ասում են ազատորեն: Նա օրինակ է բերել վերջերս Հասան Ջեմալի ցեղասպանության նվիրված գիրքը, ասել, որ այս առումով երկար ճանապարհ են անցել: Սյունակագիրն անդրադարձել է Թուրքիայում արտահայտման ազատություններին` որպես խոչընդոտ վկայակոչելով Սահմանադրության մեջ այն հոդվածը, որը դատավորներին մեծ հնարավորություն է տալիս ըստ ցանկության մեկնաբանել ատելության կամ թշնամանքի տարածում արտահայտությունները. դատավորի որոշումը կարող է լինել շատ սուբյեկտիվ: Նա նշել է, որ հայ բառը Թուրքիայում որպես հայհոյանք է օգտագործվում, հատկապես տարածված է հայի վաստակ արտահայտությունը, այսպես դիմում են նրան, ում արյան մեջ հայի արյուն կա, կամ` ամենալավ քուրդը մահացած քուրդն է արտահայտությունները: Հիլալ Կապլանին էլ Թուրքիայում ասում են հայամետ, հայասեր, քրդամետ, քանի որ որոշ իրականություններ է բարձրաձայնում, որոշ կետերում պաշտոնական գաղափարախոսության դեմ է գնում, և երբ շեղվում ես պաշտոնական դիրքորոշումից, դու սատանայականացվում ես: Դուրդե ՀԿ ներկայացուցիչ Չենգիզ Ալգանն անդրադարձել է Հրանտ Դինքի սպանությունից առաջ Թուրքիայում ԶԼՄ-ների իրավիճակին: Ըստ նրա`ԶԼՄ-ներն էլ նախապատրաստել են Հրանտ Դինքի սպանությունը, քանի որ այդ ժամանակ «Այս հային նայեք, թե ինչ է ասում», «Կամ սիրիր, կամ հեռացիր» արտահայտություններով խորագրեր էին զետեղվում թերթերում: Ըստ նրա` ատելության հողի վրա ոճրագործություններ դրդողները ԶԼՄ-ներում առկա հոդվածներն են, որոնք էլ ատելության մթնոլորտ են ստեղծում: Նա նշել է, որ հայ բառը Թուրքիայում համարժեք է շուն բառին, թերթում նման վերնագրեր են ընտրվում: Այսպիսով, ըստ նրա` քաղաքական գործիչները և ԶԼՄ-ներն են մեսիջ ուղարկում ոճրագործներին: Բացի այս, նրա խոսքով, հայերին և քրդերին երբեմն նույնացնում են: Փաստորեն, հայերի նկատմամբ լուրջ ատելության պատգամը կա հանրապետական բոլոր թերթերում: Իհարկե, նա նշել է, որ 2007 թվականից` Հրանտ Դինքի մահից հետ փոքր- ինչ պակասել են նման արտահայտությունները:

No comments: